Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ



Մեծ պահքի վեցերորդ կիրակին ունի արարչության վեցերորդ օրվա ու այս կյանքի վեցերորդ դարաշրջանի խորհուրդը եւ կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ հիշեցնում է Քրիստոսի առաջին գալուստը, երբ նա եկավ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով եւ խորհրդանշում է Տիրոջ՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավորի Երկրորդ գալուստը:

Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, իսկ երկրորդը՝ արդարության ու տանջանքների, որը լինելու է բացահայտ՝ Հոր փառքով, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու բարկությամբ՝ ըստ այս խոսքի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, եւ մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջեւ հուր պիտի բորբոքվի, եւ Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. Թ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (տե՛ս Գ Թագ. ԺԹ 12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու եւ վեմեր խորտակելու:
Տիրոջ Երկրորդ գալստյան օրն անհայտ է մարդկանց՝ ըստ այս խոսքի. «Այն օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. ԻԴ 36): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակը հայտնի էր Սուրբ Գրքից՝ ըստ այս խոսքի. «Երուսաղեմի շինվելուց մինչեւ առաջին օծումը կա յոթ յոթնյակ եւ վաթսուներկու յոթնյակ, որպեսզի վերաշինվեն հրապարակներն ու պարիսպները, եւ նորոգվեն ժամանակները: Վաթսուներկու յոթնյակից հետո կվերանա օծումը, արդարություն չի լինի նրա մեջ» (Դան. Թ 25-26): Սակայն մարդիկ ծուլության պատճառով չկարողացան դա իմանալ՝ ըստ այս խոսքի. «Քո այցելության ժամանակը չճանաչեցիր» (Ղուկ. ԺԹ 44): Եվ երբ Քրիստոս եկավ, Նրան չընդունեցին, այլ նախատեցին ու սպանեցին: Այս պատճառով Երկրորդ գալստյան ժամանակը թաքցրեց մարդկանցից, որպեսզի հանկարծակի հասնի նրանց վրա:
Մինչ Քրիստոսի Երկրորդ գալուստը պիտի գա նեռը, թլպատվելով պիտի պահի Մովսեսի օրենքն ու խաբի մարդկանց՝ ասելով, թե ինքն է Քրիստոս, եւ հրեաները նրան պիտի հավատան: Իսկ ովքեր նրան չհավատան, նրանց տանջամահ պիտի անի: Ապա Քրիստոս Իր գալստյամբ սատկեցնելու է այդ գազանին:
Տիրոջ գալստյամբ պիտի բացվի երկինքը, որից պիտի սասանվեն ու հալվեն լեռները, ինչպես մոմը կրակից (տե՛ս Եսայի ԿԴ 1): «Արեգակը պիտի խավարի, եւ լուսինն իր լույսը պիտի չտա, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն» (Մատթ. ԻԴ 29): Երկնքի զորությունները եւ անմահների բյուրավոր բանակները պիտի շարժվեն, քանզի Թագավորը շարժվեց, եւ մեծ պիտի լինի Նրա բարկությունը: Երկինքը շառաչյունով պիտի անցնի ու չքանա, հրով կիզված տարրերը պիտի լուծվեն, եւ երկիրն ու ամեն գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի դառնան (տե՛ս Բ Պետ. Գ 10): Իսկ Եսային ասում է. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, եւ կլինեն նոր երկինք եւ նոր երկիր» (Եսայի ԼԴ 4): Ապա պիտի գան հրեղեն կառքերը, որոնց մեջ պիտի լինի Տերը (տե՛ս Սաղմ. ԿԷ 18): Նրա շուրջ լինելու են մրրիկ, որոտ ու երկնային զորքերի բարբառ: Նրա առջեւից լափող կրակն է գնալու, իսկ ետեւից՝ բորբոքված բոցը (տե՛ս Հովել Բ 3):
