Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

7 ՄԵԽԱԿ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ



Եռաբլուրում լռություն է… Որդու գերեզմանի մոտ անձայն արտասվում է սեւազգեստ մի կին, տապանաքարին փորագրված է՝ «Գեղամիկ… Հովհաննիսյան Գեղամ Վանիկի…»։ Գեղամիկը 18 տարեկանում է զոհվել…
♦♦♦
Ամառային մի օր Արցախյան ազատամարտի մահապարտներից մեկի՝ Մկրտիչ Ստեփանյանի տանն էի, եւ նա պատմում էր, ինչ միտքն էր գալիս. «Տասը օր էր անցել, ինչ սկսվել էին կռիվները, ես դիրքեր բարձրացա, որ ստուգեմ՝ տղերքը սնունդ, զինամթերք ունե՞ն։ Բարձրացա ու ինչ տեսնեմ. իմ մարտական ընկերներից մեկը ջղայնացած գոռում է մի ջահել զինվորի վրա: «Ի՛նչ ես անում, ա՛յ տղա, ինչի համար ես ձենդ գլուխդ գցել»,- հարցրի անհանգստացած։ Ինքն էլ թե՝ «ա՜յ Մուկո՛ւչ, թշնամին եկել, քթներիս ա հասել, ինձ ասում ա՝ խփե՞մ»։ Շատ մարդկային բան է. անփորձ, ջահել տղան առաջին անգամ մոտիկից մարդու վրա պետք է կրակեր, թեկուզեւ՝ թշնամու. շատ դժվար է… այդ հոգեբանական արգելքը բոլորս էլ դժվար ենք հաղթահարել, էլ ուր մնաց… Ես նրան իջեցրի շտաբ, որ միառժամանակ խոհանոցում մնա, դուրս գա անհավասարակշիռ վիճակից։ «Մուկուչ ձաձա, դու ինձ փրկեցիր»,- շարունակ կրկնում էր։ «Ա՛յ տղա,- ասում էի,- ես քեզ ի՜նչ ձաձա»,- ժպիտը դեմքին պատմում էր նախկին մահապարտ-զինվորը ու հոգոց հանում։- Հայի խիղճը միշտ էլ շատ է եղել… չափից շատ… Բայց պատերազմը նրան ստիպեց բահի փոխարեն զենքի կոթը բռնել»։
Ինքը՝ Մկրտիչ Ստեփանյանը, մարտական ուղին սկսել է 1988-ին Էջմիածնից՝ մասնակցելով Երասխավանի, Նոյեմբերյանի պաշտպանական կռիվներին։ 1990-1991թթ. եղել է երկրապահ կամավորականների կենտրոնական շտաբի հատուկ հանձնարարությունների ջոկատում։ 1992-ի օգոստոսի 16-ից անդամագրվել է մահապարտների «Արծիվ» գումարտակին։ «Սկզբնական շրջանում ոնց որ կինո լինի, հեքիաթ, մինչեւ որ կամաց-կամաց սկսում ես շփվել մահվան հետ։ Այն ժամանակ էլ հասկանում ես, թե իրականում կյանքն ինչ է…»։
Պատերազմը դառը հուշեր, չսպիացող վերքեր շատ է թողել, որոնցից մեկը հատկապես մինչ օրս Մկրտիչ Ստեփանյանին հանգիստ չի տալիս. նրա հիշողության մեջ անջնջելի կմնա այն դրվագը, երբ զոհված տղերքին բերում էին հանձնելու իրենց ծնողներին. «…նայում են երեսիդ այնպես, ասես հարցնում են՝ ոնց եղավ, որ դու ողջ մնացիր, իսկ մեր տղան զոհվեց…»։
«Ճակատագիր ա»,- միջամտում է մեկ այլ մահապարտ՝ Հայրապետ Օհանյանը. «Ծառի վրա նստած էի, արկը խփեց ու հենց վերեւիս ճյուղը ջարդեց, իսկ մի անգամ էլ կողքս կանգնած մի ընկերոջ խփեց-տարավ…»։
Մահապարտը փորձեց հիշել, թե ինչ էր զոհվածի անունը, բայց չկարողացավ… Ձեռքը տարավ գլխին… իսկ հետո հանեց լուսանկարները, դժվարությամբ սկսեց վերհիշել մարդկանց, դեպքերը… Ինքը ոչնչից չի բողոքում՝ ունի լավ ընտանիք… բայց ուզում է, որ արդարություն լինի, որ գոնե մեկ-մեկ էլ իրենց հիշեն։

«ԱՄՈՒՍԻՆԴ ՔՈ ՏԱՆ ՃՐԱԳՆ Է»

