ԱՅՈ՛, ՄԵՆՔ ԱՅՆՏԵՂ ԵՆՔ, ՈՐՏԵՂ ՄԵՐ ՀՈԳԻՆ Է ԾՆՎԵԼ
Զրույց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ
-Պարոն Ամիրխանյան, ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպե՞ս է ստեղծվել Ձեր «Երազ իմ, երկիր հայրենի» երգը, որը հետագայում դարձավ հայոց բանակի հիմներգը:
-Երբ 1972 թվին ռեժիսոր Հենրիկ Մալյանը նկարահանում էր «Հայրիկ» ֆիլմը, ինձ առաջարկ արեց փնտրել մի հին ժողովրդական երգ, որը կարող էր դառնալ ֆիլմի գլխավոր երաժշտական թեման՝ մարմնավորելու հողի, տան, ընտանիքի, հայրենիքի հանդեպ նվիրական սիրո գաղափարը: Ես առաջարկեցի, երկար փնտրելու փոխարեն, փորձեմ ինքս, ի թիվս ֆիլմի մնացած երաժշտական կտորների, ստեղծել նման երաժշտական խորհրդանիշ: Եվ մինչ նկարահանման հրապարակից դաշնամուրի մոտ հասնելը, ֆիլմի գլխավոր մեղեդին արդեն ծնվել ու հնչում էր մտքիս մեջ…
-Դուք ենթադրո՞ւմ էիք, որ երգն այդ այսքան կսիրվի, այսքան մոտ կլինի մեր սրտերին, այսքան խոր ու ամբողջական կարտահայտի մեր ազգային թրթիռները…
-Ո՛չ, իհարկե: Երբեք չգիտես, թե որպես մեղեդի մարմնավորված քո ապրումներն ու զգացողություններն ինչ կյանք ու ճակատագիր են ունենալու: Երգը ծնվել է հայրենիքի հանդեպ ունեցած իմ մեծ սիրուց և այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, այնքան հարազատ է ազգային երգի ոգուն, որ շատերին թվացել է, թե այն Հայրիկ Մուրադյանի կատարմամբ հնչող ժողովրդական երգերից մեկն է:
-Երգի կառուցվածքից երևում է, որ այն կոմպոզիտորական աշխատանք է: Անկեղծ ասած՝ ես զարմացա, երբ «Երազ իմ, երկիր հայրենի» երգը ընտրվեց որպես բանակի հիմն: Այն քայլերգային չէ, չունի հիմներգին հատուկ ռիթմաշար:
-Այո՛, երգը իր հողը սիրող մարդու երգ է, մարդու, որ երբեք նախահարձակ չի լինում ու նվաճող չէ, այլ իր տունը, իր արժանապատվությունը հերոսաբար պաշտպանող: Ընդունված է կարծել, որ բանակի քայլերգը պիտի ենթադրի քայլք, շարք, ընթացք ու կանչ: Իսկ մերը, իրոք, մի քիչ այլ է: Այն իր տունը առյուծաբար պաշտպանող, սիրող ու արարող մարդու խորհրդանիշ է: Հոգու երգ: Արշիլ Գորկին ասում է՝ մարդը ձգտում է դառնալ այնտեղ, որտեղ իր հոգին է ծնվել: Այս երգի մեջ ապրում է հայ մարդու ոգին: Սա է արվեստի ուժը՝ մարդուն մղել դեպի հոգևորը, դեպի վեհն ու ազնիվը..
