Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Ինչպես հրաձգային, այնպես էլ մոտոհրաձգային զորամասերում հետախուզական վաշտերը պարապում, մարզվում են առանձին ծրագրով ու պատրաստ են ցանկացած պահի կատարելու ամենաբարդ առաջադրանքները: Փոխգնդապետ Սամվել Պողոսյանի զորամասում նրանք հաճախ են ընդգրկվում մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների կազմում, կատարում դիտարկումներ, ուսումնասիրում տեղանքը, ճշտում հակառակորդի հնարավորությունները, փորձում կռահել նրա որդեգրած մարտավարությունը, հետագա մտադրությունները: Եղել են դեպքեր, երբ նրանք մասնակցել և հմտությամբ իրականացրել են ոչ մեծ, բայց կարևոր տեղային բնույթի գործողություններ: Հետախույզների համար չկան ուսումնական կամ հանգստի ու նախապատրաստական ժամանակաշրջաններ: Նրանք մարզվում են մշտապես, անգամ զորացրման ու ստորաբաժանումների համալրման այս օրերին: Ավագ լեյտենանտ Ա. Մկրտչյանը վաշտի դասակներից մեկի հրամանատարն է: Նա ափսոսանքով նշեց, որ փորձառու հզոր տղաներից շատերը զորացրվեցին, բայց նաև համոզմունք հայտնեց, որ հատուկ ընտրված նորակոչիկներով նույնպիսի հզոր դասակ կկազմեն:

-Մեր նշանաբանն ամեն օր պատերազմին պատրաստվելն է: Մենք պարբերաբար և համառորեն մարզվում ենք շատ բարդ պայմաններում, որովհետև պատերազմի ժամանակ լինելու են այնպիսի առաջադրանքներ, որոնց կատարման համար բարձրլեռնային պայմաններում գործելու կոփվածք է պահանջվելու: Գլխավոր ռազմական տեսչության ստուգումների ժամանակ կրակայինից, ֆիզիկականից ու երթարշավից ստացանք «լավ» գնահատականներ:

Կրտսեր սերժանտ Գ. Պետրոսյանը ջոկի հրամանատար և դասակի հրամանատարի տեղակալ է: Նա վստահեցնում է, որ ջոկն իր ֆիզիկական ու մասնագիտական պատրաստականությամբ լավ վիճակում է եւ կարող է կատարել հանկարծակի տրվող առաջադրանքները: Ջոկի զինվորներից հետախույզ դիպուկահար, շարքային Ա. Հովհաննիսյանը, որ ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող է, ասում է, որ մարտական առաջադրանքի կատարման ժամանակ իսկական զինվորի ուժերը կրկնապատկվում են, զգուշավորությունն իր տեղը զիջում է համարձակությանն ու հնարամտությանը: Նույն կարծիքին են նաեւ զինակիցները՝ նախկին բռնցքամարտիկներ, կրտսեր սերժանտ Ա. Հարությունյանը, շարքային Ս. Ավետիսյանը, ծանրամարտիկ, շարքային Ա. Չոբանյանը, շարքայիններ Կ. Վարոսյանը, Վ. Թադևոսյանը, մյուսները:

Ն. ԱՐԱՄՅԱՆ