Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ` ՓԱՌԱՊԱՆԾ ՀԵՐՈՍԻՆ



Մեծն Գարեգին Նժդեհն ասում էր` իր Մեծ մեռելների պաշտամունքը չունեցող ազգերը դատապարտված են կործանման: Այդ նրանք են, որ և՛ կենդանության օրոք, և՛ մահվանից հետո իրենց ոգեղեն ներկայությամբ առաջնորդում են իրենց ժողովրդին, անմնացորդ նվիրումի և անձնազոհության ճանապարհ են ցույց տալիս: Այդ Մեծ անհատներից մեկի, երկու հարյուրամյակների համաշխարհային հետախուզության լեգենդ, դեռևս կենդանության օրոք Խորհրդային Միության բարձրագույն պարգևի` Հերոսի կոչմանն արժանացած, բոլոր ժամանակների բացառիկ հետախույզներից Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն օրերս ամրացվեց Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվահասարակագիտական համալսարանի պատին:

Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գևորգ Վարդանյանի փառապանծ մարտական ուղու և կյանքի հավատարիմ զինակիցն ու ընկերը` նույնպես ոչ պակաս անվանի հետախույզ Գոհար Վարդանյան-Փահլևանյանը, հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, ԱԺ պատգամավորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ ու շրջանավարտներ, հասարակական կազմակերպությունների, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հյուրեր մոտ ու հեռավոր արտերկրից, պարզապես քաղաքացիներ:

Ռեկտոր տիկին Գասպարյանը, բացման խոսքում կարևորելով փառապանծ հետախույզի և նրա տիկնոջ ու հավատարիմ զինակցի` Գոհար Վարդանյան-Փահլևանյանի՝ իրենց բուհի շրջանավարտ լինելու փաստը, ասաց.

-Այսօր մենք պետք է հիշենք, մեծարենք ու խոնարհվենք մի մարդու հիշատակի առջև, որն իր կյանքով ու գործունեությամբ ողջ մարդկությանը պարգևեց այսպիսի պայծառ ու խաղաղ երկինք:

Այնուհետև խոսքը տրվեց Արցախի հոգևոր թեմի առաջնորդ, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների խորհրդի նախագահ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

– Ամեն ազգ կարող է հպարտանալ Գևորգ և Գոհար Վարդանյաններով: Այս հուշատախտակը մեզ միշտ հիշեցնելու է լեգենդար հերոսին, մարդուն, քաղաքացուն: Երբ նրա ծննդյան 75-ամյակի առիթով մտերիմներով հավաքվել էինք ճաշկերույթի, հերոսի կենացը խմելու ժամանակ նրան դիմելով՝ ասացի. «Գևորգ Անդրեյի, մեր ազգը ձեզնով հպարտանում է, ուստի նրա անունից կխնդրեի ընդունել մեր եկեղեցու մեծագույն` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որպես մեր ժողովրդի երախտագիտության առհավատչյա»: Եվ երբ շքանշանը ամրացրի նրա կրծքին, այդ հզոր մարդու աչքերը խոնավացան, եւ նա արտասվեց: Մենք միշտ հպարտությամբ կհիշենք մեր փառապանծ հերոս Գևորգ Վարդանյանին և Ձեզ` Տիկին Գոհար: Օրհնյալ լինեք և երկար ապրեք:

Հուշատախտակի հեղինակ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, ճանաչված քանդակագործ Գագիկ Ղազարյանը համառոտ ներկայացրեց ականավոր հետախույզի քանդակի հետ կապված պատմությունը:

– Իմ համեստ գործն սկսեցի ութ տարի առաջ, երբ Նկարիչների միության տանը առաջին անգամ հանդիպեցի Գևորգ Վարդանյանին: Հենց այդ հանդիպման ժամանակ միտք հղացա քանդակելու նրան, և ես անմիջապես բնորդից ստեղծեցի նրա կերպարը: Այսօր մեծ հայորդու բրոնզաձույլ քանդակը հանգրվանել է ԱԱԾ թանգարանում: Եվ երբ ինձ դիմեցին, որ կատարեմ նաև հուշատախտակը, ես սիրով համաձայնեցի, քանի որ այդ լեգենդար մարդու կերպարը մխրճվել է հիշողությանս մեջ և մինչև վերջ կմնա ինձ հետ:

Միջոցառման ժամանակ մեծ հայորդու այրուն` Գոհար Վարդանյան-Փահլևանյանին Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը պարգևատրեց համալսարանի «Ոսկե մեդալով»: Այնուհետև տիկին Գասպարյանը դիմելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ասաց. «Պարո՛ն նախարար, հայտնում եմ Ձեզ, որ մեր բուհում հիմնել ենք «Ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն», որն անվանակոչել ենք Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով:

Միջոցառման ավարտին անվանի հայորդու հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման պատիվը տրվեց նրա այրուն` Գոհար Վարդանյան-Փահլևանյանին, որից հետո միջոցառման մասնակիցները հյուրընկալվեցին ռազմահայրենասիրական կենտրոնում, ծանոթացան բացառիկ ցուցանմուշներին, ներկայացվող գրականությանը, ազգային հերոսների, հայազգի մարշալների լուսանկարներով պաստառներին:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/05/2014