Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՍԱՆՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ



♦ Մեկ շաբաթում մահացել են 2 սպա, 1 ենթասպա, 1 զինվոր, վիրավորվել է 7 զինվոր:
♦ Որտեղի՞ց 15 մլն դոլար` պաշտպանության փոխնախարարին:
♦ Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը կոպտել Սաֆար Աբիեւին:

ՆՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Անցած շաբաթ ադրբեջանական բանակում շատ էին արտակարգ պատահարները: Մարտի 23-ին Շամխորի զորամիավորման կազմում եղած զորամասերից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այրվածք է ստացել 6 զինծառայող, ոչնչացել է մեծ քանակով զենք ու զինամթերք: Հրդեհն առաջացել է գեներատորի անսարքության պատճառով («1news.az», 28.03.2011):
Մարտի 27-ին ենթասպա Ազեր Ասկերովը Սումգայիթում «Մակարով» տեսակի ատրճանակով սպանել է Սալյանի շրջանի բնակչուհի Ֆրիրզա Ասադովային եւ դրանից հետո անմիջապես ինքնասպան եղել («apa.az», 28.03.2011):
Մարտի 27-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են զորամասերից մեկի շտաբի պետ մայոր Նասիմ Խանկիշիեւն ու կապի պետի տեղակալ մայոր Թախիր Մամեդովը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Երկու սպաներն էլ զոհվել են («apa.az», 28.03.2011):
Մարտի վերջին հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանցի զինծառայող Անար Ջաֆարովը: Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության` դեպքը կատարվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով («apa.az», 01.04.2011):
Հանկարծամահ է եղել Նավթալանի շրջանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Քամիլ Մամեդլին: Մահվան պատճառը չի հաղորդվում («trend.az», 01.04.2011):
Բացի դրանից, սկանդալ է բռնկվել` կապված պաշտպանության նախարարի` կադրերի եւ զինվորական կրթության գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մեմմեդովի տնից գողության փաստի հետ: Թեեւ հանցագործությունը կատարվել է 2010 թ. սեպտեմբերի 19-ին, այդ գործով կասկածյալները` նախկինում դատապարտվածներ Շ.Սաթթարովը եւ Փ.Մեմմեդովը, ձերբակալվել են ս.թ. մարտի 16-ին:
Ըստ «Ենի Մուսավաթի»` թեեւ պաշտոնապես հայտարարվել է, որ գողոնի արժեքը կազմում է 250 հազար մանաթ (300 հազար դոլար), սակայն, իրականում, փոխնախարարի չհրկիզվող պահարանում 12 մլն մանաթ (15 մլն դոլար) արժողությամբ փող եւ զարդեղեն է եղել, իսկ գողոնի իրական արժեքը նվազեցվել է` հասարակությանը չգրգռելու համար:
Թերթը պարզել է, որ ՊՆ փոխնախարարի ամսական աշխատավարձը կազմում է 1500-1700 մանաթ (մոտ 2000 դոլար), եւ պաշտոնավարելով 20 տարի, նա առանց ծախսելու կկարողանար հավաքել միայն 300 հազար մանաթ (360 հազար դոլար):
Իրենց անունը հրապարակել չցանկացած ռազմական փորձագետներն ասել են, որ Չ. Մեմմեդովը ղեկավարում է զինակոչի բաժինը, եւ այդ ոլորտից նա ամսական մեծ չափի եկամուտ ունի: Նրանց խոսքով, Ադրբեջանում «զորակոչվում է տարեկան 50-60 հազար զինակոչիկ: Եթե դրանց 20-30 տոկոսն էլ 2-3 հազար դոլար կաշառք վճարի «լավ տեղ» ընկնելու համար, ապա դա կկազմի տարեկան 2-3 մլն մանաթ: Ուստի փոխնախարարի տանը 12 մլն մանաթի առկայությունը ամենեւին էլ զարմանալի չէ»:

