Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ. ԹԱԳՈՒՀԻՆ



«Հայ զինվորի» մշտական ընթերցողներից շատերին հաճելիորեն զարմացրել է թերթի նախորդ համարի շապիկի` գարնանային գույնզգույն ծաղիկների թագով գլուխը զարդարած երկու զինվորի երիտասարդ մոր` վանաձորցի Կարինե Քոչարյանի լուսանկարը և մանավանդ նրա հպարտ, ջերմ ու անկեղծ գրառումը, որը ոչ պակաս սրտառուչ վերջաբանով էր ավարտվում՝ «… Ու ոոո՜նց եմ սիրում ես իմ ԹԱԳԱՎՈՐ ՄԱՄԱ վիճակը»:

Ինչպես գրել է ֆեյսբուքյան մեր ընթերցողներից մեկը` տնային տնտեսուհի Խաչատրյանը, լուսանկարի եւ մակագրության մեջ խտացված են հայ կնոջ լավագույն հատկանիշները` ոգու ամրությունը, քաջությունը, անձնվիրությունը, անսահման նվիրվածությունն ու հայրենապաշտությունը, և այն կարծիքն է հայտնում, որ վերջին ամսվա սահմանային ձափազանց լարված իրադարձությունների համայնապատկերում ասված այս խոսքերը առնվազն հնչում են որպես մարտակոչ` ի քաջալերություն հայ զինվորի ու ի սարսափ մեր թշնամու:

Եվ պատահական չէ, որ թերթի առաջին էջը մի քանի օրվա ընթացքում արժանացավ 4000-ից ավելի դիտումների, բազում հավանումների եւ մեկնաբանությունների: Ահա նրանցից մի քանիսը պատահական ընտրությամբ` Սյուզան Սիմոնյանը գրել է. «Ոչ ոք չի կարող սիրել, ինչպես մայրը, օգնել, ինչպես մայրը, նվիրվել, ինչպես մայրը, հոգ տանել, ինչպես մայրը», Աստղիկ Կարապետյանը մեկնաբանել է` «Սիրելի՛ զինվոր, եղի՛ր բարեխիղճ, ծառայի՛ր նվիրումով հանուն քեզ տանն սպասող մայրիկիդ», Տիգրան Աբգարյանն էլ անկեղծացել է. «Միայն մայրն ու հայրենիքն են ամենից մաքուրն ու նվիրականը, միայն նրանք են ներում ու սպասում»:

Թերթի ֆեյսբուքյան ընթերցողներից ոմանք էլ հավանելով հանդերձ մեր էջի «Մայր Հայրենիք» ընդհանուր վերնագիրը, առաջարկում են սեփականը` «Թագավոր մայրը», «Հայոց թագուհին», «Առյուծածին մայրը», «Հայ կնոջ ուժն ու քնքշությունը»… Ի՞նչ կարելի է ասել` բոլոր մակագրություններն էլ արժանի են տիկին Կարինեին ու մեր բոլոր այն մայրերին, որոնք իրենց զավակներին նվիրում են հայրենիքի պաշտպանությանը` վստահ, որ չկա ավելի բարձր կոչում հայ կնոջ համար, քան հայրենիքի պաշտպանի մայր լինելը:

Վստահ ենք, որ մեր թերթի առաջին էջը ոգեւորել է նաեւ հազարավոր զինվորների, որոնք զինվորի մոր լուսանկարում որոնել են իրենց մոր դիմագծերը, ժպիտը, աչքերը…

Եվ իզուր չեն հայրենիքը համեմատում մոր հետ եւ ասում` ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ:

Սիրով տպագրում ենք Կարինե Քոչարյանի զինվոր որդիների՝ Հրայր եւ Նարեկ Մանուկյանների լուսանկարը եւ նրանց բարի ծառայություն մաղթում:

«Հայ զինվոր»

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


11/09/2014