-Հայի հոգին… Թումանյանի խոսքերը հիշեցի՝ որտե՞ղ փնտրել հայ հոգին: Հայեցողաբար կարող է թվալ, թե մեր ազգային խնդիրները փոխվել են, որ ժամանակները բերել են նոր բարքեր, նոր հարցեր, բայց, ըստ էության, էլի հայ հոգին գտնելու մեր հավերժական մղումն է մեզ իրար կապելու, պնդացնելու, զինելու արհավիրքների դեմ: Դա յուրատեսակ ինքնաորոնում է: Ու մենք բոլորս վերադառնալու ենք այնտեղ, որտեղ մեր հոգին է ծնվել, որտեղ զգում ենք մեր սրտի զարկերը:
-Ազգի պատմությունը, մշակույթը ապրում են ոչ միայն վավերագրերում և կամ դասագրքերում, այլեւ մարդկանց գիտակցության մեջ և տրոփող սրտերում: Մեր հոգիներում են մշակույթն ու պատմությունը դառնում ոգի, հայրենիքի զգացողություն, ազգային արժանապատվություն: Մարդու և հողի կապը անքակտելի է: Աշխարհ եկած մանուկը ոչ թե սովորում է իր մայր լեզուն, այլ աստիճանաբար վերհիշում է…Մայրենին արթնանում է՝ որպես ինքնագիտակցություն: Վարակիչ, անեղծ մի կայծ ազգային զգացումների տիրույթում, գիտակից, ներշնչող մի թրթիռ՝ և ահա հասունացած է իր հայրենիքի համար կյանքը նվիրաբերելուն պատրաստ մեր ազնիվ երիտասարդը:
-Շուրջն այնքան անկատարություն կա, այնքան անարդարություն, մանր կրքեր, նյութապաշտություն… Որտեղի՞ց գտնենք թրթիռ ու կայծ…
-Կյանքն առաջ մղելու համար երկու անհրաժեշտ պայման կա. մեկի անունն է գաղափար, մյուսինը` ոգևորություն: Եթե որևէ շարժում ունենա այդ երկու նախադրյալները, ապա ամեն ինչ անպայմանորեն կպսակվի անկասելի հաջողությամբ: Մեր ազգի պատմությունը մշտապես անցել է օրհասական կեռմաններով, բայց նվիրական գաղափարները փարոսի պես կանչել են մեզ, ուժ են տվել՝ ազատ հայրենիքի գաղափարը, ազգային արժանապատվության զգացողությունը, իսկ ոգևորության արբունքը օգնել է հաղթանակել: Այդ են վկայում մեր հինավուրց երգերը: Ես իմ ուսանողների հետ երբեք ոգեզրույցների առիթը բաց չեմ թողնում: Գաղափարները մշտապես կծնվեն, երբ յուրաքանչյուրը փորձի իմաստավորել իր կյանքը… որպեսզի զգացմունքներին միանա բանականությամբ ու բացահայտի սեփական կյանքի իմացական կողմը ևս: Այնժամ արդյունքը չի ուշանա…
-Այսօր մենք տագնապած ենք՝ արտահոսքը շարունակվում է, մարդիկ լքում են երկիրը: Բայց ավելի մեծ ցավ կա՝ դատարկվում է մեր հոգևոր հայրենիքը: Մարդն ապրում է իր երկրում, բայց կարծես իր հոգևոր հայրենիքի տիրույթում չէ:
-Ես շրջել եմ աշխարհով մեկ ու դեռ չեմ տեսել գոնե մի հայ մարդու, որ սրբած լինի իր կարոտի արցունքները Հայաստան աշխարհի հանդեպ, չապրի իր հայրենիքի երազով: Այս իրականությունը մեր եղերական պատմության ժառանգությունն է: Հայի երկփեղկված կյանքով ապրելը նորություն չէ, բայց անշուշտ այսօր այն մեր առջև դնում է նորացող խնդիրներ և անելիքներ: Իմիջիայլոց, արտագաղթը աշխարհի բոլոր երկրներին ծանոթ ու նորովի ծավալվող հիվանդություն է: Այս տարի, օրինակ, Շտուտգարդի երաժշտական ակադեմիա ընդունված 172 ուսանողից միայն երեքն են եղել գերմանացի: Մյուսները դեղին ռասսայի, Միջին Արևելքի և այլ երկրներից եկած երիտասարդներ էին:
