Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԴԱՍԵՐԸ



բլից հարցազրույց

Արամ Թորոսյանը մինչ զորակոչվելը սովորել է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում, աշխատել Մատենադարանի արխիվային փաստաթղթերի գիտական վերամշակման եւ թվայնացման բաժնում, մասնակցել է մի շարք միջազգային սեմինարների եւ եղել Հայաստանում թանգարանների ու գրադարանների հետ տարվող աշխատանքների գլխավոր համակարգող: Ակտիվ հասարակական կյանքով ապրող երիտասարդն այժմ ծառայում է բանակում. սերժանտ է, նորակոչիկների նախապատրաստական գումարտակում ջոկի հրամանատար, նաեւ՝ առաջնագծում տեղակայված զորամասի սերժանտական խորհրդի նախագահ: Երբ հանդիպեցի Արամին եւ իմացա, որ մեկ տարվա ծառայող է, հիշեցի զինվորներից մեկի կեսկատակ-կեսլուրջ ասված խոսքերը. «Ինչո՞ւ պիտի պաշտոնյաներն ամփոփեն իրենց պաշտոնավարման մեկ տարին, իսկ մենք՝ ոչ»: Առաջարկեցի Արամին բլից հարցազրույցի շրջանակներում ամփոփել ծառայության մեկ տարին:

-Ծառայության որակը կտրուկ կփոխվի, եթե…

-Բանակ զորակոչվեն բոլորը` անկախ տաղանդի չափից, կրթական աստիճանից, ընտրած մասնագիտությունից, ունեցվածքից, հոր, բարեկամների զբաղեցրած դիրքից: Բանակին նաեւ մագիստրոսներ ու ասպիրանտներ են պետք, ոչ թե միայն թերի կրթությամբ երիտասարդներ: Պատկերացնո՞ւմ եք` բանակը համալրվի բարձրագույն կրթություն ունեցող, արտասահմանում ուսանած երիտասարդներով: Այն կունենա հսկայական մտավոր ներուժ` նվաճումներ ապահովելու, մթնոլորտն առողջ պահելու համար:

-Բանակը ունակ է…

-Բարձր արժեքների` հայրենասիրության, քաջության, անձնվիրության, բարոյական վեհ արժեքների շուրջ համախմբելու տարբեր մտածողության, կրթության, դաստիարակության տեր զինվորների: Բանակը երիտասարդին վերադաստիարակելու, ճիշտ ուղու վրա դնելու, ուժեղ եւ արժանապատիվ քաղաքացի ձեւավորելու մեծ ներուժ ունի: Ես հաճախ եմ իմ ջոկի զինվորներին ասում, որ բանակը հոգեւոր զարգացման եւ ինքնաճանաչողության մեծ հնարավորություններ է ընձեռում, օգնում է բացահայտել սեփական արժանիքները, նկատել եւ շտկել թերությունները: Բանակը հնարավորություն է տալիս զտել-առանձնացնելու ճշմարիտ արժեքները:

-Ծառայության ընթացքում կարեւոր է…

-Ընդհանուր եզրեր գտնել ծառայակիցների հետ: Նաեւ կարեւոր է, որ բոլորը հասկանան՝ սահմանից այս կողմ թշնամի, հակառակորդ չունենք:

-Սերժանտը պարտավոր է…

-…Օգնել, ուղղորդել հատկապես նորակոչիկներին, որպեսզի նրանք հեշտ մերվեն զինվորական առօրյային: Զորակոչիկը զորամաս է գալիս բանակային կյանքի մասին սուբյեկտիվ պատկերացումներով: Երբ բախվում են իրականն ու մտացածինը, նա ընկճվում է: Հիշում եմ` նորակոչիկներից մեկը չէր հարմարվում բանակային կանոնակարգին, խստությանը, դեպրեսիվ վիճակում էր: Անհատական զրույցների միջոցով ինձ հաջողվեց փոխել նրա տրամադրվածությունը: Մասնագիտական ունակություններս հաճախ եմ կիրառում, այն ինձ թույլ է տալիս հասկանալու մարդուն, օգնելու դժվար իրավիճակներում:

