Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐ ՈՒԺԵՐՈՎ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հակառակորդի դեմ գործելիս հայոց բանակի կրտսեր հրամանատարներին կտրվի ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն…

Կ. Դեմիրճյանի անվան համալիրում անցկացված Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015թ.-ի ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրը համարեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումը արտաքին ագրեսիայից, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը:

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով 2014 թվականի արդյունքներից, նախարարը կարևորեց բարեփոխումների շարունակականությունը: Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլև արատավոր բարքերի դեմ համազգային պայքարի առողջ միջավայր, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը: Նրա խոսքով` արդյունավետ գործունեության շնորհիվ 6 տոկոսով նվազել են արտակարգ պատահարները, 8 տոկոսով հանցածին պատահարները, 50 տոկոսով մահվան ելքով հանցագործությունները:

Նախարարը 2014թ.-ի լավագույն զորամիավորում հայտարարեց 3-րդ բանակային զորամիավորումը, նշվեցին լավագույն մի քանի զորամասեր և ստորաբաժանումներ: Նա խոսեց նաև բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության կարևորության մասին՝ շեշտելով, որ հետևողական են լինելու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներում:

-Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում պետք է ամուր հիմքի վրա դրվի, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող իմանա` ինքը այն անհատականությունն է, որի աշխատանքը մարտունակության համար կարևոր է,- ասաց նախարարը:

Խոսելով 2015 թվականի առաջնահերթությունների մասին՝ նախարարը խիստ կարևորեց բոլոր հրամանատարական օղակների բարձր պատրաստականությունը, նախաձեռնողականությունը, վերադասի հանձնարարականներն իրականացնելու ճկունությունը: Ընգծելով, որ որոշ հրամանատարների, պետերի զինվորամոլությանը վերջ դնելու նպատակով 2015 թվականին պաշտպանական համակարգի հրամանատարական ու կառավարման բոլոր մակարդակներում ներդրվելու է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգը` ուղղված ենթակաների նախաձեռնողականության, ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում ազատության բարձրացմանը: Նոր հայեցակարգի վերջնանպատակը մեկն է` հակառակորդից մշտապես մեկ քայլ առաջ գտնվել:

-Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում: Մենք պետք է լինենք հակառակորդից մեկ քայլ առաջ, ոչ թե արձագանքենք նրա գործողություններին:

Ս. Օհանյանն ընդգծեց, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, պետք է կարողանան ինքնուրույն մշակել հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ, վերադաս օղակները պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրեն ստորադաս օղակներին, որպեսզի հնարավորություն տան առավելագույնս ազատ, բայց նպատակային գործել, դրսեւորել ստեղծագործելու ունակություններ:

-Ղեկավարվելու ենք պաշտպանության ռազմավարական հայեցակարգի վերանայման պլանավորման նկատառումներով` ղեկավարման համակարգում միջոցառումների` վերևից ներքև լիարժեք փոխանցման, յուրաքանչյուր օղակում փոխլրացման, ռեսուրսների բազմապատկման, անձնական պատասխանատվության, առավելապես ինքնուրույն վերջնական արդյունքի հասնելու սկզբունքով,- ասաց Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ զինծառայողների, առավելևս սպաների բարձր պատրաստվածությունը պետք է լինի քանակականը որակականի վերափոխելու միջոցով:

Նախարարը նշեց նաև, որ շարունակվելու է նախորդ տարիների հանձնարարականների իրականացումը` միտված ՀՀ զինված ուժերում խնդիրների արդյունավետ կատարմանը, փողոցային, ոչ կանոնադրական հարաբերությունների, բանակում կաշառակերությունն արմատախիլ անելուն և փոխադարձ զիջողականության մթնոլորտի հաստատմանն ու ամրապնդմանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը անդրադարձավ սպաների ծառայողական և անձնական խնդիրներին: Նրա խոսքով` անհրաժեշտ է պահել մասնագետներին և որոշ դեպքերում նրանց նկատմամբ լինել ավելի հանդուրժող, պետք է օգնել կայանալու երիտասարդ կադրերին, պետք է բացառել վերադասի, առհասարակ պաշտոնյաների կամ որևէ նշանավոր մարդու կողմից զինծառայողներին «հովանավորելու» արատավոր երևույթը:

-Հիշե՛ք, նման անձինք չեն կարողանալու երկար մնալ իրենց պաշտոնին, եթե դրան հասել են հովանավորչության միջոցով: Ծառայելու համար երբեք «տաք տեղեր» մի՛ փնտրեք: Եվ վստահ եղեք, որ լավ մասնագետը միշտ կգտնի իր տեղը, միայն համբերել է պետք, – ասաց նա:

Գեներալ-գնդապետը կարևորեց երիտասարդ սպաների ընտանիքների աջակցությունը:

Խորհրդակցությունը եզրափակվեց պարգևատրման արարողությամբ: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ և օրինակելի ծառայության, ինչպես նաև փոխգործակցության ամրապնդման և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, նվերներով: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մարզպետներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց հուշանվերներ:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/01/2015