Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՍԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ



Անցյալը հնարավոր չէ փոխել, խմբագրել, առավել ևւս` պատմությունը: Այս իմաստով տեղին է վերհիշել արցախցիների հետևյալ թևավոր խոսքը. «Սուտը կարող է հազար ոտ ունենալ, բայց երբեք չի կարող լեռը բարձրանալ…»:

Իսկ հիմա ընթերցողներին ներկայացնեմ տարիներ առաջ Բաքվում տեղի ունեցած մի պատմություն, որը միաժամանակ թե՛ ողբերգականի և թե՛ կոմիկականի ժանրից է:

Ավելի քան քառորդ դար առաջ էր: Ադրբեջանի ԳԱ-ն հերթական ամենամյա ժողովն էր հրավիրել: Ակադեմիայի նոր նախագահ էր ընտրվել` փոխարինելով Աբդուլլաևին, տարիքը բավականին առաջացած մի մարդու, որն ամենամյա ժողովներում ունեցած իր բոլոր զեկուցումներում, որպես կանոն, կրկնում էր հետևյալ արտահայտությունը. «Իր հիմնադրումից ի վեր Ադրբեջանի գիտությունների ակադեմիան դեռևս ոչ մի գիտական հայտնագործություն չի արել»:

Ինչեւէ, դառնանք նախկին Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ամենամյա ժողովին, որը բացեց ակադեմիայի նորընտիր նախագահը: Ներկա էր նաև Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը: Որքան էլ զարմանալի է, հանրապետության առաջին դեմքի ներկայությունն անգամ ազդեցություն չունեցավ գիտնական այրերի պահվածքի վրա. ահավոր աղմուկ էր` ինչպես հետամնաց մի գյուղի կոլխոզի ժողովում: Զեկուցման համար խոսքը տրվեց կենսաբանների ամենակարկառուն ներկայացուցչին` Վ. Վոլոբուևին, որն ավելի քան 100 ադրբեջանցի ակադեմիկոսների շարքում միակ այլազգին էր: Նոր էր նա մոտեցել ամբիոնին, նոր էր հաստափոր թղթապանակից հանել զեկուցման տեքստը, ուղղել պենսնեն և հակվել առաջին էջին, երբ անսպասելիորեն նրան դիմեց Կենտկոմի առաջին քարտուղարը.

-Ընկեր Վոլոբուև, կխնդրեի՝ զեկուցեք առանց տեքստի, բանավոր: Չէ՞ որ դուք գիտնական եք, ակադեմիկոս:

Ծերուկ հրեան, հանկարծակիի եկած, մի պահ կարկամեց. նա բոլորովին չէր սպասում այդպիսի տհաճ անակնկալի: Խնդրեց թույլ տալ` կարդալու զեկուցումը, բայց Կենտկոմի քարտուղարը անդրդվելի էր: Զեկուցելու մերժում ստացավ նաև ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի գիտնական-քարտուղարը` ադրբեջանցի ակադեմիկոս: Եվ աղմկոտ ժողովն ընթացավ բոլորովին այլ, չնախատեսված հունով:

Ով էլ փորձեց ելույթ ունենալ, հանրապետության ղեկավարի զայրույթախառն ռեպլիկները թափվեցին նրա գլխին: Բոլորին ընդհատում էր, ծղրտոց հիշեցնող ձայնով հարցեր տալիս, ավելի ստորացնում խեղճերին: Առաջին քարտուղարի զայրույթի պատճառը հետո պարզվեց:

Տխրահռչակ Զիա Բունիաթովը մտերմիկ մի շրջապատում ասել էր, թե Ք. Բաղիրովը դեռ այն տարիքում չէ, որ հասու լինի գիտության պրոբլեմներին: Զիային մատնել էին, և Կենտկոմի փրփրած քարտուղարը ակադեմիայի ամենամյա ժողովն օգտագործեց` ապացուցելու, որ ինքը քաջատեղյակ է ադրբեջանական գիտության բոլոր բնագավառներում տիրող խղճուկ վիճակին: Իսկ ակադեմիայի նորաթուխ նախագահ Սալաևը իրեն այդքան բարձր պաշտոնի նշանակելու համար երախտահատույց լինելու անսքող մտադրությամբ առիթը բաց չթողեց` թուրքավարի շողոքորթելու հանրապետության ղեկավարին:

