Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄԱՆԸ ՎԿԱ ԷԻՆ ՏԱՎՈՒՇԻ ԼԵՌՆԵՐԸ



Զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր գնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Արծվաբերդ համայնքում: (Արդեն ավանդույթ է՝ հյուսիսարևելյան այս զորամասում ինչպես երդման, այնպես էլ հայրենասիրական այլ միջոցառումներ տեղի են ունենում սահմանամերձ տարբեր համայնքներում): Եկել են Հայաստանի տարբեր բնակավայրերից զինվորների ծնողները, հարազատները, մտերիմ-ընկերները: Հավաքվել են գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի խաչքարի հարևանությամբ գտնվող հրապարակում:

Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների տակ հրապարակ են բերում զորամասի մարտական դրոշը: Հնչում է ՀՀ պետական օրհներգը: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Վ. Տեր-Պետրոսյանի՝ հրամանատար, գնդապետ Ս. Մինասյանին զեկույցից հետո սկսվում է երդման արարողությունը: Նորակոչիկները մոտենում, պատվի են առնում և երդվում: Նրանց շնորհավորում են հրամանատարները, զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Միրզոյանը, Արծվաբերդ և Չինարի համայնքների գյուղապետեր Վոլոդյա Ուզունյանն ու Սամվել Սաղոյանը, ՂՊՎ միության նախագահ Յուրա Միքայելյանը, Արագած Մկրտչյանը (Բոնդո), Սեյրան Չիլինգարյանը, Գարիկ Եղիազարյանը, Հակոբ Գաբրիելյանը, Տավուշի ԵԿՄ նախագահ Ամասիա Բաբասյանը:

Զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Մինասյանը շնորհավորելով զինվորներին՝ ասաց.

– Հարգելի՛ ժողովուրդ, սիրելի՛ ծնողներ, զինվորներ, սերժանտներ, սպաներ, ազատամարտիկ վետերաններ, շնորհավորում եմ այս վեհ, սրբագույն և պարտավորեցնող տոնի առթիվ: Սիրելի՛ զինվորներ, համոզված եմ, դուք հպարտությամբ ուխտեցիք և արժանապատվությամբ կկրեք Հայրենիքի զինվոր անունը: Սիրելի՛ ծնողներ, հավաստիացնում եմ, որ այս տարածքում ծառայելը պատիվ է: Տավուշի հերոսական ժողովուրդը հարկ եղած դեպքում ձեր զինվոր որդիների կողքին է, ինչպես եղել է բազմիցս: Մեր հայրենի սահմանների՝ լինի Արցախ, թե Հայաստան, ամեն մի տարածք, լոկ տարածք չէ, այլ մեր բազմաչարչար հայրենիքի աննկարագրելի գողտրիկ մի անկյուն, որը մենք պարտավոր ենք պաշտպանել, պահպանել և փայփայել, ինչպես հարազատ զավակին: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ:

Այնուհետև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օ. Գասպարյանի կողմից Արծվաբերդի և Չինարի գյուղապետերին զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Մինասյանը հանձնեց պատվոգրեր, իսկ զորամասի կողմից պատվոգրեր հանձնվեց ՂՊՎ ՀԿ նախագահ Յ. Միքայելյանին, Տավուշի ԵԿՄ բաժանմունքի նախագահ Ամասիա Բաբասյանին: Ծնող Գեորգի Մկրտչյանը, որ պարգևատրվեց շնորհակալագրով, իր և բոլոր ծնողների կողմից շնորհավորեց զինվորներին երդման կապակցությանբ և ցանկացավ նրանց անփորձանք և հայրենանվեր ծառայություն, իսկ նրա որդին՝ Միխայիլը, պատասխան խոսքում ասաց.

-Մեզ համար պատիվ է այս զորամասում ծառայելը: Այստեղ ընդամենը օրերի ընթացքում մեզ կարողացան սովորեցնել հայրենիքի պաշտպան բառի ողջ իմաստն ու էությունը, որն իր մեջ պարունակում է խիզախություն, անվախություն և անկոտրում կամք՝ ի հեճուկս մեր հակառակորդի, որին չեզոքացնողները մենք ենք, բոլորս՝ սկսած նորակոչիկ զինվորից մինչև մեր բարձրաստիճան հրամանատարները, որոնք այս կարճ ժամանակում իրենց գրագիտությամբ, հայ սպային վայել իրենց կեցվածքով մեզ սովորեցրին հայ զինվորին վայել կեցվածք, հայ զինվորին հարիր մարտական բարձր ոգի: Կարողացանք տիրապետել տարբեր զինատեսակների, որը մեր ծառայության ընթացքում, թե հարկ լինի, կօգտագործենք և կապացուցենք մեր խոսքերը մեր գործերով…

Երդման հանդիսավոր արարողությունից հետո զորամասի սպայակազմը, զինվորները, ազատամարտիկները, Արծվաբերդի բնակիչները թարմ մեխակներ դրեցին ազատամարտում զոհված արծվաշենցիների հուշարձան-խաչքարին:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. Արմեն Մուշեղյանի

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


19/02/2015