Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-23. ԳՐՔԵՐ, ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ»



Հունվարի 10-ից փետրվարի 9-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայոց բանակ-23. գրքեր, նամականիշներ» ցուցահանդեսը, որի նպատակն էր տպագիր նյութերի միջոցով ճանաչելի դարձնել Հայոց բանակն ու նրա անցած ուղին:

«Հայոց բանակ» ցուցադրությունը խիստ ուսանելի էր: Ցուցադրության էին դրվել բանակաշինության, Արցախյան ազատամարտին նվիրված վերջին 23 տարիներին հրատարակված 130-ից ավելի գրքեր: Ցուցադրվում էին Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախկինում՝ ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի «Հայոց բանակ-10» գիրքը, Հայոց բանակի հիմնադիրներից՝ ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն» և նրան նվիրված «Եվ ժամանակն այս Վազգեն Սարգսյանի ժամանակ», «Վազգեն», «Սպարապետ» գրքերը, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքերը, «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը» գրքույկը:

Ցուցադրության դրված գրքերից շուրջ հարյուրը նվիրված էր Արցախյան ազատամարտին ու ազատամարտի մասնակից-մարտիկներին: Այստեղ առանցքային էր «Արցախյան ազատամարտ» հանրագիտարանը: Ներկայացված էին Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված տարբեր հեղինակների 4 գրքեր, Արցախի հերոս Սամվել Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները և նրան նվիրված երկու կենսագրական գրքեր: Գրքերում ներկայացված են առանձին ազատամարտիկների կենսագրություններ («Արթուրը. արծվի թռիչք էր նա», «Պետոն», «Ընկավ թռիչքի պահին», «Մերուժան», «Գրոհայինների հրամանատարը», «Գեղամ կամ ընդհատված թռիչք», «Միայնակ գայլը»):

Ցուցադրված էին Արցախյան ազատամարտում զոհված հայաստանաբնակ ազատամարտիկներին և զինվորներին նվիրված Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան» և Ստեփանակերտում հրատարակված Գալյա Առստամյանի «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար» գրքերը:

Ցուցադրված գրքերից Արցախյան գոյապայքարին էին նվիրված Անդրանիկ Արշակյանի «Արցախյան գոյապայքար. 1985-1992», Բակուր Կարապետյանի «Արցախյան գոյամարտի համահավաք» հինգ հատորները, Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի», Անահիտ Չիբուխչյանի «Դավթի վերադարձը», Մելանյա Պետրոսյանցի «Հատուկ գունդ», Սամվել Եղիազարյանի «Նվիրյալները», Ստեփանակերտում հրատարակված Սենոր Հասրաթյանի «Պաշտպանության բանակի պաշտպանական շրջանները Ղարաբաղյան պատերազմի գլխավոր ռազմագործողություններում» և «Մարտանցում. ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանի մարտական ուղու համառոտ պատմություն», Սիրվարդ Մարգարյանի «Մարտակերտ», Մհեր Հարությունյանի «Արցախյան պատերազմը և Շուշիի ազատագրումը» գրքերը: Այս շարքում էին Տիգրան Պետրոսյանցի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ» գրքերը, որոնցում ներկայացված են Արցախյան ազատամարտին մասնակցած բարձրաստիճան հայ սպաները և զորավարները:

Ցուցադրությունում էր 1992 թվականին Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված մահապարտների գնդին նվիրված «Մահապարտներ» գիրքը: Ներկայացված էին «Քայլենք, հպա՛րտ հայորդիներ» և ազատամարտի մասնակից, գնդապետ Արթուր Ալեքսանյանի «Սարն ի վեր» երգարանները:

Ցուցահանդեսի մաս էին կազմել Հայոց բանակին նվիրված նամականիշները, որոնք հավաքորդ Ռոբերտ Հակոբյանի հավաքածուից էին:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Ցուցադրվող գրքերը, նամականիշները թույլ են տալիս առավել մատչելի ձևով Հայոց բանակի մասին իրողությունները հասցնելու ամենալայն զանգվածներին՝ ընթերցող ուսանողներին, նրանցը դարձնելու իրենց պապերի, ծնողների հերոսության դրվագները և դրանով հայրենասիրության լիցք հաղորդելու նրանց և նպաստելու ռազմահայրենասիրական դաստիարակության գործին»:

Ցուցադրության 30 օրերի ընթացքում այցելուների թիվը անցել է 10 հազարից, որոնց մեջ են եղել ուսանողներ, դասախոսներ և այլք:

Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ
ավագ գրադարանավար

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Հոգևոր-մշակութային


19/02/2015