-Երազ իմ, երկի՛ր հայրենի…. Գուցե մենք անդառնալիորեն օտարվե՞լ ենք իրական հայրենիքից, ու մեր բաժին հայրենիքը նույնանում է գեղեցիկ երազի հետ՝ անիրական ու կատարյալ, որին սիրում ենք կարոտաբաղձ արցունքներով, առանց հոգսի, առանց պարտավորության, առանց զոհողությունների… Իսկ ե՞րբ և ո՞վ պիտի մեզ սովորեցնի սիրել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մեր պետականությունն է կառուցվում՝ ջանքերով, ձախողումներով, ցավով, դժվարությամբ…
-Երազ իմ, երկիր հայրենի…իմ ենթատեքստը բոլորովին տարբեր է ձերինից: Երգն այդպես է կոչվում, քանի որ այստեղ են ծնվում հայոց արարման ամենագեղեցիկ երազները: Դառնալով պրագմատ հայրենասիրությանը, դրա պակասը միանգամայն օրինաչափ է . այն հետևանք է 70 տարիների խորհրդային իշխանության կործանարար գաղափարախոսության, որի արդյունքում կասեցվում էր մարդու և իր հողի կապը, նպատակային փորձ էր արվում մեր տան մեջ երկրորդական դարձնել մեր լեզուն… խնդիր էր դրված դպրոցում մեր ժողովրդի պատմությունը փոխարինել կոմունիստական կուսակցության պատմությամբ, ներմուծել օտար իդեոլոգիա: Ահ ու սարսափի ռեժիմի մեջ «ստանալ» ստրկացած և հայրենափոխ անդեմ մի ժողովուրդ:
-Տերյանն ասում էր՝ քաղաքական և ռազմական կորուստները կարելի է վերականգնել, հոգևորի կորուստը անդառնալի է…
-Անկախություն վերագտնելուց հետո մեր երկիրը ձգտում է վերակառուցել իր իրականությունը՝ հիմնվելով համաշխարհային փորձի, ազգային ինքնորոշման և հումանիտար արժեքների վրա: Մարդկության պատմության մեջ մեր ժամանակը կատարելության ճանապարհին կարճ մի ակնթարթ է, և անխուսափելի են թերացումները, անհամաձայնությունները, դիմադրություններն ու հակակշիռները, քանի որ աշխարհը կառուցված է տարբերությունների վրա, և երբեմն ռադիկալ առճակատումները բացառված չեն, բայց,այնուամենայնիվ, կառուցողական ժամանակի մեջ ենք և, համեմատելով մեր այսօրվա կյանքը երեկվա հետ, զգում ես, որ այնուամենայնիվ, մենք մեծ պատմական ընթացքի մեջ ենք, և վաղը մեզ հաջողվելու է ձերբազատվել մեր երթը կասեցնող անցանկալի երևույթներից:
-Գուցե… եթե չլինի հայ մտավորականի կրավորական կեցվածքը՝ հեռու մեր իրականության անկատարությունից, ձախողումներից: Եթե արդարությունն ու ազատությունը ժողովրդին տիրոջ զգացում՝ պարտք, սեր ու պարտավորություն ներշնչեն սեփական երկրի հանդեպ…
-Ազատությունը մեծ փորձություն է ժողովրդի կենսունակությունը ստուգելու գործում:
Ազատությունը ինքդ քեզ «ոչ» ասելու պատրաստակամությունն է` գայթակղության գնալու ճանապարհին չշեղվել նշուղուց, պատմության շունչը զգալով թիկունքիդ, ցանելով ազնիվ սերմեր վաղվա օրվա մեջ, տեր լինելով եկող վայրկյանին: Ապրելը մեծ երջանկություն է և մեծ պատասխանատվություն: Յուրաքանչյուր լեռ-բարձունք բաղկացած է միմյանց հետ համաձայնությամբ միացած բյուրավոր, գուցե և աննշան քարերից, իսկ գագաթ-բարձրակետի երկնահասությունը կախված է ստորոտում իրար փարված քարերի ամրությունից:
Այդպես չէ՞ արդյոք կառուցված մեր բիբլիական Արարատ երկնաքերը: Եվ դրանով է զորավոր:
Տարբեր են քարերը, տարբեր են մարդիկ…. Տարբեր են Ռիչարդ Բախի ճայերը… Մեկը դեպի վեր էր ճախրում բարձունքներ նվաճելու, մյուսներն զբաղված էին սնունդ հայթայթելով: Տարբերությունների միասնությունն է բերում անվիճելի կացությանը, ուժին: Առաջնությունը բոլորի նվաճումն է և ոչ միայն առանձին մեկի… Մենք ունենք հրաշալի նոր սերունդ` օժտված, իմացության ծարավ, պայծառ, հային հատուկ պարկեշտ կեցվածքով: Մեր խնդիրն է նրանց ներդաշնակ միացնել մեր ազգային ամրության գաղափարի ներքո, որ գոյանա մեր հավաքական ամրությունն ու երջանկությունը: Սա է «Մենք»-ի երջանկության պայմանը: Այո՛, մենք անկասելի անհատականությունների ազգ ենք, երբեմն դժվարությամբ ենք հանդուրժում միմյանց, եւ սա, իրոք, խանգարում է մեզ: Բայց եթե մենք բարձրացնենք անհատին արժևորելու, վեհ ու գնահատված տեսնելու սկզբունքը, կհասնենք տարբերությունների միասնության գաղափարին, ինչը ենթադրում է հավաքականություն և կուլտուրա՝ ներդաշնակված արժևորված անհատի, օրենքով պաշտպանված մարդու` որպես պետության բարձրագույն արժեք իրողության հետ:
-Հայտնի մուլտը հիշեցի… Անտառում լուր է տարածվում, թե երկնակամարը ուր որ է փլվելու է… բոլորը փախչում են, որ փրկվեն, իսկ ճուտիկը պառկել է մեջքի վրա, ոտքերը դեպի վեր՝ նա իր բաժին երկինքն է պահում… նա լեռ-բարձունքի ստորոտի փոքրիկ քարն է… փոքրիկ հայրենիքը…
-Ուրախությամբ պիտի նշեմ հայոց բանակի բարձրանուն նախարար Սեյրան Օհանյանի վերջին ուղերձը, որով նա մարդակենտրոն բանակի կոչ է անում: Գնահատում եմ՝ որպես մերօրյա Հայոց Բանակը բարոյական նոր լիցքով հագեցնելու նախաձեռնություն, որի հիմքում արժևորված անհատի սկզբունքն է: Ճանաչում եմ մեր նախարարին՝ պարզ ու ազնիվ մտավորական մարդուն, որին հատուկ են ջերմություն և հոգու շոյանք: Բայց տեսել եմ նաև նրա հայացքի կարծրությունը, նրա անհանդուրժողականությունն ու սկզբունքայնությունը՝ բացթողումներն ու թերությունները կանխելիս: Ես հպարտություն եմ ապրում, որ իմ երգը հնչում է հայոց բանակայինի շուրթերից՝ որպես բանակաշինության խորհրդանիշ… Եվ ամուր կանգնած եմ պաշտպանության նախարարի, հայ զինվորի և հայոց բանակի կողքին` իբրև բարձունքի ամրությանը միտված այն կարծր ու համոզված լեռան քարը:
Ուրիշներին բազում տասնամյակներ էին պետք բանակ ստեղծելու համար, մենք կարողացանք ընդամենը երկու տասնամյակի կենսագրություն ունեցող հայկական բանակը դարձնել երկրի անվտանգության երաշխավորը և հաղթանակած մտնել 21-րդ դար: Այսօր երկրի զինուժը հայրենիքի գաղափարի կրողն է, անձնազոհության գաղափարի կրողը: Այսօր բանակը բարոյախոսություն է թելադրում հասարակությանը՝ բռնությունը, ճնշումը մերժելու, կողքինին կարեկցելու, ուշադրությամբ ողջագուրելու համար, իբրև մարդակենտրոն վարքի հրամայական: Այսպիսի բանակի համար է ծնվել իմ երգը` «Երազ իմ, երկիր հայրենի»:
-Շնորհակալություն զրույցի համար: Երբ Խորհրդային Հայաստանը նոր էր ոտքի կանգնում, ու թվում էր՝ ամենագլխավորը երկաթուղի կառուցելն ու հող փորելն է, երկրի քաղաքական լիդերը Հայաստան էր հրավիրում հայ մտավորականներին ու արվեստագետներին՝ գաղափարի մշակութային կրողին, որովհետև հասկանում էր՝ առանց ներշնչանքի ո՛չ երկաթուղի կկառուցեն, ո՛չ էլ հող կփորեն: Ես հույսս հայ մտավորականի վրա եմ դրել, որը կկանգնի ազնիվ ու հայրենանվեր լիդերի կողքին, երկուսով կդառնան այն ամուր շաղախը, որի վրա պիտի բարձրանա Հայրենիքի վերսլաց կառույցը:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Հոգևոր-մշակութային