Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐԲԻՆԸ` ՈՒԺ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 21-ին Սարդարապատում ներկա գտնվեց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության կազմակերպած «Դարբնի, զինագործի օր» փառատոնին, որին, բացի հայ դարբինների գործերից, ներկայացված են եղել տեղական արտադրության զինատեսակներ: Շրջելով տաղավարներով` նախարարը գոհունակությամբ փաստեց, որ տեղական արտադրությունը երբեմն նույնիսկ առավելություն ունի արտասահմանյանի նկատմամբ և նշեց, որ հայեցակարգ է մշակվում` ոլորտի հետագա զարգացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` նման բացառիկ միջոցառման համար:

Դարբինների և զինագործների աշխատանքների և արտադրության ցուցադրությանը մասնակցում էին Երևանից և մարզերից ժամանած դարբիններ, զինագործությամբ զբաղվող կազմակերպություններ: Դարբինները տեղում ցուցադրեցին նաև իրենց վարպետությունը:

Ինչպես նշում էին կազմակերպիչները` միջոցառման նպատակը վերադարձն է դեպի ավանդական արհեստը, ինչպես նաև՝ տեղական արտադրությունը ներկայացնելը: Ըստ նրանց` դարբնեգործությունը ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ ժամանակների արհեստ է, ապա և ներկայացրին թե՛ զինատեսակներ, թե՛ արվեստի բացառիկ գործեր:

Միջոցառման անցկացմանը աջակցել էին պաշտպանության նախարարությունը և Սարդարապատի թանգարանի ղեկավարությունը: Այստեղ էր բերվել ՀՀ պաշտպանության նախարարությունում գտնվող խաչ-դրոշը, որը ևս հայ դարբնեգործության գանձերից է:

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկեց կեսօրին. փառատոնը պաշտոնապես բացեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ Մելս Չիլինգարյանը` դարբնի մուրճով զնդանին երեք անգամ հարվածելով:

Միջոցառման ընթացքում գյումրեցի դարբին Գագիկ Մարտիրոսյանը դաշույն նվիրեց Սեյրան Օհանյանին: Այն նշանավորվեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի ռազմական խրոխտ պարով:

Իր ելույթում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը երկրի կայացման տարբեր ոլորտներում և նշեց, որ դարբինների փառատոնի «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմի» այս նախաձեռնությունն ունի իր առանձնահատուկ նշանակությունը:

– Դարբնին մենք միշտ կապել ենք ուժի, արդարության և բարության հետ: Եվ դա է հիմք ստեղծել, որ համատեղելով ուժն ու արդարությունը, մենք կերտել ենք մեր պատմությունը: Մեր դարբինները կռել են ոչ միայն զենք, այլև մեր ժողովրդի բարօրության համար տարբեր միջոցներ: Եվ այսօր կրկին կարելի է համոզվել, որ շարունակվում է հայ դարբինների ստեղծագործ մտքի թռիչքը,- ասաց Ս. Օհանյանը՝ միաժամանակ ընդգծելով այն փաստը, որ Հայաստանի անկախացումից ի վեր զարգացում է ապրում հայրենական զինագործությունը:- Մենք կարող ենք փաստել, որ եթե Արցախյան գոյապայքարի սկզբնական շրջանում, երբ մենք մեր ձեռքի տակ ունեցած սուղ միջոցներով էինք զենք-զինամթերք պատրաստում, ապա այսօր պատերազմելու այն բոլոր միջոցները, որ մենք տեսնում ենք, խոսում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության զարգացման մասին: Մենք ունենք հայեցակարգ, միջոցառումների ծրագիր և այդ ոլորտը զարգացնելու ենք: Այսօր հայ զինվորը խաղաղություն է ապահովում կյանքի գնով, ո՛չ պատերազմ-ո՛չ խաղաղություն իրավիճակում, բայցեւայնպես, կարողանում է պահել մեր հայրենիքը, կարողանում է պահել մեր սահմանները և նաև խաղաղ պայմաններ ստեղծել հայ ժողովրդի խաղաղ արարման համար,- ասաց նախարար Սեյրան Օհանյանը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


26/06/2014