-Ամեն օր առավոտյան…

-…Ստուգում եմ իմ ջոկի զինվորների հիգիենան, ասենք, օրինակ` եղունգները կտրված են, թե ոչ: Շատերն ասում են` դու էլ մեզ նման մի զինվոր ես, ինչո՞ւ պիտի դիտողություն անես: Բայց եթե ես չհետեւեմ, չասեմ, իմ փոխարեն դա կանի հրամանատարը, և դիտողությունն ավելի խիստ կլինի…

-Զինվորի համար հեղինակություն է…

-…Աշխատող, գրագետ, բանիմաց, հոգատար սպան: Օրինակ` մեր զորամասի հրամանատարը` գնդապետ Գեղամ Գաբրիելյանը: Նրան հաճախ կարող եք տեսնել զորամասի ճաշարանում: Նա զինվորների հետ է ճաշում, ընթրում: Այնքան ես ոգեւորվում, երբ հրամանատարը կողքիդ է, աշխատասենյակից չի ղեկավարում: Նորավարտ սպաներն էլ են ձգտում չթերանալ: Հեղինակություն է, օրինակ՝ հակատանկային դասակի հրամանատար, լեյտենանտ Անդրանիկ Կիրակոսյանը: Շատ կիրթ է, կարդացած (նա ավարտել է նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը), գերազանցապես տիրապետում է զինվորական գործին: Սպան պետք է ձգտի, աշխատի իր վրա, որ զինվորը հպարտ լինի նման հրամանատար ունենալու համար:

-Լավ զինվորը նա է, ով…

-…Չի թերանում ծառայողական պարտականությունները կատարելիս, գերազանց է պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ կրակային ու մարտավարական բոլոր տեսանկյուններից: Ինչ խոսք՝ կարգապահ է: Ի վերջո, անկարգապահ բանակը պարտված բանակ է: Կարգապահությունը ուղիղ համեմատական է մարտունակությանը: Ինձ համար օրինակելի է հակատանկային դասակից կրտսեր սերժանտ Վահե Համբարյանը, զինվորները վստահում, սիրում եւ հարգում են նրան: Դիրքապահ զինվորներից ոչ մեկին չեմ առանձնացնի, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ինձ համար հերոս է: Նրանք ամեն օր խրամատային պատերազմի մեջ են: Կարծում եմ` նրանց պետք է ավելի հաճախ խրախուսել…

-Զինվորը թեւաթափ է լինում…

-… Երբ անարդարություն է տեսնում, երբ խախտվում են գնահատման չափանիշները, երբ նրա ծառայությունը չի նկատվում…

-Զինվորը պետք է զգա…

-…Որ ինքը մենակ չէ, որ անհրաժեշտության դեպքում իրեն կօգնեն, աջակցություն կցուցաբերեն: Այդ հարցում մեծ է սերժանտական խորհրդի դերը: Օրինակ՝ տղաներից մեկի ծնողին պիտի վիրահատեին, մենք տեղեկացրինք զորամասի հրամանատարին, եւ նա աջակցեց կարճատեւ արձակուրդով: Եթե զինվորը նկարում է, քանդակում՝ զորամասի հրամանատարությանը տեղեկացնում ենք, միջամտում, որ նրա համար ստեղծագործելու պայմաններ ստեղծվեն, անհրաժեշտ պարագաներ տրամադրվեն…

-Քո ամենասիրելի օրը զորամասում…

-…Կիրակին է:Հրամանատարի նախաձեռնությամբ այդ օրը անցկացվում են շախմատի, շաշկու, ֆուտբոլի, վոլեյբոլի առաջնություններ: Կիրակին վերածվում է տոնի: Բոլորս անհամբեր սպասում ենք հատկապես հաղթողների պարգեւատրման արարողությանը: Նվերը հրամանատարի, ԱՀՏԱ գծով տեղակալի կամ սպաներից մեկի կնոջ պատրաստած տնական տորթն է:

-Ծառայության ընթացքում սերտած դասը…

-…Ես հասկացա, որ հայրենիքի զինվոր լինում են ոչ թե երկու տարով, այլ ընդմիշտ, որ հայրենիքի պաշտպանության գործում բոլորն էլ անելիք ունեն, որ զինվորը երկրի համար թիվ մեկ արժեքն է, որ զենք բռնելը տղամարդու գործ է, որ լավ ընկերներ ունենալը հարստություն է, որ բանակային ընկերությունը եղբայրություն է և անմոռաց է, որ… Որ Հայրենիքը քաղցր է, ու հայրենիքը պաշտպանելը սուրբ գործ է…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/05/2014