ԱԲԻԵՎԻ ԴԻՐՔԵՐԸ ԹՈՒԼԱՆՈՒՄ ԵՆ

Այս փաստերը ավելորդ անգամ վկայում են, որ ադրբեջանական բանակի մարտունակությունն ու կարգապահությունը, մեղմ ասած, ցածր են: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը, դատելով ըստ որոշ տվյալների, լրջորեն մտածում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին պաշտոնանկ անելու մասին:
Այսպես, ըստ «Մուսավաթ» կուսակցության պաշտոնաթերթի` «արդեն մեկ շաբաթ է, ինչ նախագահի անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիեւը ռազմաճակատային գոտում է»: Նա «այնտեղ է գործուղվել նախագահի անմիջական հանձնարարությամբ եւ տեսչական ստուգումներ է անցկացնում զորամասերում` պարզելու զինծառայողների մահվան պատճառները, ուսումնասիրելու նրանց կենցաղային պայմանները»:
Թերթը գրում է, որ այդ ամենը կարելի կլիներ համարել «խորհրդականի հերթական շրջայց, եթե վստահելի աղբյուրներից հայտնի դարձած չլիներ, որ Վահիդ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հարաբերությունները լարվել են, եւ ուժերի հարաբերակցությունը երկրորդի օգտին չէ»:
Որպես ասվածի վկայություն` թերթը նշում է, որ վերջերս մինչ այդ ՊՆ համակարգում աննշան պաշտոն զբաղեցնող` Վիդադի Ալիեւը` Վահիդ Ալիեւի հարազատ եղբայրը, «կայծակնային արագությամբ առաջ է քաշվել եւ նշանակվել ներքին զորքերի հրամանատարի տեղակալ ու ստացել գնդապետի զինվորական կոչում»: Նախկինում Սաֆար Աբիեւը «մշտապես խոչընդոտել է նրա առաջխաղացումը»:
Պաշտպանության նախարարի դիրքերի թուլացման եւս մեկ վկայություն է այն, որ փետրվարի 20-ին 7 զինվորի սպանության դեպքի առիթով հրավիրված խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիեւը շատ կոպիտ է վերաբերվել Աբիեւի նկատմամբ: Այդ մասին հայտնի է դարձել խորհրդակցության մասնակիցներից, որոնց ենթադրությամբ՝ «պաշտպանության նախարարն ստացել է վերջին նախազգուշացումը»:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է

Աճում է նաեւ հասարակական դժգոհությունը Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական իշխանությունից: Ադրբեջանական զորամասերից մեկում մահացած զինվոր Էլնուր Մեմմեդովին Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող Դեդե Գուրդ կոչված գերեզմանատանը թաղելու համար գերեզմանատան տնօրինությունը նրա ընտանիքից 200 մանաթ (250 դոլար) փող է վերցրել: Իսկ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նման դեպքերում ընդունված է, ադրբեջանական դրոշ չեն դրել մահացած զինվորի գերեզմանին, ինչը արել է վերջինիս ընտանիքը: Զինվորի մայրը դժգոհել է իր կորցրած զինվոր որդու նկատմամբ պետության անտարբերությունից: Այս մասին հայտնել է «Ենի Մուսավաթ» թերթը (28.03.2011):
Ահա եւ դժգոհության ավելի սուր դրսեւորում. Եվլախի բնակիչ, ոստիկանության նախկին մայոր Սալման Մուստաֆաեւը Հեյդար Ալիեւի կողմից իրեն տրված «Արիության համար» մեդալը վերադարձրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Ռ.Ուսուբովին հղած նամակում նախկին ոստիկանը գրում է, որ ինքը Չեռնոբիլի աղետի եւ Ղարաբաղի պատերազմի վետերան է, 4 անչափահաս երեխաների հայր, աշխատել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախարարությունում` որպես գլխավոր օպերլիազոր:
2002 թ. հունիսի 30-ին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը նրան «Արիության համար» մեդալ է հանձնել, ինչից մեկ տարի հետո Նախիջեւանի ղեկավարության պատվերով «իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, բռնանալու եւ սպառնալու» մեղադրանքով իր դեմ քրեական գործ է հարուցվել:
«Դատավորն իմ նկատմամբ ազատազրկման վճիռ կայացրեց: Նա խոստովանեց, որ իմ նկատմամբ անարդարություն եւ ապօրինություն է թույլ տալիս, քանի որ ինձ չպատժելու դեպքում ինքը կհայտնվի իմ տեղում», -նամակում գրել է Ս. Մուստաֆաեւը:
Ոստիկանության նախկին մայորը պատմել է նաեւ, թե ինչ խոշտանգումների, հոգեբանական եւ ֆիզիկական անմարդկային ճնշումների է ենթարկվել նախիջեւանյան բանտում:
Մինչդեռ նա շատ ավելի դժգոհել է Ադրբեջանում տիրող իրավիճակից: «Երկրում ժողովրդի հարստությունը, բյուջեի միջոցները թալանվում են թշնամու ունեցվածքի նման: Սոցիալական անարդարության, իշխանությունների կամայականությունների պատճառով ամեն օր տասնյակ մարդիկ վերջ են տալիս իրենց կյանքին: Հանրապետությունում օրեցօր աճում են կոռուպցիան եւ կաշառակերությունը: Առեւտրի բնագավառում ահռելի չափերի հասած կաշառակերությունը դարձել է բոլոր ապրանքների գների բարձրանալու պատճառը: Պաշտոնյաները քաղաքացիներին մարդու տեղ չեն դնում, չեն ընդունում եւ չեն լսում նրանց: Դրանից նյարդայնացած` ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում սրտի կաթվածից: Ամեն տեղ նմանը չունեցող կամայականություն, չարախոսություն, խնամիականություն, անաստվածություն է տիրում, եւ ոտնահարվում են պետականության սկզբունքները», – ասել է նա:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


14/04/2011