Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԶՈՒ-ՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ

Ավելի քան 3,5 հազար մարդ և 300 միավոր տեխնիկա էր մասնակցում Օրենբուրգի հրթիռային զորքերի ռազմավարական ասոցիացիայի զորավարժանքներին. «Համաձայն ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի նախապատրաստման ծրագրի՝ 2015 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևի հրամանատարությամբ անցկացվեցին Օրենբուրգի հրթիռային միության ռազմական ստորաբաժանումների և կազմավորումների ուսուցում»- տեղեկացրել է տեղեկատվական ՏԱՍՍ ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Եգորովը: Ըստ նրա՝ զորավարժությունների ընթացքում մշակվեցին ստորաբաժանումների և կազմավորումների դաշտային շրջաններից շտապ դուրսբերման, արտակարգ իրավիճակներում առաջադրանքների իրականացման ծրագրերը: Հայտնի է դարձել, որ Օրենբուրգի հրթիռային զորքերի ռազմավարական ասոցիացիան սկսել է համալիր ստուգում, որը տևել է մինչև ապրիլի 11-ը:

ՏԱՋԻԿՍՏԱՆ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Տաջիկստանի այն վայրերում, որտեղ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղակայված էին զինվորական ճակատամերձ հիվանդանոցներ (այստեղ բուժվել են տասնյակ հազարավոր ծանր վիրավոր կարմիրբանակայիններ), կտեղակայվեն հուշատախտակներ: Գործընթացը կազմակերպելուն օգնում է «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – 2015» հուշահամալիրների որոնողական խմբի կողմից վերականգնվող քարտեզը: «Ոչ բոլորը գիտեն, որ պատերազմի ընթացքում միայն Դուշանբեում տեղակայված էր 22 տարհանվող (էվակուացիոն) հիվանդանոց: Տաջիկստան էին տեղափոխում առավել ծանր վիրավորներին, երբեմն` անհույս վիճակում, վստահ, որ բժիշկների արհեստավարժության և հանրապետության մերձարևադարձային կլիմայի շնորհիվ հնարավոր կլինի նրանց շուտափույթ ապաքինումը»,- նշել է հուշահամալիրների որոնման խմբի ղեկավար Գաֆուր Շերմատովը: Ըստ նրա՝ որոշ շինությունների վրա նախկինում տեղադրված են եղել հուշատախտակներ, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում անհետացել է: «Մեր խումբը որոշել է վերականգնել հուշատախտակները, որպեսզի Դուշանբեի բոլոր բնակիչներն ու հյուրերը տեղյակ լինեն բուժաշխատողների, այդ թվում՝ տաջիկ բժիշկների անձնուրացության մասին»,- ասել է Շերմատովը:
ՂԱԶԱԽՍՏԱՆ

ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում անցկացվել է Ղազախստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների երկկողմ հանդիպում: Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են «Տանկային բիաթլոն-2015» միջազգային առաջնության նախապատրաստման համար տանկային անձնակազմերի համատեղ ուսուցմանը նվիրված հարցեր: Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել Ղազախստանի տարածքում ընթացիկ տարվա հունիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի չորս տանկային անձնակազմերի և Չինաստանի տարածքում Ղազախստանի զինված ուժերի չորս տանկային անձնակազմերի նախապատրաստում անցկացնելու մասին: Զորավարժությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին հնարավորություն կտան ծանոթանալու Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի տանկային անձնակազմերի ուսուցման մեթոդաբանությանը:

Երկու երկրների անձնակազմերի մասնակցությամբ նման զորավարժություններ կանցկացվեն նաև Հնդկաստանում: Այդ նպատակով հնդկական կողմը մայիսին կժամանի Ղազախստան: Հարկ է նշել, որ տանկային բիաթլոնի առաջին միջազգային մրցույթներն անցկացվել են 2013 թվականին Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի տանկային անձնակազմերը: Ղազախստանի թիմը մրցույթների ժամանակ գրավել է երկրորդ տեղը, 2014 թվականին նույնպես անձնակազմը եղել է երկրորդը:

ՂՐՂԸԶՍՏԱՆ
ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՐԹ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Ղրղըզստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մտադիր է ներդնել էլեկտրոնային հերթ բնակարանի համար: Այդ մասին խորհրդարանական հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստում հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Զամիր Սուերկուլովը: Ըստ նրա՝ էլեկտրոնային հերթագրումը կբացառի «անձնական գործոնի» դերակատարությունն այդ հարցում: Սուերկուլովը հույս է հայտնել, որ էլեկտրոնային տվյալների բազայի օգտագործումը հնարավորություն կտա վերացնելու կոռուպցիոն ռիսկերը: Նախկինում նա նշել էր, որ կոռուպցիոն ռիսկերի առավել ենթակա են զինկոմիսարիատները:

Թարգմանեց
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