Հայերեն | На русском | In English
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի եւ Ռուզաննա Կրպեյանի (Թաթուլ Կրպեյանի քույրը) հետ Ստեփանակերտում հյուրընկալվեցինք Արա Ավանեսյանի քրոջ՝ Կարինեի տանը: Ամուսինը հրաշալի, կիրթ, Արցախյան ազատամարտին իր ավանդը բերած եւ նաեւ անչափ հյուրասեր մարդ էր, – պատմում է ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանը: -Սենյակում դրված էր Արայի մեծադիր լուսանկարը՝ կողքին գեղեցիկ մի մեծ փայտե խաչ: Արա Ավանեսյանը ծնվել է Մարտունու Ճարտար գյուղում, քույրը՝ Կարինեն, դասախոսում է Ստեփանակերտի պետական համալսարանում: Արայի քույրը՝ Կարինեն, պատմեց, որ եղբոր զոհվելուց հետո, – թաշկինակն աչքերին տանելով հուզված շարունակում է պատմությունը տիկին Սաթենիկը,- մայրը Ճարտարից ամեն անգամ վեր է կենում ու ոտքով հասնում Ստեփանակերտ: «Զոհվածների ընտանիքներին օգնություն էին բաժանում, ու մայրս ամեն անգամ գալիս, հերթ էր կանգնում,- հայացքը եղբոր լուսանկարին` մեզ պատմեց քույրը` Կարինեն:
-Ու երբ կարդում էին եղբորս անունը եւ հանձնում էին օգնությունը` մայրս մի պահ հայացքը վեր էր բարձրացնում ու օգնության կապոցը ձեռքին, առանց իսկ նայելու, թե ինչ կա կապոցում, բերում-թողնում էր մեր տանն ու նորից բռնում ծննդավայրի` Ճարտարի ճամփան:
-Ա՛յ մեր, ինչո՞ւ ես էսքան ճամփան կտրում-գալիս, օգնությունն էլ թողնում ես մեր տանը: Դու մեղք չե՞ս, մենք կստանանք, էլ դու մի՛ արի,- ասում էինք մայրիկիս:
Իսկ մայրս չորացած արցունքների միջից ասում էր.
-Ինձ պետք չէ օգնությունը: Ուզում էի իմանալ, որդուս անունը կա՞, որդուս անունը կարդո՞ւմ են, հո չե՞ն մոռացել… որ չգնամ, որդուս անունը կհանեն, ինչ իմանաս՝ կկարդա՞ն, իսկ ես ուզում եմ լսել որդուս անունը…
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