Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆ Է



ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ դարձավ 50 տարեկան

-Պարոն Կարապետյան, կեսդարյա հոբելյանը առիթ է ամփոփելու անցած ճանապարհը, վերապրելու ամենաուժեղ զգացումները, ամենաերջանիկ պահերը… և ավելի լեցուն ու իմաստուն շարունակելու երկրային ճանապարհը, ավելի հաջող, վաստակաշատ… Ինչի՞ց սկսենք մեր զրույցը, թերևս՝ Ձեր կյանքի ամենահուզական, ամենատպավորիչ, ամենահիշարժան դրվագից…

-Սիրուց… եկեք զրույցը սիրուց սկսենք…

-Խնդրե՛մ։

-Ես առաջին անգամ սիրահարվեցի 7-րդ դասարանում։ Սիրուն աղջիկ էր, նուրբ… Շատ գեղեցիկ զգացում է առաջին սերը։ Բայց շատ խոցելի ու փխրուն։ Ես գեղեցիկ, հզոր մարմնով տղա էի, դասարանի ավագն էի, լավ էի սովորում։ Ես սիրում էի լինել լավագույնը։ Ես սիրում եմ լավագույններին։ Իմ սիրած աղջիկը լավ չէր սովորում, նա վառ տեսակ չէր… Ու մի օր էլ հասկացա, որ սիրահարվել եմ իմ հայերենի ուսուցչուհուն։ Դա բուռն, պաշտամունքի հասնող սեր էր։ Նա հիասքանչ էր, գեղեցիկ, մեղմ դեմքով, հոյակերտ մարմնով, խելացի, հպարտ, սեթևեթ… բա ձայնը… Մեր տարիքային տարբերությունն ընդամենը 10 տարի էր, ես հաստատ կամուսնանայի նրա հետ, բայց… նա հազիվ թե համաձայներ բաժանվել ամուսնուց։ Վերջերս ես տեսա նրան… Թեև արդեն պատկառելի տարիք ուներ, բայց այնքան գեղեցիկ էր, կանացի, նուրբ…

-Պարզապես ականջներիս չեմ հավատում։ Ո՞վ կմտածեր, որ Դուք այդքան զգացմունքային եք։

-Երրորդ սերս թենիսիստուհի էր։ Պատկերն աչքիս առաջ է՝ կարճ սպիտակ կիսաշրջազգեստով, սպիտակ գուլպաներով, սպիտակ գլխակապով… Հրճվանքի ճիչեր արձակելով խաղում էր։ Ես երբեք մտադրություն չեմ ունեցել զինվորական դառնալու… մի անգամ այդ աղջիկն ասաց, որ իր հայրը զինվորական է, ու քանի որ հայրը կատարելատիպ է իր համար, ուստի ինքը միայն զինվորականի հետ է ամուսնանալու։ Արդեն դպրոցն ավարտել էինք։ Հենց նույն օրը վազեցի զինկոմիսարիատ։ Ասացին, որ ուշացել եմ, ու միայն մեկ տեղ է մնացել Կամիշինի զինվորական հրամանատարական բարձրագույն ուսումնարանում։ Ես առանց մտածելու համաձայնեցի՝ միայն թե զինվորական դառնայի։ 4-րդ սերս կինս էր։ Ես նրան տեսա համերգասրահում ու առաջին հայացքից սիրահարվեցի։

-Ի՞նչն է Ձեզ գերում կնոջ մեջ։ Ձեր սիրած կանանց մեջ ի՞նչն էր ընդհանուր։

-Արտաքին գեղեցկությունն ու հպարտությունը։ Կնոջ մի տեսակ, որը ինչ-որ անբացատրելի ներքին վեհություն ունի, ինչ-որ չբռնվող, անմեկնելի անմատչելիություն, անհաղթահարելի ինչ-որ բան… Նման կանայք միշտ մնում են չնվաճված…

-Գիտեք, մի քիչ դժվար է դուրս գալ այս զգացմունքային դաշտից ու անցնել պրագմատիկ թեմաների, բայց պիտի փորձենք։ Պատմեք, խնդրեմ, Ձեր ծառայական կենսագրության մասին։

-Այն բնականաբար սկսվեց բարձրագույն կրթօջախից։ Ես մարզված տղա էի, ինձ ընդգրկում էին բոլոր սպորտային թիմերում և մեկ-երկու ամիս մարզելուց հետո ուղարկում էին մրցաշարերի, այն դեպքում, որ ես մարմինս գեղեցկացնելուց բացի ուրիշ ոչ մի սպորտաձևով չէի պարապել։ Ու առաջին երկու տարին ռեժիմով ծեծ էի ուտում և հաճախ մրցամարտից հետո ընկնում էի հոսպիտալ։ Մի անգամ ինձ ռինգ հանեցին սպորտի վարպետության թեկնածու բռնցքամարտիկի հետ։ Նա առաջին հարվածով ինձ նոկաուտ արեց։ Ինձ տարան հոսպիտալ։