Տղերքին միշտ ձգում էր նույն տեղը՝ կռվի արյունոտ դաշտը. «Տասը-տասնհինգ օր էինք կարողանում մնալ Երեւանում, արդեն չէինք դիմանում. ոնց որ օդը չհերիքեր։ Թե ինչից էր, չէի հասկանում»,- ասում է զրուցակիցս՝ Հայրապետ Օհանյանը։ Մահապարտը միշտ հեգնախառն ծիծաղով է հիշում իր տուն մտնելը. «Տնեցիք գիտեին, թե ես մահացել եմ, որովհետեւ ինչ-որ հակասական լուրեր էին լսել, դրան գումարած՝ հարեւանս էլ վիրավորվել էր… Մեկ էլ գիշերը մտնում եմ տուն, ու բոլորը զարմացած ինձ են նայում…»։ «Մեզ ասացին, թե Հայրոն մահացել է,- պատմում է կինը՝ Հայկուշը,- չէինք հավատում, սպասում էինք… Տղաս երեկոյան եկավ տուն, պառկեց անկողնում եւ թեքվելով պատի կողմը՝ ասաց. «Այնպես եմ ուզում, որ պապան գա»։ Պատասխանեցի՝ անպայման կգա, իսկ փոքրիս սիրտը թխվածքաբլիթ էր ուզում…. Գիշերը ժամը երեքին, ոտնաձայներ լսեցի, ուշադրությունս լարեցի. դուռը ճռռալով բացվեց. մեկը ներս մտավ։ Միջանցքում մութ էր, սակայն ինձ թվաց, թե լույս վառվեց։ Հայացքս վեր բարձրացրի… Հայրոն էր կանգնած, ու ոչ մի լույս էլ չկար։ Հենց այդ ժամանակ հանկարծ հիշեցի հորս խոսքերը, որ միշտ կրկնում էր՝ «ամուսինդ քո տան ճրագն է»։ Իսկ Հայրոն իր ուսագրպանից մի թխվածքաբլիթ հանեց ու տվեց փոքր տղայիս։ Նրա ուրախությանը չափ-սահման չկար. ոնց որ հեքիաթում լինեի։ Երնեկ միշտ այդպես լիներ…»,- արցունքներն աչքերին պատմում էր Հայկուշը։

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԱՊԱԳԱ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐԻՆ ՏԵՍԵԼ…»

Գեւորգ Ղազարյանը եւ իր ընկերը՝ Արտակը, ընտանիք դեռ չէին կազմել, բայց շատ էին ցանկանում։ Եվ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը աղի բլիթ կերան, որ քնի մեջ ծարավից սրտները վառվի, ու իրենց ջուր բերեն իրենց ապագա հարսնացուները։ Այդ ժամանակ նրանք Քարվաճառում էին։
Ու քանի որ բլիթը շատ էր աղի, նրանք այդպես էլ չեն կարողանում քուն մտնել։ Գիշերը Արտակը դիմում է Գեւորգին, թե՝ «գնա՛, ջուր բե՛ր, ջհաննամը, թե աղջիկները չեն բերի,- պատմում է Գեւորգ Ղազարյանի մայրը,- մյուս օրը՝ առավոտյան, ամբողջ ջոկատով մի լավ ծիծաղում են տղաների վրա, ասելով, թե՝ ուզում էիք, որ ձեր հարսնացուները ձեզ ջուր բերեն, բայց, հո, ինքներդ իրար ջուր տվիք։ Որդիս հաճախ էր հիշում այդ դեպքը ու մի կուշտ ծիծաղում… Արի ու տես՝ ինքն այդպես էլ չհասավ իր մուրազին՝ զոհվեց…»,- մոր աչքերից արցունքները ծորելով հոսում-ընկնում էին դիմացը դրված սուրճի բաժակի մեջ։
«Քո անունն էլ Գեւորգ է, ես բոլոր Գեւորգներին իմ զավակի նման սիրում եմ»,- ասում է որդեկորույս կինը։
Որդին նույնչափ կապված էր մոր հետ… Զանգելանում թուրքի տուն էին մտել, որդին հանդերձապահարանում կախված մի խալաթ էր տեսել. «Ճիշտ քոնից էր, մամ,- ավելի ուշ մորը պատմել էր Գեւորգը,- մի պահ ինձ թվաց, թե դու հայտնվեցիր դիմացս ու ասացիր՝ «Գեւո՛րգ ջան, շուտ դուրս արի այստեղից»… Մենք դուրս եկանք, ու տունը մեր հետեւից պայթեց. թուրքերը ռումբ էին տեղադրել տան մեջ»։