-Թավարիշչի,- եղկելի ռուսերենով ասաց նա,- քաք մը վիդիմ, մնաքաուվաժաեմի Քյամրան Մամեդովիչ ադին փոլշե ըզնայետ, չեմ մը` վըսե ագադեմիգը վմեստե վիզյատի (այսինքն`Քյամրան Բաղիրովն ավելի շատ բան գիտի, քան բոլոր ակադեմիկոսները միասին վերցրած):

Եվ քծնանքից ոգևորված` Ադրբեջանի ղեկավար աղան պայթեց վերջնականապես.

-Ո՞ւր է Բունիաթովը: Ինչո՞վ են զբաղված մեր պատմաբանները: Ջոն Կիրակոսյանի վերջին գիրքը կարդացե՞լ եք: Տեսեք՝ ինչեր են գրում հայերը: Իսկ դուք ինչո՞վ եք զբաղված: Մե՛կ ապացուցում եք, որ մենք` ադրբեջանցիներս, սերում ենք պարսիկներից, մե՛կ ապացուցում, որ մենք առաջացել ենք թուրքերից: Հերիք չեղա՞վ… Վերջ ի վերջո, մենք չպիտի՞ իմանանք, թե որտեղից ենք սերում…

Ադրբեջանի նախկին առաջին դեմքի բարձրաձայնած հարցն այսօր էլ հրատապ է և առայժմ` անպատասխան: Ժողովուրդներն էլ, ինչպես մարդիկ, ունեն իրենց անունը, հայրանունը, ազգանունը, ծնվելու վայրն ու թվական-ժամանակը: Մինչդեռ այս մեկը պատմության կողմից վավերացված, ստույգ տվյալներով ծննդյան վկայական չունի: Փոխարենը շարունակում է նորանոր կեղծ տեղեկանքներ մոգոնել` ոչ թե հին, այլ հնագույն ազգերի շարքում ամեն գնով տեղ գրավելու համար` անդրկովկասյան բնիկ ժողովուրդների և առաջին հերթին` հնագույն քաղաքակրթություն ունեցող հայերի պատմության ու նրա տարածքների հաշվին: Ինչպես նրանց նախկին ղեկավարը կասեր` բա հերիք չեղա՞վ…

Այո՛, կան հնագույն ազգեր, կան հին ու նոր ազգեր` իրենց ծագումնաբանությամբ, մշակույթով, պատմությամբ: Ադրբեջանցիները ոչ թե նոր, այլ նորաթուխ ազգ են, որը, ինչպես հայտնի է աշխարհին, պետականություն ձեռք բերեց ընդամենը 1918 թվականին, այն էլ թուրքական սվինների օգնությամբ:

Հազարամյակներ հետո (եթե դիմանա դարերի քննությանը) այդ ժողովուրդն էլ կանցնի հների պատվավոր շարքը: Ժամանակի հարց է: Իսկ այդ հանրապետության պատմաբանները, ի շահ սեփական ժողովրդի, պիտի արիություն ունենան ազնվորեն խոստովանելու Անդրկովկասում վերջերս հայտնված ադրբեջանցիների նորաթուխ ազգ լինելու պատմական ճշմարտությունը, ինչը կլինի ադրբեջանցի գիտնականների առաջին և ամենամեծ հայտնագործությունը: Եվ այնժամ այդ հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահը ամենամյա ժողովում այլևս չի կրկնի հետևյալ ամոթալի արտահայտությունը. «Իր հիմնադրումից ի վեր Ադրբեջանի գիտությունների ակադեմիան դեռևս ոչ մի գիտական հայտնագործություն չի արել»:

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


11/06/2014