Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ



2014 թ. մայիսի 17-ին ադրբեջանական «Բաքու փոստ» թերթի կայքում հրապարակվեց միջազգային հարաբերությունների ոլորտի իսրայելցի փորձագետ Արիե Գուտի հարցազրույցը, որում նա պնդում է, թե Ադրբեջանը «մնում է աշխարհի ամենահանդուրժողական երկիրը և միջքաղաքակրթական և միջկրոնական երկխոսության իսկական նմուշ է»:

Իսրայելցի փորձագետի տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և այն քաղաքականությանը, որ վարում են ադրբեջանական իշխանությունները ոչ միայն որոշ հարևան երկրների, այլև իրենց քաղաքացիների նկատմամբ: Այդ է վկայում վերջերս «Ազադլիգ» ռադիոկայանին ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի Բաքվում տված հարցազրույցը: Նա իր դժգոհությունն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների` «մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարական ազատությունների, քաղաքացիական հասարակության ճնշման» վարվող քաղաքականության վերաբերյալ: ԱՄՆ-ի դեսպանը ադրբեջանական ղեկավարությանը քննադատում է դատավարությունների, բողոքարկման դատաքննությունների, լրագրողների վրա հարձակումների և ոչ կառավարական կազմակերպություններում աշխատող մարդկանց նկատմամբ բռնաճնշումների համար: Պարոն Մորնինգսթարը կոչ է անում «չփակել» քաղաքացիական հասարակության թթվածինը, քանի որ նման քաղաքականությունը մեծացնում է «Մայդանի» կրկնության հավանականությունը եթե ոչ այժմ, ապա 5 կամ 10 տարի հետո:

Ադրբեջանի հանդուրժողականության մասին պնդումների հերքման օրինակ են նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հաշվետվությունները: Ըստ «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան միջազգային կազմակերպության` Ադրբեջանը անազատ երկիր է, որտեղ հակակառավարական հանրահավաքների մասնակցելու համար մարդիկ ենթարկվում են հալածանքների, իսկ լրագրողները անպատիժ ենթարկվում են հարձակումների և բանտարկությունների` թմրանյութերի առևտրի, էթնիկ ատելության, դավաճանության և խուլիգանության կեղծ մեղադրանքներով: Մեկ այլ հեղինակավոր «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը հաստատում է՝ Ադրբեջանը «բռնաճնշումների երկիր» է, որը «մամուլի ազատության սանդղակում» 180 երկրներից զբաղեցնում է 160-րդ տեղը, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ազատության «գիշատիչ» է, որն իր երկրից վանել է բազմակարծությունը: Ոչ պակաս, քան 10 լրագրող, ինչպես նաև մեծ թվով բլոգերներ բանտերում են, իսկ լրագրող ու իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլին մայիսի 15-ին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` «զենքի ապօրինի ստացման և «վաճառքի» կեղծ մեղադրանքով: Կազմակերպության հայտարարության մեջ նաև խոսվում է Ադրբեջանի «Զերկալո» անկախ թերթի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի մասին, որը 2014թ. ապրիլի 18-ին ձերբակալվել էր Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով և բռնի Ադրբեջան էր տեղափոխվել Թուրքիայից, որտեղ նա ապրում էր վերջին երեք տարիներին: Այն բանից հետո, երբ Միրքադիրովի գործով քննչական խումբը խուզարկություն անցկացրեց նրա ծնողների տանը, լրագրողի 84 տարեկան հայրը` Հաբիբուլա Միրքադիրովը, չդիմանալով որդու ձերբակալության վիրավորանքին ու իր մարդկային արժանապատվությունը նսեմացնող խուզարկությանը, հանկարծամահ եղավ:

Միրքադիրովի գործով ապրիլի 28-ին Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ շարժասանդուղքի մոտ կալանավորվեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, չնայած, Յունուս ամուսիններին դեպի օդանավակայան ուղեկցում էին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները: Կալանավորումը կատարվեց Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի միջոցառմանը մասնակցելու նպատակով Յունուս ամուսինների արտասահման մեկնելու ժամանակ: Արիֆ Յունուսը, որի մայրը հայ էր, հայտնվեց նախաինֆարկտային վիճակում, իսկ Յունուս ընտանիքի բնակարանում երկարատև խուզարկումը, ըստ You Tube-ում Լեյլա Յունուսի տեղադրած հրապարակային տեսահայտարարությունների, ուղեկցվում էր վայրենի հասարակություններին հատուկ աննախադեպ երևույթով, երբ բնական կարիքները հոգացող տիկնոջ կողքին` զուգարանակոնքի մոտ, հերթապահում էին ոստիկանները:

