Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ



Գայանե Գևորգյանը զինվորական է, ենթասպա, երեք որդիների մայր: Ապրում է Ագարակում: Ամուսինը` Ավետիս Ալբերտի Օհանյանը, զոհվել է 1993թ. մայիսի 26-ին, Արցախ աշխարհի Մարտակերտի Կուսապատ գյուղում: Տիկին Գայանեն պահեց-մեծացրեց իր երեք տղաներին, բանակ ճանապարհեց նրանց ու կարոտով սպասեց: Ամուսնու զոհվելուց 20 տարի անց տիկին Գայանեն եղավ ամուսնու մարտնչած վայրերում, այնտեղ, որտեղ զոհվել էր ամուսինը: Այցելությունը, որը նման է ուխտագնացության, տիկին Գայանեն վերնագրել է այսպես` «Կարոտի կանչով»:

Ասում են՝ երազները շատ բան են զգուշացնում, բայց, ասում են նաև, որ երազները նույնպես զգուշացնում են իղձերի, ապագայի ու նրա բոլոր մանրամասների մասին: Բայց ես նրանցից չէի, որ երազեի, այլ նրանցից, որոնց երազները ուղղակի իրականություն դարձան, չնայած ուշացումով, բայց ճիշտ ժամանակին:

Լինել այնտեղ, որտեղ եղել էր ամուսինս` Ավետիսը, քայլել այն հողի վրայով, որի համար կյանքն անգամ նա չի խնայել: Այդ օրվան սպասել եմ 20 երկար ու ձիգ տարիներ, մութ ու լուսավոր, հոգնած ու արցունքոտ օրեր: Մեծացան 3 արու զավակներս, դարձան հայոց բանակի զինվորներ, ծառայեցին իրենց հոր նման, հերոսի ոգին մինչ օրս սրտներում: Նրանք էլ երազանք ունեն, կարոտ հայրական ոգով…

Բայց այդ կարոտը այնքան էր խեղդում, որ այլևս ուժ չկար դիմանալու, և որոշեցի մեկնել այնտեղ, որտեղ զոհվել է ամուսինս: Մեկնեցի Արցախ, այն սրբատեղի դարձած երկիրը, որի համար ինձ պես շատ-շատ կանայք այրիացան, մայրեր որդեկորույս դարձան:

Ճանապարհը ինձ համար շատ երկար թվաց, քանի որ շատ էի շտապում: Ինձ թվում էր, թե նա ինձ այնտեղ սպասում է: Նայում էի շուրջս. ամեն սարի, ամեն մի թփի ու հողաքարի մոտ, թվում էր՝ կտեսնեմ նրան: Հասանք Շուշի: Սիրտս է՛լ ավելի էր բաբախում, իսկ Ստեփանակերտում` ուղղակի փայլող ու գունավոր լույսերի մեջ, դեպի վեր խոյացող քաղաքն ուղղակի հեքիաթային աշխարհ էր հիշեցնում: Դա այն հեքիաթն էր, որ կյանքի գնով հյուսեցին մեր ամուսիններն ու հայրերը, բայց չհասցրին պատմել իրենց առյուծացած զավակներին: Ճանապարհը հասցրեց Մարտակերտ` ինձ համար դարձած իսկապես սրբավայր և ուխտատեղի: Չէ՞ որ հենց այս հողի համար է պայքարել իմ ամուսինը, այս խաղաղ երկնքի ու պայծառ արևի համար մաքառել թշնամիների դեմ: Մի քիչ գնալով՝ հասանք այն գյուղը, որտեղ կնքեց մահկանացուն իմ ամուսինը: Շրջեցի գյուղով մեկ: Ամեն անցորդի նայելով՝ իմ ամուսնուն էի փնտրում, չգիտեմ, բայց հույս ունեի, որ կգտնեմ: Գտա այն տունը, որտեղ կռվի տարիներին ապրել էր ամուսինս: Մի պահ կանգ առա, դռների մոտ ուժ հավաքեցի և մտա տուն: Մարմնովս սարսուռ անցավ, երբ տեսա պատշգամբի մոտ կանգնած Արուս տատիկին և նրա ամուսնուն: Մոլորված անցորդի նման երբ մտա ներս, տատիկը հարցրեց, թե ո՞ւմ եմ փնտրում, և ես մի բառով պատասխանեցի` ամուսնուս: Պատշգամբից մոտեցավ և հարցրեց. «Ամուսինդ ո՞վ է», ասացի` «Ավոն»: Տատիկը հիշեց ոչ միայն Ավոյին, այլ նաև նրա նման շատ տղաների, որոնք ապրել էին իր տանը, ոմանք` զոհվել: Ձգտելով ամուսնուս, մոտեցա աղբյուրին, խմեցի սառը ջրից, որից 20 տարի առաջ իմ ամուսինն էր խմել, մի քանի րոպե նստեցի քարին ու նայեցի, ասես ջուրն ինձ ուժ տվեց, և ինչ-որ մեկն ասաց. «Հագեցրու ծարավդ, այդ ջուրն իմ կյանքի գնով է հոսում»: Դա իմ ամուսնու ձայնն էր:

Ջուրը խմեցի, մեկ անգամ էլ վերև նայեցի ու Աստծուն շատ խնդրեցի, որ սա լինի ինձ պես մայրերի վերջին ցավը, ճակատագրի վերջին դառը պտուղը:

Եվ թող տա՛ Աստված, որ բոլոր զավակները ապրեն միայն խաղաղ ու անհոգ` շրջապատված ընտանիքի բոլոր անդամներով: Ցավը կրծում է հոգիս, բայց ինչ արած, ամուսնուս պարուրում է որդիներիս շունչն ու երիտասարդ հոգին:

Փա՛ռք հայոց աշխարհին, փա՛ռք հայոց բանակին, փա՛ռք ու պատիվ այն հերոսներին, որոնց արյունն ուղղակի կյանք դարձավ իրենց զավակներին:

Տունդարձի ճանապարհին մենք միասին էինք` ես, ամուսինս և երեք որդիներս:

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Բանակ և հասարակություն


19/02/2015