Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀՈԳՈՒ ԺՊԻՏԸ



Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Դ. Բաղդասարյանի հետ անցնում ենք մեքենայական պարկի ուսումնական կետերով, հետևում շարունակվող տեխնիկական սպասարկման աշխատանքներին: «Շտուրմ» հաշվարկի հրամանատարն ու մեխանիկ-վարորդը, մեզ տեսնելով, ձգվում են, պատվի առնում:

-Պարզ է, ձեզ մոտ ամեն ինչ կարգին է,- ասում է փոխգնդապետը և դիմելով ինձ՝ ավելացնում,- հրաշալի զինվորներ են, բանիմաց, աշխատասեր:

Հետ եմ դառնում, ժպիտը ծորում է զինվորի դեմքից, այնքան անկեղծ է, որ ինձ թվում է, թե այն հոգուց է բխում: Բայց, աստված իմ, այս ի՞նչ ծանոթ դեմք է, մտածում եմ ու նորից նայում:

-Ես եմ, ես,- ասում է ու կարկամում՝ չկողմնորոշվելով խոսքն ինչպես շարունակի:

-Վայ, Սերգեյ ջան, էս ի՜նչ սիրուն զինվոր ես,- ճանաչելով գրկում, համբուրում եմ իմ լավ հարևանի՝ աչքիս առաջ մեծացած տղային,- ուրեմն այստե՞ղ ես ծառայում:

Առաջ անցած փոխգնդապետ Դ. Բաղդասարյանն էլ է հետ դառնում ու տեսնելով, որ անձամբ ճանաչում եմ իր զինվորին, շարունակում է գովել շարքային Սերգեյ Սահակյանին:

-Միայն ես կարող եմ հպարտանալ, որ այսպիսի մեխանիկ-վարորդ ունեմ, լավերը շատ են, բայց ինքն ուրիշ է, ուրեմն հարևանիդ տղա՞ն է, ծնողներին իմ անունից ասեք, որ արտակարգ մարդ են դաստիարակել, այստեղ բոլորս սիրում ու հարգում ենք Սերգեյին:

Սերգեյին հարցուփորձ անելուց հետո սկսում եմ նրա մասին պատմել հրամանատարին: Ասում եմ, որ մանկական տարիքից հետաքրքրվել է տեխնիկայով: Փոքր եղբոր՝ Գոռի հետ օգնում էին հորը՝ մեքենաների նորոգման վարպետ Արամին, իսկ երբ երրորդ-չորրորդ դասարանի աշակերտներ էին, արդեն ամբողջությամբ իրենք էին կատարում շարժիչներ նորոգելու հոր ընդունած պատվերները: Գյուղում բոլորը Սերգեյի ու Գոռի օգնությանն էին դիմում՝ լինի դանակ կամ քաղհանի ուրագ սրելու, ջարդված բահը եռակցելու, ջրի պոմպը կամ էլեկտրական մեկ այլ սարքավորում նորոգելու, նույնիսկ տուն մտած օձին բռնելու հարց: Սերգեյը նաև հեռանկարային ըմբշամարտիկ է՝ վաստակաշատ մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվան մարզադպրոցի նախկին սան, հետո տեղափոխվել է օլիմպիական ռեզերվի ըմբշամարտի դպրոց:

-Շարունակե՞լու ես մարզվելը,- հարցնում եմ նրան:

-Կշարունակեմ, բանակից հետո անպայման կշարունակեմ:

-Իսկ «Շտուրմից» կրակե՞լ եք:

-Մի անգամ, վերջին զորավարժության ժամանակ:

-Սահակյանը նաև կրակայինից է միշտ բարձր գնահատականներ ստանում,-ավելացրեց փոխգնդապետ Դ. Բաղդասարյանը:

Մեր ժամանակը կարճ էր, ու Սերգեյին մեկ անգամ էլ գրկելով եւ բարի ծառայություն մաղթելով հրաժեշտ տվեցի:

♦♦♦

Օրեր անց, երբ գործուղումից վերադարձել ու գյուղ էի գնացել, Սերգեյի մայրը՝ տիկին Մարինեն, տեսնելով ինձ այգում աշխատելիս, թափ առած եկավ.

-Տեսա՞ր տղայիս, ո՞նց էր, ո՞նց էր ծառայում, հո դժգոհ չէ՞ին նրանից,- վրա տվեց հուզված:

Մեկ առ մեկ պատմեցի, թե ոնց եմ հանդիպել, ինչ ենք խոսել, հաղորդեցի հրամանատարի բոլոր ասածները:

Ն. ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Ազգային բանակ


25/12/2014