Ադրբեջանական պետության անհանդուրժողականության ցցուն վկայություններից է օտարատեցության քաղաքականությունը: Ադրբեջանական ժողովրդի շրջանում հակահայկական տրամադրությունների բորբոքումը վերջին ժամանակներում ստանում է ավելի ու ավելի անմարդկային ձև: Ադրբեջանի ղեկավարությունն իր նպատակներին հասնելու համար իրականացնում է ինչպես հակահայ ձեռնարկումների ֆինանսավորմամբ զուգակցվող արտասահմանյան մասնագետների զանգվածային կաշառում, այնպես էլ հայատյաց տրամադրությունների բորբոքման քաղաքականություն` աշխարհի հայությանը հրապարակավ հայտարարելով Ադրբեջանի թշնամի: Անհանդուրժողության խորհրդանշական օրինակ է Ռամիլ Սաֆարովի հերոսականացման փաստը, մի մարդու, որը էթնիկ ատելության հողի վրա 2004 թ. փետրվարի 19-ին, Բուդապեշտում, հատուկ դաժանությամբ կացնահարել էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» դասընթացների հայ մասնակցին` Գուրգեն Մարգարյանին: Այդ հրեշավոր սպանության համար երկրի նախագահի կողմից պարգևատրվելու փաստը հարուցել է բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների վրդովմունքը և դատապարտվել:

Ադրբեջանական հասարակության անհանդուրժողականության մեկ այլ օրինակ է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի զանգվածային-ցուցադրական հրկիզման փաստը: Մեկ այլ իրողություն են զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները կոչ էին անում կտրելու իրենց այն հայրենակցի ականջները, որը խիզախեց ճշմարտությունն ասելու 1990թ. Բաքվի փողոցներում ջարդարարների ծափահարությունների ներքո հայ երեխաների ու կանանց հրկիզման, բնակարանների և ունեցվածքի թալանի ու ջարդարարների ձեռքով բարձրահարկ շենքերի վերին հարկերից տկար ծերունիների վայրնետման մասին:

Դժվար է նաեւ հանդուրժողականության արտահայտություն համարել 1918թ. ջարդի ենթարկված հայերի գերեզմաններն իբրեւ թե հայերի ձեռքով կոտորված հրեաների շիրիմներ ներկայացնելու միջոցով հակահայ տրամադրությունների բորբոքման գործում հրեական սփյուռքի ներքաշման փորձերը: Մինչդեռ Ղուբայի բնակիչները, թուրքական աղբյուրների վկայությամբ, դարձան Նուրի փաշայի Կովկասյան իսլամական բանակի 1918 թ. ռազմարշավի զոհեր, մի ռազմարշավ, որին մասնակցեցին թուրքական զորքն ու կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) զինված կազմավորումները, և որն ավարտվեց այն ժամանակ հիմնականում տարբեր դավանանքի ոչ թյուրքական ժողովուրդներով բնակեցված Ղուբայի գրավմամբ և դրան հաջորդած Բաքվի հազարավոր հայերի կոտորածով:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողական ու հայատյաց քաղաքականության հրահրած 1990 թ. զանգվածային ջարդերի հետևանք է 300 հազարանոց Բաքվի հայ համայնքի չգոյությունը, որը տասնամյակներ շարունակ խաղաղ գոյակցել էր քաղաքի մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների հետ և նշանակալի դեր խաղացել Ադրբեջանի տնտեսական և մշակութային կյանքում:

Ամփոփելով` հարկ է նշել, որ երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու քաղաքական ընդդիմության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հետզհետե ավելի աճող հակաժողովրդավարական բռնաճնշումային քաղաքականության, իր ծայրահեղ մարդատյաց դրսևորումներով հանդերձ օտարատեցության ֆոնի վրա արտասահմանյան փորձագետների այնպիսի հոդվածների հրապարակումը, որոնցում գովաբանվում է «Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը», ոչ միայն չի նպաստում ժողովրդավարության հաստատմանը, այլև խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

ՀԱՅԿ ԹՈՐՈՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի
վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


19/06/2014