Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՀՄԱԾԱՌ



Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում են ապրում Արարատ եւ Արծվիկ Գեւորգյանները իրենց 5 զավակների հետ։ Նրանց նախնիները գաղթել են Արեւմտյան Հայաստանի Հին Բայազետի տարածաշրջանի Կզլ-Դիզա գյուղից։ Անմասն չեն մնացել կոտորածներից, գերդաստանից շատերը նահատակվել են ծննդավայրում, մնալով անշիրիմ։ Նրանց մի ճյուղը եկել-հաստատվել է Աժդահակի ստորոտում գտնվող այս բնակավայրում։ Տարիների հետ գյուղը շենացել է, տարածվել Գավառագետի վտակներից մեկի աջ ու ձախ ափերին։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Հյուրասեր են, կատակասեր։ Սիրով են պատմում իրենց լեռան գագաթի խառնարանի հրաշագեղ լճակից, որտեղ պահպանված են իշխանի տեսակներ, պատմում են Աժդահակի լանջերի խաչքարերից, մատուռից։ Իրենց նախնիներից ժառանգել են պատվախնդրություն, հայրենասիրություն։ Գյուղում է ապրում Արցախյան ազատամարտին իր մասնակցությունը բերած Արայիկ Գեւորգյանը։ Այդ գյուղից են սերված Մակարավանքի վանահայր հայր Վահան Դավթյանը, ով զոհվեց Իջեւանի եւ Ղազախի սահմանային հատվածում եւ այժմ հուղարկավորված է Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու բակում, ինչպես նաեւ Մարտին Վարդանյանը, ով զոհվեց Երասխում եւ այժմ ննջում է Վեդիի եղբայրական գերեզմանոցում։ Ե՛վ Մարտինը, ե՛ւ հայր Վահանը ազգակիցներ են Արայիկ Գեւորգյանին։ Հայր Վահանը նրա մորաքրոջ տղան է, իսկ Մարտինը՝ կնոջ՝ Անուշիկի ազգականը։

…Արայիկ Գեւորգյանի տոհմածառը արմատները խրել է հին Բայազետի պղնձակոփ ժայռերում, եւ փորփրում-գտնում է այդ տոհմի հին-հին դարերից եկող հիշողություններ… Եվ այդ հիշողությունները ծաղկում են Նոր Բայազետի Ծաղկաշեն գյուղում հաստատված այդ ցեղի ժառանգների հիմնած-տնկած Արարատյան այգու ամեն մի ընձյուղում…