…Երրորդ կուրսից ես սկսեցի հաղթել։ 4-րդ կուրսում արդեն աներկբա հաղթող էի։ Երբ ես կանգնում էի հաղթողի հարթակին, ինձ անսահման ուժեղ էի զգում, որովհետև ես պարտությունների միջոցով էի հասել այդ հաղթանակին։ Մեր պարտությունները ամենամեծ ուսուցիչներն են, մնում է միայն ընկալող ու աշխատասեր աշակերտ լինենք։

-Մի առիթով ասացիք, որ ծառայական առաջին մկրտությունն ստացել եք Սառուցյալ օվկիանոսում, ու ձեր վաշտում հավաքված էին դժվար դաստիարակվող և զանազան զանցանքներ գործած զինվորները։ Փաստորեն, դա կարգապահական ստորաբաժանում էր։

-Այո՛։ Ես նորելուկ սպա էի, և 200 դժվար դաստիարակվող զինվորի ղեկավարելը հեշտ գործ չէր։ Ինձ օգնեց իմ ավագ ընկերներից մեկը՝ մի ենթասպա։

-Դուք նրանից բարձր չէի՞ք կոչումով…

-Այո՛, բայց նա փորձառություն ուներ։ Ու մի անգամ ինձ ասաց՝ ընկնելը սարսափելի չէ, վտանգավոր է ընկնելուց հետո պառկած մնալը։ Այս միտքը դարձավ իմ կյանքի նշանաբաններից մեկը։ Հետո ես իմ սեփական եզրահանգումներն արեցի։ Ես հասկացա, որ կողքինիդ արդար դատելու համար պիտի կարողանաս մտնել նրա մաշկի տակ։ Եվ արդարության գործոնը ամենակարևորն է։ Արդարությունը չի վիրավորում։

-Ձեր ծառայական կենսագրության մեջ գրված է, որ մասնակցել եք Արցախյան պատերազմին, մարտական ուղի եք անցել։

-1991-ին դիմում գրեցի, որ վերադառնամ Հայաստան։ Ինձ նշանակեցին Արթիկի զինկոմիսարիատում՝ որպես բաժնի պետ։ Իսկ մեկ տարի անց, երբ սկսեց կազմավորվել ազգային բանակը, ես, բնականաբար, ծառայության անցա հայկական բանակում և նշանակվեցի նորաբաց գնդի գումարտակի հրամանատար։ Իմ զինվորները ազգային բանակի առաջին զինակոչիկներն էին։ Նրանք, բանակ ասելով, Ռուսաստան էին պատկերացնում, ռուս սպաներ… Մեծ ջանքեր էր պետք նրանց ի մի բերելու և զինվոր դարձնելու համար։ Կազմավորումից կարճ ժամանակ անց մեր գումարտակով մեկնեցի Մեղրի՝ սահմանը պաշտպանելու։ Մենք մասնակցեցինք մի շարք կարևոր օպերացիաների…Պատերազմի ժամանակ ես բացահայտեցի կյանքի օրինաչափություններից մեկը։ Նա, ով «եղանակ է ստեղծում» խաղաղ ժամանակներում, ասֆալտի վրա, ետնապահ է պատերազմի դաշտում… Հերոսանում են այն տղաները, որոնց զորամասում չես էլ նկատել, որոնք լուռումունջ էին, ինքնամփոփ, համեստ… Մի դեպք հիշեցի (սիրտս նորից ճմլվեց)։ Հորադիզի մարտերի ժամանակ մեր վիրավոր զինվորներից մի քանիսը մնացին մարտադաշտում։ Ու իմ զինվորներից ամենախելոքը (իմ կարծիքով՝ ամենաթույլը) մոտեցավ ու խնդրեց իրավունք տալ ծառայակից ընկերոջը մարտադաշտից հանելու։ Ես վստահեցի զինվորին, ես թողեցի, որ նա սխրանք գործի։ Զինվորը, կյանքը վտանգի ենթարկելով, վիրավոր ընկերոջը դուրս բերեց մարտադաշտից։

-Ո՞րն է եղել պատերազմի տարիներին Ձեր ամենադժվար օրը, գուցե ամենածանր պահը։ Կարծեմ մի քանի անգամ վիրավորվել եք։