«ՀԵՐՈՍ ԷԻՐ, ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ ԳՆԱՑԻՐ»

-Դավա՜յ, գազ տո՛ւր,- Եռաբլուր տանող ճանապարհից կատաղի դուրս է թռչում մի մեքենա եւ սկսում տեղապտույտ հնարքներ կատարել փոշու մեջ, ինչ-որ մեկը՝ տեսախցիկը ձեռքին, նկարում է… Մի քանի րոպեից մեքանան հեռանում է։ Եվ ես բարձրացած փոշու միջով դանդաղ բարձրանում եմ դեպի հերոսների պանթեոն։
Ոմանք ինձ ասում են, թե ինչ գործ ունես էդ կողմերում, ինչ ես կորցրել… Իսկ ես ասում եմ. «Ինձ եմ կորցրել…»։ Եվ նրանց դեմքին զարմանքը մեկեն փոխվում է կարեկցանքի…
…Այստեղ ննջող բոլոր տղերքն էլ հերոսներ են. հանուն հայրենիքի զոհվածներ… Արամ Օհանջանյանը նրանցից մեկն էր։ Միշտ՝ առաջին գծում։ Եվ ամեն անգամ ասում էր՝ լինելու բանը կլինի։ Մահապարտի մանկության ընկեր Սարգիս Ալեքսանյանը պատմում է. «1993 թվականի փետրվարին Մարտակերտում դրությունը շատ ծանր էր. Արամը «Խոզզվոդի» հրամանատարն էր, բայց հենց իմացավ՝ տղերքը նեղ վիճակում են, կամավոր մեկնեց առաջին գիծ։ Կողքը արկի պայթյունից զոհված «Զուբը», իսկ Արամը մինչեւ վերջ մնաց դիրքում։ Մենակ պահել էր, որ թուրքը չբարձրանա…»։
Արամ Օհանջանյանի կինը՝ Զոյան, շատ էր համոզել, որ այս անգամ ամուսինը մնա տանը, բայց Արամը էլի մերժել էր։
-Նայեց դեմքիս ու ասաց. «Զոյա՛, դու չես հասկանում՝ ես երդվել եմ, երդվել եմ դեռ չծնված մանկան դիակի առաջ, որին ադրբեջանցիները մոր փորից էին հանել…»։
♦♦♦
…Հայացքս դարձրի երկնքի կապույտին… Հեռվից լսվում էր երթուղային տաքսիների ձայնը, հետո ուշադրությունս գրավում են ձորի ներքեւում՝ ձորակի մեջ գնդակ փնտրող երկու տղա… Մի պահ թվում է, թե ամեն ինչ անցյալում է. ու այլեւս չենք լսի կրակոցներ, ռումբերի պայթյուններ, ողբացող կանանց։ Բայց… «Գնացել էինք զորամաս՝ Արամին տեսնելու,- նորից պատմում է Զոյան,- պատերից մեկի դիմաց պայթած արկի բեկոր էր դրված, իսկ վերեւում կախված էր ջոկատի առաջին զոհի՝ Աշոտի նկարը։ Երբ տղաները անցնում էին նկարի մոտով, նրանց աչքերը անսովոր փայլով էին լցվում, իսկ բռունցքները ամուր սեղմվում էին։ Հետո Արամը դիմեց մեզ. «Աշոտի կյանքը տարավ հենց այս արկը, այն մեզ ամեն պահ հիշեցնում է, որ պատերազմը շարունակվում է»։
Այդպիսի մի արկի պայթյունից էլ զոհվեց Արամը. չորս ժամ էր, ինչ հանգստանում էին, հանկարծ հարձակման հրաման ստացան… Արամ Օհանջանյանը ձեռքով հրեց Գագոյին. նա ծառի մյուս կողմում էր նստած։ Գագոն անշունչ ընկավ… Արամը տեղից վեր թռավ ու զենքը ձեռքին վազեց դեպի թշնամին… սկզբում փամփուշտը խոցեց կուրծքը, ապա ուղիղ դիմացը մի արկ պայթեց…
-Հերոս էիր, հերոսի մահով գնացիր,- լսվեց հուզախռով մի ձայն, հետո Եռաբլուրում նորից լռություն տիրեց։
♦♦♦
Որդու գերեզմանի մոտ անձայն արտասվող կինն ու տղան գնացել էին՝ հուշաքարի վրա թողնելով 7 մեխակ: Անմահության նշան է՝ մտածեցի…

ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի Ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանող

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Ճակատագրեր


21/04/2011