Սիրեկան Թովմասյան

Տոհմածառի պատմությունը սկսենք Արայիկ Գեւորգյանի պապից՝ Սիրեկան Թովմասյանից, ով Գեւորգյան ճեմարանն ավարտելուց հետո գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավորն էր, եւ ողջ գյուղը մշտապես մասնակից է եղել մեր հոգեւոր բոլոր արարողություններին։ Եկեղեցում կատարել է մկրտություն, ծննդի եւ հոգեհանգստի արարողություններ, միշտ պատարագել է հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի, նրանց հոգու հանգստյան համար, եւ գյուղի բնակիչները խաղաղված հոգիներով դուրս են եկել եկեղեցուց։ Նա խաչի եւ սրի զորությամբ իր մասնակցությունն է ունեցել Սարդարապատի ճակատամարտին, եւ հիմա դպրոցի երեխաները, երբ էքսկուրսիա են գնում Սարդարապատ եւ թանգարանում տեսնում են Սիրեկան Թովմասյանի լուսանկարը, իրենց հետ գյուղ են բերում հպարտության, ոգեւորության անսահման պաշար։ Ցավալի է, որ ժամանակի հետ Սուրբ Աստվածածին եկեղեցին խոնարհվում է, եւ նրա պատերից պոկված ամեն մի սրբատաշ քար ասես աղոթքի մի բառ է, մի խոսք ու մի աղեկտուր կանչ՝ հայ բարերարի, բարեգործի ականջին, խղճին…
Տոհմածառի հաջորդ անդամը Սիրեկանի որդին է՝ Արարատը։ Արարատ պապը, երբ վիրավոր տուն դարձավ Հայրենական մեծ պատերազմից, երկար տարիներ պատմություն էր դասավանդում գյուղի դպրոցում։ Արծվիկ տատը նույնպես աշխատում էր դպրոցում, գրադարանավարուհին էր։ Ունեցան հինգ զավակ՝ երկու աղջիկ եւ երեք տղա։ Ծնողները իրենց արդար վաստակով, ջանասիրությամբ 5 զավակներին էլ ուղարկեցին ուսման։ Բոլորն էլ բարձրագույն կրթությամբ վերադարձան ծննդավայր։ Արարատ պապն ու Արծվիկ տատը 26 թոռ ու ծոռներ ունեն, որոնցից 7-ը՝ զինվոր՝ Սեւակ, Մկրտիչ, Նարեկ, Արարատ, Արայիկ, Նավասարդ։
Արարատ պապի մասին ասում են՝ կարծես քայլող հանրագիտարան լինի։ Հին Բայազետի իրենց նախապապերի ծննդավայր Կզլ-Դիզայի, նոր բնակավայր Ծաղկաշենի մասին գյուղացիների բոլոր հարցերին պապը սիրով պատասխանում է, բացատրում։ Անկախությունից հետո Արարատ պապն իր որդիների հետ սեփականաշնորհած հողատարածքում ծառեր տնկեց՝ խնձորի, տանձի, սալորի։ Բերքատու ծառերի կողքին տնկեց նաեւ դեկորատիվ ծառեր, եւ հիմա այգին հայտնի է Արարատյան անվանումով։ Ցուրտ ու մութ տարիներին այդ ծառերից ոչ մի շիվ չկտրվեց, եւ այգին իր գեղեցկությամբ հեռվից հեռու հիմա աչք է շոյում։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Արարատ պապն իր որդիներին ասաց. «Դուք արժանապատվություն չունե՞ք, վերցրեք զենքը եւ լուծեք ձեր պապերի վրեժը»։

Արարատ պապն ու Արծվիկ տատը

Այստեղից տոհմածառը շարունակում է Արարատ պապի որդին՝ Արայիկը, որը զենքը ձեռքին դուրս եկավ հայրենի սահմանները պաշտպանելու։ Անդամագրվեց «Գարեգին Նժդեհ» ջոկատին։ Ջոկատի հրամանատար, «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության նախագահ Վ. Չիբուխչյանը Արայիկ Արարատի Գեւորգյանի մասին գրում է. «Մարտական գործողությունների ժամանակ (Սեւքարում, Բարձրունիում, Կրասնոսելսկում, Շահումյանում, Գետաշենում) Արայիկը իմ կողքին էր, կռվում էր քաջաբար։ 1992թ. հունիսին Մատաղիս գյուղի մարտական գործողությունների ժամանակ նա ծանր վիրավորվեց։ Ապաքինվելուց հետո նորից միացավ մեզ։ Խորհրդային բանակի պահեստի սպայի ինչպես զինվորական, այնպես էլ հետախուզական հմտությունները շատ օգտակար եղան մեր հետագա ճակատամարտերում։
Այժմ Արայիկը ուսուցիչ է իր հայրենի գյուղում։ Չնայած իր սոցիալական ծանր պայմաններին, նա իր սաներին հայրենասիրության դասեր է տալիս, ներշնչում ազգասիրության ոգի. «Մեր տունը Հայաստանն է, աշխատեք շենացնել այն։ Ժառանգեք, սովորեք այն, ինչ թողել է Նժդեհի անունը կրող ջոկատը՝ քյավառցի Ռազմիկ Ամիրխանյանի (Բզո) հրամանատարությամբ։ Բոլորդ էլ ճանաչում եք նրան։ Թեպետ նա իր երկու ոտքերը կորցրեց Արցախյան ազատամարտում, սակայն այն ոգին, այն անունը, որը նա ձեռք բերեց, փոխանցվելու է սերնդեսերունդ, դառնալու է մեր պատմության լուսավոր էջերից մեկը»։ Այսպես է ասում Արայիկ Գեւորգյանն իր սաներին։
Արայիկ Գեւորգյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Ունի երկու տղա ու մեկ աղջիկ։ Կինը՝ Անուշիկ Գասպարյանը, նույնպես մանկավարժ է։ Մանկավարժ է նաեւ աղջիկը՝ Արծվիկը, ում կոչել է մոր անունով։ Որդիներից Արարատը (Արարատ պապի անունով) պատվով կատարելով իր ծառայությունը, աշխատանքի է անցել Գավառի ոստիկանության բաժանմունքում։ Արարատը նաեւ Գավառի պետական համալսարանի պատմության եւ իրավունքի հիմունքներ բաժնի ուսանող է։

