Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն կենտրոնն է և ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը: Բուհի կարգավիճակ ստացել է 2001 թվականին: Հանրակրթական առարկաների ֆակուլտետը ապահովում է կուրսանտների գիտելիքների ընդհանուր ճարտարագիտական բազան և ընդհանուր ռազմական պատրաստությունը: Մյուս երեք` ավիացիոն, կապի և հակաօդային պաշտպանության ֆակուլտետները մասնագիտացված են:

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի առաջին կուրսեցիների երդման արարողությունը:

Ինչպես ողջույնի խոսքում նշեց ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, հենց այն փաստը, որ երդման արարողությունը տեղի է ունենում Անկախության օրվա նախօրյակին, խորհրդանշական լինելուց զատ պարտավորեցնում է ուսանողներին ավելի աչալուրջ և պատասխանատու լինել ուսման նկատմամբ. «Այսօր Հանրապետությունը կարիք ունի լավ մասնագետների, և ձեր առաքելությունն է ստանալ համապատասխան գիտելիքներ և կոփվել, իսկ հետագայում՝ արժանապատվորեն կրել սպայի, ձեր մասնագիտական բարձր պատիվը»:

Առաջին կուրսեցիներին ողջունեց նաև ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը: Նա հորդորեց` լինել ավագ սերունդների ավանդույթների պահապանն ու շարունակողը, նվիրվել ուսմանը, սիրել ընտրած մասնագիտությունը: «Ձեզանից շատերը մեր ապագա սպաներն են,- ասաց վարչության պետը,- և այս տարիների ընթացքում է, որ դուք կստանաք համապատասխան գիտելիքներ, կկայանաք որպես մասնագետներ»:

Հատկանշական է, որ այս տարի առաջին կուրսեցիների շարքերը համալրվել են նաև աղջիկներով:

Երդման արարողությունից հետո առաջին կուրսեցիների ծնողներն ու հարազատները հնարավորություն ստացան զրուցելու ինստիտուտի հրամկազմի հետ, ուղղելու հարցեր և առաջարկություններ ներկայացնելու:

-Մենք ստացանք սպառիչ պատասխաններ մեզ անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ: Հիմնականում դրանք վերաբերում էին սովորելու պայմաններին, կենցաղին,- ասաց ուսանողներից մեկի մայրը` տիկին Ա. Մարտիրոսյանը:

– Հպարտ եմ իմ տղայով: Հպարտ եմ, որ նա լինելու է հայկական բանակի սպա, ավիատոր: Թող Աստված պահապան լինի նրան և մեր բոլոր զինվորներին, – ասաց առաջին կուրսեցու հայր Արմենը:

Տոնի և երդման արարողության կապակցությամբ առաջին կուրսեցիներին տրվեց կարճատև արձակուրդ:

Բ.ԱԹԱՆԵՍՅԱՆ