-Ծանր մարտեր շատ են եղել, զինվորներ եմ կորցրել։ Բայց մի դեպք, չգիտես ինչու, ավելի խորն է խոցել ինձ ու դեռ խոցում է։ Դիրքերում էինք, ադրբեջանցիները կրակում էին։ Տղաներին հրամայեցի գլուխները չբարձրացնել։ Մեկ էլ տեսնեմ Արթիկը (մականունն էր) բարձրացրեց գլուխը։ Բամփեցի կասկային։ Գլուխն իջեցրեց։ Երբ հրաձգությունն ավարտվեց, հրամայեցի բարձրացնել գլուխները, բոլորը գլուխները ձգեցին, Արթիկի գլուխը մնաց կրծքին կախված… գնդակը դիպել էր ճակատին:

-Տեր Աստված, ինչ ցնցող ու ցավոտ պատկեր է՝ զինվորը՝ գլուխը կրծքին հակած։

-Մենք մի ամբողջ կյանք ապրեցինք ցավի ու ցնցումների հետ… Հիշում եմ՝ ադրբեջանցիները հասել էին Խնձորեսկ գյուղի մատույցներին։ Գորիսը մթության մեջ էր, մարդիկ նկուղներում էին ապրում… 1993 թվականի փետրվարից մինչև 1997 թվականը ես մնացի Գորիսում։

-Ֆրունզեի անվան ակադեմիան ավարտելուց հետո Դուք ծառայության եք նշանակվել այն վարչությունում, որը ղեկավարում եք 2008 թվականից։ Այս հարցազրույցը նվիրված է Ձեր ծննդյան տարեդարձին, և մենք, բնականաբար, մանրամասն չենք քննարկի զինվորական ծառայության անվտանգությանն ուղղված բոլոր սպառնալիքներն ու դրանց վերացման գործողությունները։ Ես պիտի խնդրեմ, որ Դուք սահմանեք, թե ո՞րն է բանակի ամենամեծ ձեռքբերումը վերջին տարիներին, և ո՞ր հիմնախնդիրն է այսօր ուշադրության կենտրոնում։

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ զինվորակենտրոն բանակ ստեղծելու ջանքերը ապարդյուն չանցան։ Եվ արմատապես փոխվեց սպա-զինվոր փոխհարաբերությունների տրամաբանությունը։ Զինվորին սպայից բաժանող ինչ-որ կարծր անջրպետ քանդվեց։ Հոգեբանական շրջադարձ եղավ։ Զինվորը դարձավ բանակի ամենակարևոր արժեքը։

Սեյրան Օհանյանի հայտնի ուղերձը՝ «Մեր տանը՝ մեր օրենքներով», բանակը դրսից բանակ ներթափանցող հոռի բարքերի ճանապարհը փակելու կամ այն արագ չեզոքացնելու հանձնարարական էր։ Զինվորների շրջանում միջանձնային հարաբերություններն այսօր չունեն ցանկալի բնութագիր, և երբեմն հանդիպում ենք անհանդուրժելի դրսևորումների։ Մենք պիտի կարողանանք ստեղծել մի միջավայր, համակարգ, մեխանիզմ, որ մեր տան յուրաքանչյուր նոր բնակիչ ապրի մեր օրենքներով…

Մենք տեսել ենք, թե ինչպես է փոխվում հայ զինվորի վարքը մարտական գործողությունների ժամանակ։ Նա դառնում է խիզախ, կարգապահ, պատասխանատու… Մենք պիտի կարողանանք նույն հոգեբանական պատկերն ստեղծել խաղաղ իրավիճակում։ Այսինքն՝ զինվորին համոզել, որ խաղաղ ժամանակահատվածը նույնքան կարևոր է, որքան պատերազմական իրավիճակը։ Պիտի այնպես անենք, որ զինվորը միշտ ձիգ լինի, զգոն, հաղթահարելու կամք ունենա։

-Պարոն գնդապետ, իսկ Ձեր սեփական տանն ո՞ւմ օրենքներն են գերիշխում։

-Ես իմ տան միակ տղամարդն եմ։ Ու ինձ շատ լավ եմ զգում։ Շրջապատված եմ կանացի սիրով, մեղմությամբ, խնամքով։ Երկու աղջիկ ունեմ, երկուսն էլ զինվորական են։

-Ընդունեք ջերմ մաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ծառայական հաջողություններով և անձնական երջանկությամբ լեցուն կյանք եմ ցանկանում Ձեզ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ազգային բանակ


11/09/2014