Ավետարանում ասված է. «Որովհետեւ ինչպես փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. ԻԴ 27): Ինչպես փայլակն է ահեղ զորությամբ հայտնվում, այդպես էլ մեր Տերը պիտի հայտնվի մեծ զորությամբ ու բազում փառքով: Ինչպես փայլակը որոտմամբ է հայտնվում, այդպես էլ Տերը պիտի գա փողի ձայնով, եւ ինչպես փայլակի լույսը հալածում է խավարը, այդպես էլ Տիրոջ լույսը պիտի հալածի մեղքերի խավարը: Ինչպես նախ փայլակն ենք տեսնում եւ ապա լսում նրա ձայնը, այդպես էլ Տիրոջ գալստյամբ՝ նախ խաչը պիտի երեւա, եւ ապա Տերը պիտի հայտնվի:
Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը եւ պսակելու Իր սրբերին: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝ հավաքելու Նրա ընտրյալներին աշխարհի չորս կողմերից (Մատթ. ԻԴ 31): Ննջածների հոգիները, Նրան նախընթաց լինելով, արծվի նման սլանալով, պիտի հասնեն իրենց մարմիններին եւ ապա պիտի վեր թռչեն դեպի ամպը՝ ընդառաջ գնալով Քրիստոսին:
Քրիստոսի գալստյամբ բոլոր մարդիկ փողի ձայնով դատաստանի են կանչվելու եւ հավաքվելու այնտեղ, ուր խաչվեց Տերը: Ապա Քրիստոս Դատավորը նստելու է ատյանում՝ հարցաքննելու յուրաքանչյուրին: Բացվելու են գրքերը, որից բացվելու են մեր աչքերը՝ ճանաչելու չարն ու բարին, եւ մենք պատասխան պիտի տանք մեր գործերի, խոսքերի ու խորհուրդների համար: Եվ այստեղ պիտի երեւա Դատավորի նրբատեսությունը, քանզի Նա պետք է ցույց տա անգամ այնպիսիների մեղքերը, որոնց մենք արդար էինք կարծում: Եթե միայն Տիրոջ փառքի ծագումից հովիվները երկյուղեցին (տե՛ս Ղուկ. Բ 9), իսկ մի հրեշտակի իջնելը գերեզմանի վրա ահաբեկեց պահապաններին (տե՛ս Մատթ. ԻԸ 4), ապա որքան առավել կահաբեկվեն մեղավորները, երբ փառքերի Տերն Իր զորքերով մեր աչքի առջեւ երեւա՝ դատելու մեզ:
Քրիստոսի գալուստը դատաստանի համար երկու կերպ է լինում: Առաջինը՝ երբ գալիս է յուրաքանչյուր մարդու մահվան օրը՝ առանձնական դատաստանի համար, իսկ երկրորդը՝ երբ գալիս է վերջին օրը համընդհանուր դատաստանի համար: Առաջինի համար ասում է. «Իմ Հոր տան մեջ բազում օթեւաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթե գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես լինեմ, դուք եւս այնտեղ լինեք» (Հովհ. ԺԴ 2): Իսկ վերջին օրը Քրիստոսի գալուստը նմանեցվում է փայլակի ճայթյունին: «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երեւա, եւ այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ եւ բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30): Այստեղ Մարդու Որդու նշանը խաչն է: Ինչպես համբարձման ժամանակ ասվեց. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9), այդպես էլ Երկրորդ գալստյան ժամանակ ամպով է գալու Տերը:
Տերունական Խաչը երեւալով գնալու է ու կանգնելու Երուսաղեմում, ուր Տերը խաչվեց, եւ բոլոր արարածները, Խաչին հետեւելով, գնալու են Երուսաղեմ: Ապա հնչելու են փողերը, դրվելու են աթոռները, որից հետո գալու են հրեշտակները եւ Խաչի առջեւ են ժողովելու Ադամի սերնդին: Գալու են սուրբ մարգարեները՝ հրեղեն կառքերով, ապա՝ առաքյալները եւ բաժանելու են հավատացյալներին անհավատներից, իսկ հրեշտակները պատրաստելու են մեղավորների տանջանքի տեղը: Սրանից հետո լինելու է Սուրբ Երրորդության գալուստը: Հրեշտակները, մարգարեները եւ առաքյալները Նրան ընդառաջ են ելնելու, եւ Սուրբ Երրորդությունն իջնելու է Երուսաղեմում, ուր սկսվելու է անաչառ դատաստանը: Հայրն իջնելու է տաճարում, Որդին՝ Գողգոթայի վրա, իսկ Սուրբ Հոգին՝ Վերնատանը:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Հոգևոր-մշակութային


14/04/2011