3. Արայիկ եւ Անուշիկ Գեւորգյանները: Անուշիկ մոր աջ կողքին Արծվիկ աղջիկն է, ձախում՝ հարսը՝ Արմինեն: Արայիկի կողքին որդիներն են՝ Արարատն ու Նավասարդը:

Արայիկի Նավասարդ որդին այժմ հայոց բանակի զինվոր է։ Տոհմածառը շարունակողի դերը վերապահված է նրան, որովհետեւ, եթե չլիներ նրա բարեխիղճ, կարգապահ ծառայությունը, չէր գրվի այս ակնարկը, եւ այս գերդաստանի պատմությանն էլ անտեղյակ կլիներ ընթերցողը։
Ի դեպ, հարկ է նշել, որ տոհմածառի այս ճյուղի ազգանունը այստեղ փոխվում է Արարատյանի, որովհետեւ Արայիկ Գեւորգյանն իր զավակներին ազգանուն է ընտրել նրանց Արարատ պապի անունից։
Արայիկ Գեւորգյանը խմբագրություն էր եկել զորամասից իրեն եւ կնոջը ուղղված շնորհակալագիրը ձեռքին։ «Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ՝ Նավասարդ Արայիկի Արարատյանի նման զինվոր դաստիարակելու համար։ Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքով ու պատգամներով տոգորված զավակ, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը՝ անսասան կերպով տանել զինվորական ծառայության բոլոր դժվարությունները։ Ընտանեկան դաստիարակությունը, գիտելիքները, նրա բարոյակամային հատկանիշները հիմք են տալիս հավաստելու, որ ձեր որդին պատվով կկրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը եւ բարեխիղճ կկատարի հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը։
Թող արշալույսները հայոց աշխարհում միշտ խաղաղ բացվեն։
Հարգանքներով՝ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Խաչատրյան
ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Ա. Եղոյան»։
Արայիկ Գեւորգյանը հպարտորեն ցույց է տալիս շնորհակալական նամակը, պատմում է իր Նավասարդ զինվոր որդուց, որը Գավառի պետական համալսարանի 2-րդ կուրսից զորակոչվել է ծառայության։ Պատմում է Արարատ որդուց, ով կատարել է իր պարտքը եւ տուն վերադարձել, եւ որին կամոքն Աստծու այս տարի պետք է ամուսնացնի (նշանի մատանին արդեն Արմինե հարսի մատին է)։ Պատմում է Արծվիկ աղջկանից, ով աշխարհագրություն է դասավանդում հայրենի գյուղի դպրոցում։ Հետո նորից խոսում է իր Նավասարդ զինվոր որդուց, խոսում է հայրական ջերմությամբ, հպարտությամբ, եւ նրա խոսքերի հետ լրանում, հյուսվում է եւս մեկ հայ ընտանիքի պատմություն-կենսագրությունը։ Եվ ազատամարտիկ-ուսուցչի ընտանիքի պատմությունը գնում-միախառնվում է հայոց մեծ գերդաստանին, հայրենիքին, որի սահմաններին կանգնած ամեն մի ազատամարտիկ, ամեն մի զինվոր իր մտքում, իր հոգում պատկերում-գծում է Հայաստան աշխարհի իրական սահմանները։ Այդպիսին է նախնիների պատգամը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Ճակատագրեր


21/04/2011