Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ



ՍԱՐԳԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Սարգիս Միքայելյանին ծանոթացա, երբ դեռեւս նոր էի նշանակվել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր:

Աշխատասենյակ մտավ զվարթ դեմքով տարաշխարհիկ մի տղա եւ ասաց, որ բանաստեղծություններ է բերել: Ասացի` դիմեք պոեզիայի բաժնի վարիչին, ասաց` չէ, շե՛ֆ ջան, ուզում եմ, որ Դուք կարդաք:

Խոսքն ու վարմունքն այնքան անբռնազբոսիկ էին ու անկեղծ, որ ծիծաղելով ասացի` տուր, տեսնեմ: Բանաստեղծությունները ձեռագիր էին: Մասնագիտությանս բերումով բազմաթիվ ձեռագրեր էի կարդացել եւ հեշտությամբ իր գիրն էլ կարդացի:

Հիմա լավ չեմ հիշում երկու, թե երեք բանաստեղծություն ընտրեցի: Այնուհետեւ դրանք տպվեցին «Գարուն»-ում:

Ավելի ուշ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, հետո պատերազմը, եւ Սարգիս Միքայելյան դերասանը, ռեժիսորն ու բանաստեղծն անհետացավ տեսադաշտից:

Պարզվեց՝ կամավոր գնացել է կռվելու:

Պատերազմն ավարտվեց, եւ վերադարձավ նաեւ Սարգիս Միքայելյանը` երկու, թե երեք անգամ ուղեղի ցնցում ստացած եւ կոնքոսկրի ծանր վիրահատություն տարած: Երեւի նոր էր ոտքի կանգնել, երբ դարձյալ եկավ «Գարուն»: Ասաց` ամերիկացիները կոնքիս ոսկորը փոխել են, հարյուր ութսուն գրամ պլատին են դրել: Հետո ծիծաղեց ու շարունակեց` երեկ գնացի բժշկի ու ասացի` միգուցե հանե՞նք պլատինը, ափսոս է, համ էլ փող չունեմ: Իսկ բժիշկն ասաց` պլատինը հանելու համար յոթ հազար դոլար արժողությամբ վիրահատություն է պետք, չարժի: Այնպես որ՝ պլատինի հետ գնա տուն:

Հետո Սարգիս Միքայելյանի հետ աշխատեցինք «Ար» հեռուստաընկերությունում. «Խուժան ալիքն» էր վարում:

Ճանաչեցի նրան որպես դերասան, ռեժիսոր, բայց մոռացել էի, որ նաեւ բանաստեղծություններ է գրում:

Եվ բոլորովին վերջերս նորից հայտնվում է Սարգիսը, այս անգամ արդեն «Անդին» ամսագրում, բանաստեղծությունների ժողովածուն ձեռքին եւ խնդրում, որ ես կարդամ ու խմբագրեմ:

Ես իհարկե սիրով կարդացի հին ընկերոջս ձեռագիրը, բայց առանձնապես խմբագրելու բան չգտա, քանի որ գրքում այնքան կյանք կար, որը գալիս էր կյանքից, ոչ թե գրականությունից: Ուստի ես աշխատեցի չմիջամտել…Հիմա՝ որպես գրքի առաջին ընթերցող, առաջարկում եմ` կարդացեք այս հետաքրքիր գիրքը, որը հետաքրքիր կյանք ապրած մարդու` մեր խելառ, մեր Սարգիս Միքայելյանի եւ նրա ճակատագրի վավերագրությունն է: Կրկնում եմ` կարդացե՛ք այս գիրքը:

Մերուժան Տեր-Գուլանյան

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ

Ով հայրենիքի բազում քարերին

Ամուր խոնարհվում

Ու ընկնում է ցած,

Հայրենի հողը դառնում է պատան

Ու գրկում նրանց,

Նվիրյալները դառնում են հերոս

Երգվելու համար,

Ու հիշատակվում միայն տոներին

Իրենց նվիրված:

Օ՜, ԱԶԱՏ ՄԱՐՏԻԿ

Օ՜, ազատ մարտիկ,

Դու, որ ցանկացար քո շղթան փոխել,

Փոխել ու կրել թեւեր ճախրանքի,

Քեզ քարկոծեցին, բայց դու դիմացար,

Տանջեցին անվեր` մնացիր կանգուն,

Քեզ կաշառեցին` չվաճառվեցիր,

Քեզ համոզեցին` չհամոզվեցիր,

Քեզ աղերսեցին, իսկ դու ժպտացիր:

Բարբարոսները անճար լինելով, քեզ սպանեցին…

Օ՜, ազատ մարտիկ,

Դու ընկար լռին,

Բայց ճախրեց դեպ վեր քո անեղծ հոգին,

Գամվեց ժայռերին, գգվեց աստղերին

Ու նորից ճախրեց ու խռնվեցավ այն հոգիներին

Ում մարմինն էլ էր

Օ՜, ազատ մարտիկ…

***

Աստվածնե՛ր, ինչպե՞ս եւ ում բողոքեմ,

Ում դեմ մեղանչեմ ես նրանց համար,

Ումի՞ց պահանջեմ իմ ընկերներին.

Իմ ընկերներին` մարտերում ընկած:

Ի՜նչ դառը սերմ ես դու, ազատությո՛ւն,

Օ՜, ինչ դժվար է հասնել քեզ, գգվել:

Արդո՞ք քաղցր են պտուղները քո

Դիակներով լի ճամփեքից հետո:

Մենք ելանք շատով,

Բայց ընկերներս ճամփեքիդ ընկան…

Գուցե ե՞ս էլ մի արահետ գրկեմ

Ու հավերժանամ նորից ճամփեքիդ:

Իմ ընկերները, որ անկախության համար են կռվել,

Որ ազատության ճամփին են գամվել ու չեն պարտվել,

Մահն են գրկել, բայց չեն նահանջել:

Իմ ընկերները քո ճանապարհին այսպես են եղել:

***

Ո՞Ւմ համար լամ,

Ո՞Ւմ համար խնդամ,

Ո՞ր մեկիդ ասեմ` ափսո՜ս,

Որի՞դ հետ փորձեմ կիսվել:

Հաղթական հույսի երազն աչքերում

Հեռացաք մեզնից հաղթանակներով՝

Թողնելով մեզ հետ հույզեր ու կորով,

Արցունք ու ծիծաղ,

Ցնծություն ու վիշտ

Մեզ նվիրելով:

Սուրբ շիրիմներդ դարձել են ահա

Սուրբ հրեշտակների հավաքատեղի,

Ու պատմությունը լռում է հիմա՝

Դառնալով աղոթք, հող ու հայրենի:

Որի՞դ հետ կիսվեմ

Եվ ո՞ւմ հետ հիշեմ անցյալը դժվար,

Եվ որի՞դ լսեմ,

Միայնակ, ձեր մեջ իբրեւ խելագար:

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


16/07/2015