Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Տիգրան, քաղաք Դիլիջան. «Շուտով համազգեստ կհագնեմ եւ զինվոր կդառնամ, իսկ հենց բանակից վերադառնամ՝ կիրականացնեմ մյուս երազանքս՝ դերասանություն կսովորեմ»:
ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՆԱԿ…

Օրը նոր էր սկսվել, բայց կենտրոնական հավաքակայանում արդեն իսկ աշխատանքային եռուզեռ էր: Հայաստանի տարբեր մարզերից իրար հետեւից ժամանում էին զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: «Մեր հանրապետության լավագույն տղերքն են»,-ասաց կողքիս կանգնած սպան: «Այո՛: Լավագույն տղերքը բանակ են գնում, լավագույն տղերքը ծառայում են…»,-ավելի ոգեւորված ավելացրի ես:

Էդուարդ, քաղաք Երեւան. «Հույսս զենքս է լինելու, բայց ապավինում եմ նաեւ Աստծու զորությանը»:

Սուրեն, գյուղ Սիսանավան. «Տղե՛րք, հյուրասիրվեք, աշխարհի ամենահամով գաթան է՝ մամայիս թխածը... Կարոտելու եմ մայրիկիս եփած ճաշերի ու թարմ խմորեղենի անուշ բույրը»:

Նարեկ, գյուղ Շահումյան. «Կարեւորը՝ առողջ եմ, ժպիտս վկա»:

Դավիթ, քաղաք Արմավիր. «Սպասեք՝ կտեսնեք, թե ինչ զինվոր եմ դառնալու»:

Տիգրան, քաղաք Դիլիջան. «Շուտով համազգեստ կհագնեմ եւ զինվոր կդառնամ, իսկ հենց բանակից վերադառնամ՝ կիրականացնեմ մյուս երազանքս՝ դերասանություն կսովորեմ»:

Դավիթ, քաղաք Երեւան. «Ես ջերմություն եմ ակնկալում... Չէ, չէ, սխալ չհասկանաք, մարդկային ջերմություն նկատի ունեմ... Ուզում եմ՝ մեզ սիրով ընդունեն, ինչպես հեռու տեղից տուն եկած որդուն են դիմավորում...»:

Հակոբ, գյուղ Հացիկ. «Ինչո՞ւ պիտի տրամադրություն չունենամ, շատ էլ ոգեւորված եմ գնում բանակ... Կարեւորը՝ քիչ խոսեմ, շատ լսեմ»:

Հրանտ, գյուղ Արտաշար. «Մեր բանակին ինձ պես պինդ տղաներ են պետք»:

Արման, քաղաք Երեւան. «Տղե՛րք, գալիս ենք: Շուտով կմիանանք ձեզ եւ սահմանը միասին ամուր կպահենք... Մոնթեի, Պետոյի գծած սահմանը»:

Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