ԵՌԱԲԼՈՒՐ

ԵՌԱԲԼՈՒՐԼռություն է, հոգեհանգիստ:
Եռաբլուրն է լուռ խոկում:
Մայրամուտի ցոլքերը պաղ
Նշույլ-նշույլ իջնում են վար,
Իջնում ամեն շիրմաքարի,
Եվ բեկբեկուն լույսերը այդ,
Ասես խռով ու վիրավոր
Նահատակված մարտիկների
Հոգիներն են ելել կոչի…

Մթնշաղի գորշ կապույտում
Զորավարի ձայնը խրոխտ
Զորահավաք է կատարում.
Զորահավաք` Կամք ու Ոգու,
Զորահավաք` Արդարության,
Զորահավաք` Ազատ Մտքի,
Զորահավաք` Ազնիվ Գործի,
Զորահավաք` Հայրենիքի Պաշտպանների…
Զորահավա՜ք, զորահավա՜ք…

Օ՜, երիցս ճշմարիտ էր իմաստունն այն,
Որ հայրենյաց ազատության սուրբ խորանին,
Որպես մատաղ եւ նահատակ, որպես պարգեւ
Աստվածներին Հայոց ազգի, հողին Հայոց
Լավագույններն պիտի խիզախ մարտիրոսվեն…

Պատերազմ էր, սուրբ պատերազմ։

Ու կռվի ելան Հայկա զավակներն,
Ելան` անսալով կանչին սուրբ Հողի:

ԵՎ վրեժ ուներ զինվորն հայկազուն,

Եվ հաշիվ ուներ ախոյանից բիրտ`

Ժամն էր կորուսյալ հողին տիրելու…

Թշնամին` վախկոտ, բայց ամբարտավան,
Ոհմակներ հանեց վարձու եւ օտար…
Հայորդիք քաջ` մայր հողի զավակ,
Ժառանգած Ոգին հայոց հաղթական,
Զինվեցին Ոգով եւ մեծ Հավատով.
Զենքը լոկ միջոց էր նրանց ձեռքերին.
Կռվողը Ոգին էր, հաղթողը` Կամքը:

Իսկ հաղթանակը` այդ խենթ Դիցուհին,
Զոհեր է ուզում անթիվ, անհամար:
Զոհեր է ուզում ազնիվ ու շիտակ,
Զոհեր է ուզում քաջ ու անվարան,
Որոնք սխրանքի սահմանն են հատում`
Ո՛չ փառք ու պատիվ, ո՛չ շահ փնտրելով…

Եվ եղան զոհեր` անթիվ անհամար,
Եվ եղան զոհեր` ազնիվ ու շիտակ,
Եվ եղան զոհեր` քաջ ու անվարան…
Եվ հողը Հայոց` խեղճ ու ոտնակոխ,
Զորացավ հայի թափված արյունով,
Արյունը Ոգու հիշողությունն է,
Ոգին է տերը հաղթանակների…

ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԵՐԵՑԻՆ ՆՐԱՆՔ.

Շատերը` խեղված, մարմնով վիրավոր,
Բայց հոգիները` Ոգեղեն, անպարտ։

Եվ շիրիմները` սխրանքի պատյան,
Լուռ ամփոփում են սերուցքը ազգիս։
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ…

10.01.2011, Երեւան
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