Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ



Այս օրերին «Հայ զինվորի» խմբագրությունը մեր քաղաքացիներից ստանում է նամակներ ու բազմաթիվ հեռախոսազանգեր կապված զորակոչի և զորացրման ժամկետների երկարաձգման հետ: Ինչպես զինվորական ծառայության մեկնելու պատրաստվող երիտասարդներին, այնպես էլ ծառայության ժամկետը ավարտած և զորացրման ենթակա զինվորների ծնողներին ու հարազատներին հետաքրքրում է գործընթացի հետաձգման փաստը:

Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ, ՔՀԾ երկրորդ դասի պետական խորհրդական Սեդրակ Սեդրակյանին:

-2014թ. ձմեռային զորակոչն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն: Նշվածից հետևում է, որ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-27 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի խաղաղ պայմաններում և չեն օգտվում զորակոչից տարկետման կամ զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից:

Զորակոչը և զորացրումը հայտարարվում է ՀՀ նախագահի հրամանագրով, սահմանված ժամկետներում: Նշված հրամանագրի կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում:

ՀՀ նախագահի 2014թ. հոկտեմբերի 15-ի ՆՀ-544-Ն հրամանագրով՝ 2014թ. դեկտեմբեր-2015թ. փետրվար ամիսներին հայտարարված է ՀՀ քաղաքացիների զորակոչ և երկու տարի ծառայած պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրում: ՀՀ կառավարությունն էլ 2014թ. հոկտեմբերի 16-ին ընդունել է 2014-2015թթ. ձմեռային զորակոչը կազմակերպելու թիվ 1112-Ն որոշումը:

Ինչ վերաբերում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետին, ասեմ, որ այն կարգավորվում է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, որոնցից հետևում է, որ զինվորական ծառայության ժամկետ է սահմանված 24 ամիսը, և պետական լիազոր մարմնի ղեկավարը, տվյալ դեպքում պաշտպանության նախարարը, կարող է առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) զինվորական ծառայության տևողությունը երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

Օրենսդիրը պաշտպանության նախարարին նման լիազորությամբ է օժտել զորակոչի և զորացրման համաչափությունը և ներդաշնակությունը ապահովելու, ուսումնական փուլը հաջողությամբ ավարտելու համար:

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/12/2014