Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ, 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ



Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց 1-ին զորամիավորման հիմնադրման 18-րդ տարեդարձը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, քաղաքապետ Վաչագան Ադունցը, քաղաքի հասարակայնությունը, հյուրեր:

Զինվորական նվագախմբի հանդիսավոր երաժշտության ներքո ներս բերվեց զորամիավորման մարտական դրոշը:

1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց միջոցառման անցկացման պատրաստության մասին: Գնդապետ Փարվանյանն իր ելույթում ներկայացրեց զորամիավորման անցած մարտական փառավոր ուղին՝ հավաստիացնելով, որ այսօր էլ այն պատրաստ է ցանկացած մարտական առաջադրանք կատարելուն:

-Զորամիավորումը հայոց բանակում ունի իր ուրույն տեղը և վայելում է փառք ու պատիվ,- իր խոսքում ասաց գնդապետ Փարվանյանը:- Եվ պատահական չէ, որ բանակային կորպուսը կազմավորվեց Սյունյաց լեռնաշխարհում: Կազմավորվեց, կայացավ, քանի որ տարածաշրջանը հերոսանալու մեծ կենսագրություն և փորձ ունի:

Հրամանատարը շնորհակալություն հայտնեց այն զորամասերին, որոնք այս տարիների ընթացքում արժանացել են մարտական Պատվո դրոշի, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի եւ «Մարտական խաչ» առաջին աստիճանի պատվավոր շքանշանի:

Նա նշեց զորամիավորման լավագույն ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարների անունները, որոնք արժանացել են ՀՀ ՊՆ բարձր պագևների բանակաշինության գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների և հայրենիքի սահմանները խիզախությամբ պաշտպանելու համար:

Հրամանատարն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց 1-ին զորամիավորման առաջին հրամանատար, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:

Գնդապետ Փարվանյանը երախտիքի խոսք հղեց նաև զորամիավորումը ղեկավարած Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արշալույս Փայտյանին, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին՝ շեշտելով նրանց անուրանալի խիզախումն ու անմնացորդ աշխատանքը բանակաշինության և մասնավորապես զորամիավորման հաջողությունների, ձեռքբերումների և կայացման գործում:

1-ին զորամիավորման հրամանատարը, խոսքն ուղղելով զորամիավորման զինվորականությանը, կոչ արեց լինել անկոտրում, վեհանձն ու խրոխտ՝ Սյունյաց լեռնաշխարհի պես, և անհրաժեշտության դեպքում կյանքը զոհաբերել Հայոց աշխարհի խաղաղության համար:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը.

-Սիրելի՛ զինվորականներ, հավաստիացնում եմ, որ սյունեցիները միշտ ձեր կողքին են՝ ցանկացած իրավիճակում, և իշխանությունների հետ համախումբ սրբորեն կատարելու են իրենց բաժին հայրենասիրական պարտքը:

Մարզպետը տոնի կապակցությամբ զորամիավորմանը երեսուն հեռուստացույց նվիրեց:

Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքի ուղերձն ընթերցեց ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը:

Հրամանների ընթերցումից հետո զորամիավորման լավագույն զորամասերին ու զինծառայողներին հանձնվեցին ՀՀ ՊՆ սահմանած պարգևները:

1-ին զորամիավորման տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

-Հայ զինվորը ոգով ամուր է, քաջարի, վտանգի պահին՝ առնական: Կարելի է վստահորեն ասել, որ ի դեմս 1-ին զորամիավորման, նրա ենթակա ստորաբաժանումների ունակ և կարգապահ զինվորականության հայոց բանակն ունի լավագույն և առաջավոր, փորձառու և հարվածային, կայացած և օրեցօր ամրապնդվող զորական ուժ, որը, Աստված մի արասցե, պարտադրված նոր պատերազմի դեպքում իր վճռական և կործանարար հարվածը կհասցնի թշնամուն, սրբությամբ կկատարի իր բաժին հայրենասիրական առաքելությունն ու մարտական ծրագրերը:

Նախարարը, ամփոփելով իր խոսքը, ասաց. «Քանի դեռ քաղաքացիական հասարակությունը բանակի թիկունքում է, հայոց բանակը միշտ հզոր, անպարտ և հաղթանակող է լինելու»:

ՀՀ ՊՆ կողմից մի շարք լավագույն զինծառայողներ, բանակի հետ առնչվող քաղաքացիական անձինք արժանացան գերատեսչական պարգևների:

80 լավագույն զինծառայողներ արժանացան 1-ին զորամիավորման հրամանատարի պատվոգրերին և շնորհակալագրերին, հանձնվեցին կրծքանշաններ, շնորհվեցին հերթական սպայական կոչումներ, շնորհակալական նամակներ հղվեցին լավագույն ժամկետային զինծառայողների ծնողներին:

Ժողովրդի ծափողջույնների և հիացական հայացքների ներքո հանդիսավոր շարասյուներով անցան գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա ստորաբաժանումները՝ հրամանատարական կազմի առաջնորդությամբ:

Նախարար Սեյրան Օհանյանը 1-ին բանակային զորամիավորմանը հանձնեց հրամանատարական շտանդարտ:

Զորահանդեսն ավարտվեց հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած բարդ մարտավարական ելույթներով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Գորիս

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Ազգային բանակ


26/06/2014