Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ, ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Զորամասերում զինծառայողների փոխհարաբերությունները կանոնակարգելու, հանրային-հասարակական աշխատանքներում, մարզամշակութային խմբակներում նրանց ներգրավելու, ծառայության ընթացքում առաջացող դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու, միմյանց օգնելու, ընկերային հարաբերությունների մակարդակը է՛լ ավելի բարձրացնելու, ծառայողական, կենցաղային հարցերում նկատվող թերություններն ու բացթողումները բարձրաձայնելու համար ստեղծված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են սերժանտական խորհուրդները եւ հասարակական ակտիվները: «Հայ զինվորի» խմբագրությունը, բացելով «Զինվորական հասարակական կազմակերպություններ» խորագիրը, սերժանտական խորհուրդների եւ հասարակական ակտիվների անդամներին կոչ է անում թղթակցությունների միջոցով ներկայացնել իրենց աշխատանքը, ձեռք բերված հաջողությունները, դժվարությունները, եւ եթե անհրաժեշտ է՝ անել առաջարկություններ ՀԿ-ների գործունեությունն առավել հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ծնվել եմ Գյումրիում՝ 1994թ.: Սովորել եմ Երևանի Մ. Մեծարենցի անվան թիվ 146 միջնակարգ դպրոցում: 2010թ. ընդունվել եմ ԵՊՃՀ էլեկտրատեխնիկական ֆակուլտետ: Երրորդ կուրսից զորակոչվել եմ բանակ: Այժմ ծառայում եմ մոտոհրաձգային զորամասում, նախապատրաստական գումարտակի դասակի հրամանատարի տեղակալն եմ և զորամասի սերժանտական խորհրդի նախագահը: Պարգևատրվել եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

Զորամասի սերժանտական խորհուրդը կոչված է ղեկավարելու զորամասի սերժանտների աշխատանքը, ամրապնդելու կապը զորամասի հրամանատարության և զինվորների միջև: Ծառայության ընթացքում առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ավելի նպատակահարմար է լուծել ոչ թե հրամանատարական կազմի, այլ ծառայակից ընկերների՝ սերժանտների ջանքերով: Բայց նախևառաջ խորհրդի խնդիրը սերժանտների մասնագիտական, հրամանատարական հատկանիշների բարձրացումն է, որպեսզի կարողանան ավելի լավ ղեկավարել իրենց ենթակա ստորաբաժանումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխարինեն դասակների հրամանատարներին, պարապմունքներ անցկացնեն, ինքնապատրաստության ժամերին օգնեն զինվորներին: Զորամասում խորհրդին շատ մեծ կարևորություն է տրվում: Ես անմիջապես աշխատում եմ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի հետ, իսկ հսկողությունն իրականացնում է հրամանատարը: Խորհրդի կազմում ընդգրկված են վաշտերի խորհուրդների նախագահները:

Պետք է ասեմ, որ քննարկելու, պարզաբանելու հարցեր շատ են լինում, թեկուզև հենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում: Խորհուրդը նաեւ աշխատում է հասարակական ակտիվների հետ: Մենք ամեն ինչ անում ենք, որ տղաները ծառայեն բարեխղճորեն, սովորեն ապրել կոլեկտիվի կյանքով, հասկանան և զգան, որ իրենք հայրենիք պահող ու պաշտպանող զինվորական ստորաբաժանման անդամ են, այսինքն` իրար պաշտպանեն և միասնական գործողություններով չեզոքացնեն հակառակորդի սպառնալիքները: Միաժամանակ զորամասը մեծ տնտեսությամբ կազմակերպություն է, որտեղ կազմակերպական բազմաթիվ հարցեր են առաջանում: Ասենք՝ հանգստյան օրերին լինում են ազատ արձակումներ, իսկ հրամանատարը յուրաքանչյուրի դեպքում ուզում է իմանալ խորհրդի կարծիքը, դիրքորոշումը: Էլ չեմ ասում, որ կարող են լինել այլ, շատ ավելի լուրջ հարցեր: Սերժանտական կազմի դերը մեծ է նաև զինվորական անձնակազմերի հոգևոր-մշակութային կյանքը, հանգիստը կազմակերպելու հարցերում: Կարևոր է, որ զինվորները աշխատանքային ծանր շաբաթից հետո լավ հանգստանան: Ասեմ, որ զորամասում, ինչպես հարկն է, նշում ենք ազգային բոլոր տոները, պարզաբանում դրանց իմաստն ու նշանակությունը: Շուտով կնշենք Սարդարապատի հերոսամարտի հերթական տարեդարձը: Սպաները և առանձին բանիմաց զինվորներ ելույթներ կունենան և կպարզաբանեն Սարդարապատի հաղթանակի նշանակությունը մեր ժողովրդի համար: Իմ կարծիքով` այդ հաղթանակը մենք կերտեցինք մեր միասնության, համախմբվածության շնորհիվ և հենց այդպես համախմբված էլ կռվեցինք ու հաղթեցինք նաև Արցախում: Մեր գոյատևման ուժը մեր միասնության մեջ է:

Իմ ծառայությունը մոտենում է ավարտին, և շուտով կզորացրվեմ: Զորամասը կհամալրվի նոր, երիտասարդ զինվորներով: Ես նրանց խորհուրդ կտամ, որ հենց առաջին օրվանից մոռանան քաղաքացիական կյանքը և նվիրվեն ծառայությանը: Կասեմ` բոլորի հետ եղեք պարզ, սրտաբաց եւ անկեղծ: Դժվարություններից մի՛ տրտնջացեք, դրանք ժամանակավոր են և հաղթահարվում են ամենօրյա աշխատանքի, մարզումների միջոցով: Եղեք ընկերասեր, սիրեք ու հարգեք իրար, ձեզ զգացեք իբրև զորամասի ամենակարևոր միավորը:

ՌԱՖԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ավագ սերժանտ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Ազգային բանակ


29/05/2014