Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԼԻՑՔԱԹԱՓՈՒՄ ԵՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԼԻՑՔԱԹԱՓՈՒՄ ԵՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Եմենում Սաուդյան Արաբիայի և Իրանի փաստացի մասնակցությամբ քաղաքացիական պատերազմի ուժգնացումը անուղղակի ներգործում է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի վրա: 2013 թվականից առաջին անգամ Ռուսաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչը շարունակվող Ուկրաինական ճգնաժամի պարագայում լրջագույն ազդակ է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վերալիցքավորում է նշմարվում:

Մայիսի 13-14-ը Անթալիայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Թեև այն եզրափակվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին ավանդական դարձած հայտարարություններով, բայց այս անգամ նման շեշտադրումներն ավելի փափուկ էին, քան Ուելսում 2014 թվականի գագաթնաժողովի ժամանակ հնչեցրածները: Միջոցառումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Սոչի և նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ դարձավ իրական անակնկալ, որը կարող է բերել երկու կողմերի միջև հարաբերություններում սուր անկյունների թեթևակի մեղմացման: Հանդիպման ավարտից հետո արդեն ամերիկյան շատ լրատվամիջոցներ, ինչպես նաև պաշտոնյաներ, սուր քննադատություն հնչեցրին Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրի հարավ-արևելքում զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու վերաբերյալ, ավելին՝ նյութեր հրապարակեցին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի կոռուպցիոն մի քանի գործարքների վերաբերյալ: Բավական կոշտ էր պետքարտուղարի ելույթը Անթալիայում, որտեղ նա Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները և խստագույնս հետևել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին: Եթե համեմատենք ԱՄՆ պետքարտուղարության և պաշտոնական ներկայացուցիչների նախորդ հայտարարությունները, ապա կարելի է նկատել, որ Ռուսաստանի հասցեին հնչող ուղղակի մեղադրանք այլևս չկա: Միաժամանակ, նույն օրերին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները պաշտոնապես հայտարարեցին, որ չեն բացառում երկրամասի վերադարձը Ուկրաինայի կազմ, եթե էապես փոփոխության ենթարկվի պետության սահմանադրությունը, ինչն էլ կարելի է ընկալել որպես Վաշինգտոնին ուղղված Մոսկվայի բարիդրացիական քայլ:

Կարելի է արձանագրել նաև, որ Միացյալ Նահանգները փոխում է իր մարտավարությունը: Միաժամանակ այդ քաղաքականությունը դառնում է ըմբռնելի, եթե հայացք ենք նետում Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակին և ԱՄՆ դիրքերին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորումն այսօր դառնում է լրջագույն սպառնալիք ամբողջ տարածաշրջանի և քաղաքակիրթ աշխարհի համար: Իսլամիզմի դրոշի տակ համախմբված ավազակաբարո ահաբեկչական կառույցի քրեածին տարրերը, Սաուդյան Արաբիայի ֆինանսավորմամբ, սպանդի են ենթարկում ոչ միայն Սիրիայի և Իրաքի քրիստոնյա, եզդի և հրեա բնակչությանը, այլ նաև՝ շիա և այլադավան մահմեդականներին: Սիրիայում 4 տարի անընդմեջ պատերազմի հետևանքով արյունաքամ եղած պետական բանակն արդեն չի կարող դիմակայել արյունարբու այս ոսոխին և կենտրոնացել է միայն պաշտպանական երեք շրջաններում, որոնց մեջ, ցավոք, ներառված չէ Հալեպը, ինչն էլ լրջագույն սպառնալիք է քաղաքում դեռ մնացած 20 հազար հայերի համար, որոնց տարհանման ուղղությամբ ՀՀ իշխանությունները լուրջ միջոցներ են ձեռնարկում:

Եմենյան ճգնաժամը ցույց տվեց, որ ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի միջև նկատելի են լուրջ տարաձայնություններ: Եթե նախկինում Վաշինգտոնը կարող էր հանդուրժել Ռիադի սանձարձակությունները, ապա այսօր արդեն փորձում է համագործակցության եզրեր գտնել Թեհրանի հետ, որպեսզի վերջինիս միջոցով պահի ուժերի հավասարակշռությունը Եմենում, որտեղ Սաուդյան Արաբիան սատարում է Ալ-Քաիդայի խմբավորումների վրա հենվող կառավարությանը՝ ընդդեմ տեղացի շիաների:

Եթե ժամանակին Արևմուտքը ջանքեր չէր խնայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու համար, ապա հիմա Վաշինգտոնը փորձում է փրկել Ասադին` Մոսկվայի և Թեհրանի միջոցով: Եվ «Իսլամական պետության» դեմ այս պայքարին միացավ ԱՄՆ-ի երբեմնի թիրախ՝ աֆղանական «Թալիբան» խմբավորումը, որը նույնպես լինելով իսլամիստ ծայրահեղականների կազմակերպություն, փաստացի կանգնեցրեց ԻՊ տարածումը Աֆղանստանում՝ ներքաշվելով նույնիսկ լուրջ մարտական գործողությունների մեջ:

Այսօր առավել քան երբեւէ Ռուսաստանը միջազգային քաղաքականության ասպարեզում ընկալվում է որպես մերձավորարևելյան խոշորագույն խաղացող, և հենց դրա շնորհիվ է, որ նախկին ԽՍՀՄ տարածքներում իրավիճակը միտված է լրջագույն փոփոխությունների, եւ ՆԱՏՕ-ն փոխեց իր երբեմնի ռազմատենչ հռետորաբանությունը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հարցում: Ուստի բնական է, որ ներքաղաքական իրավիճակի փոփոխությունները կարող են նպաստել Եվրասիական տնտեսական միությանը միջինասիական բոլոր հանրապետությունների միանալուն:

Իրավիճակի որոշակի լիցքաթափում սպասելի է նաև ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, քանի որ Բաքուն այլևս չի կարողանա խաղալ գերտերությունների տարաձայնությունների վրա և օգտվել իրավիճակից:

Այսպիսով՝ եմենյան ճգնաժամը որոշակիորեն լիցքաթափեց միջազգային իրավիճակը և վերափոխեց աշխարհաքաղաքական հիմնական բևեռների ազդեցության շառավիղը, բայց թե ի՞նչ աստիճանի ՝ ցույց կտա ժամանակը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