Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՈՒՆ Ի՛Մ, ՄԵ՛Ր, ՀԱՄԱ՛ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
ՀԱՆՈՒՆ Ի՛Մ, ՄԵ՛Ր, ՀԱՄԱ՛ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանի հետ դիրքերից իջնելիս եղանք տարբեր ստորաբաժանումներում, զրուցեցինք զինվորների, սերժանտների, սպաների հետ: Ամենուր զգացվում էր զինծառայողների լավ տրամադրությունը, բարոյահոգեբանական բարձր վիճակը:

-Հաճախ ենք անցկացնում սպայական, ենթասպայական, սերժանտական ժողովներ: Մշտապես քննարկում և վերլուծում ենք տեղի ունեցած դեպքերը, լսում ենք, հաշվի առնում նոր առաջարկություններ, և այս ամենը արվում է, որ նույն սխալները և առավել ևս` նոր սխալներ թույլ չտրվեն: Սահմաններում մարտական հենակետեր պահող զորամասերում առաջնային խնդիրներից է` հաստատել զինվորների կայուն, ջերմ փոխհարաբերությունները, փոխըմբռնումը և միմյանց նկատմամբ լիակատար վստահությունը,- ասում է մայոր Վ. Ստեփանյանը:

Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ զինծառայողների հոգեւոր դաստիարակությանը:

Խաչքար-հուշարձանը, որը կառուցվել է Տավուշի ազատամարտիկների պատվին, դարձել է հատուկ հավաքատեղի: Հոգևոր սպասավորի հետ զինծառայողները մշտապես զրուցում են հայոց պատմությունից, մեր հոգևոր ու աշխարհիկ զավակներից, որոնց հայրենանվիրումով անաղարտ մեզ է հասել մեր հավատը և ավելի ամրացրել մեր պարտքի զգացողությունը հայրենիքի հանդեպ:

Գրիգոր սարկավագ Նաջարյանը ծնունդով Գավառի Ծովազարդ գյուղից է: Գյուղի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, որն էլ 2013թ. ավարտելով, հոգեւոր ծառայությունը շարունակել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: Վեհափառ Հայրապետի օրհնանքով ծառայության է նշանակվել սահմանային զորամասում: Զինվորները մեծ ուշադրությամբ լսում են հոգևոր սպասավորին և նրան դիմում տարբեր հարցերով:

-Հոգևոր վիճակը սահմանապահ դիրքերում, ի տարբերություն թիկունքի զորամասերի, շեշտված տարբերություն ունի, և ինչպես հոգևորականը, այնպես էլ զինվորը, պետք է հավատ և վստահություն ունենա: Հոգևոր խոսքը կրկնապատկում, եռապատկում է զինվորի ֆիզիկական և հոգևոր կարողությունները: Ես դա զգացել եմ իմ ծառայության առաջին իսկ օրից: Աղոթքով զորացած զինվորը թեթևացած հոգով, ամուր հավատով է բարձրանում դիրքեր, և պատասխանատվության մեծ զգացումով է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները,- ասում է Գրիգոր սարկավագը:

-Իսկ Տերունական աղոթքից հետո հնչում է մարտական հերթապահության ստանձնման արարողակարգի երդումը.

«Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել անձնվիրաբար: Պարտավոր եմ սրբորեն կրել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը` լինել զգոն, պատվով կատարել որդիական պարտքս հայրենիքիս, եկեղեցուս, ընտանիքիս, զինակից ընկերներիս հանդեպ` հրամանատարներիս սերը, հարգանքն ու պատիվը վաստակելու համար: Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով միշտ պատրաստ եմ մարտի հանուն իմ, մեր, համայն Հայաստանի ապագայի: Երդվում եմ…»

-Տերունական աղոթքից և այս երդումից հետո հնարավո՞ր է կասեցնել դեպի թշնամին «սուրացող» հայ զինվորին,- այս խոսքերով զրույցը եզրափակեց մայոր Վ. Ստեփանյանը:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