Հայերեն | На русском | In English
ՌԱԶՄԱՃԱԿԱՏՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Նրա զոհվելու առթիվ Անդրկովկասում եռօրյա սուգ հայտարարվեց, հուղարկավորության օրը կեսօրից դադարեցվեց աշխատանքը գործարաններում, հիմնարկներում, երկաթուղում, իսկ թաղմանը, այն էլ Թիֆլիսում, շուրջ 200.000 մարդ մասնակցեց: Իսկ աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր հայ գաղութներում ինքնաբուխ ու բազմամարդ սգո արարողություններ կատարվեցին: Հայությունն ու մեջքը նոր-նոր շտկող Հայաստանը վերստին անպաշտպան էին մշուշոտ գալիքի առջեւ՝ հասկանալով, որ սեւ ու արյունոտ այն տարիներին անակնկալ բացված, բայց կիսատ մնացած մի պայծառ էջ էր անդառնալիորեն շրջվում:
Նենգորեն նախապատրաստված օդային աղետին զոհ գնացած մարդը պետական, կուսակցական ու ռազմական ականավոր գործիչ, գրականագետ Ալեքսանդր Աստվածատուրի (Ֆյոդորի) Մյասնիկյանն էր, գրական կեղծանունը՝ Ալ. Մարտունի, հեղափոխական ծածկանունը՝ Ալյոշա:
♦♦♦
Անիից գաղթածների շառավիղ էր, ծնվել էր 1886 թվականի փետրվարի 9-ին, աղքատ ընտանիքում, տեղի հայկական սեմինարիայում աչքի ընկել բարձր առաջադիմությամբ, անդամագրվել դպրոցում կիսագաղտնի գործող աշակերտական ազգային-հեղափոխական խմբակին՝ խմբագրելով ձեռագիր թերթը, ապա՝ «Աղավնի» խմորատիպ երկշաբաթաթերթը:
1904-ին Ալեքսանդր Մյասնիկյանն ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր Վահան Տերյանի, Կարապետ Կուսիկյանի ու Պողոս Մակինցյանի հետ ղեկավարում է ուսանողական շարժումները, իսկ մի քանի տարի անց նրանց հետ հիմնադրում «Գարուն» գրական ալմանախը: Ռուսական առաջին հեղափոխության սկզբին ցուցարարների հետ էր, դեկտեմբերյան ապստամբության օրերին՝ բարիկադների վրա: 1906-ին անցնում է ՌՍԴ(բ)Կ՝ հետագայում՝ Կոմունիստական կուսակցության շարքերը: Ղեկավարում է մի քանի գործարանների բանվորական ընդհատակյա կազմակերպությունները: Նույն 1906-ին արտաքսվելով Մոսկվայից՝ մեկնում է Բաքու: Ապա գյուղ առ գյուղ ճամփորդելով Հայաստանով, Ղարաբաղով ու Կովկասի հայաշատ վայրերով՝ ծանոթանում է ժողովրդի ներքին կյանքին ու վերադառնում Մոսկվա՝ կրթությունը շարունակելու համալսարանի տնտեսա-իրավաբանական բաժնում: 1911-ին գերազանցությամբ ավարտելով ուսումը՝ մեկնում է զինվորական ծառայության:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես գումարտակի հրամանատար, մասնակցում է բանակային կորպուսի օպերատիվ պլանների մշակմանը, իսկ 1915-16 թվականներին՝ Վարշավայի շրջանում մղվող մարտերին, եւ ցուցաբերած արիության համար պարգեւատրվում «Սուրբ Աննայի» երրորդ եւ «Սուրբ Ստանիսլավի» երկրորդ աստիճանի շքանշաններով: Ուսումնասիրելով տարբեր երկրների բանակների մարտավարությունն ու կանոնադրությունները՝ գրում է «Համեմատական հայացք ռուսական, գերմանական եւ ավստրիական դաշտային ծառայության կանոնագրքերի մասին» թեզիսները՝ շարադրելով հետեւակի գործողությունների մարտավարության սկզբունքները, եղած թերությունները եւ քննում զորքերի մարտական ղեկավարման խնդիրները:
Գալով Մինսկ՝ 1917-ի սեպտեմբերին, երբ արդեն ղեկավարում էր մարտական ջոկատների ստեղծումը, ընտրվում է կուսակցության Արեւմտյան մարզի եւ Արեւմտյան ռազմաճակատի միացյալ կոմիտեի նախագահ, իսկ Պետրոգրադի զինված հեղաշրջման հաջորդ օրը, Մինսկում հռչակելով խորհրդային կարգեր, նշանակվում է Արեւմտյան մարզերի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ, կազմավորում Բելոռուսական 1-ին հեղափոխական գունդը (Բելոռուսիայի Կարմիր բանակի առաջնեկը), որն զբաղեցրեց քաղաքի կարեւոր կետերը՝ կանխորոշելով դեպքերի հետագա ընթացքը: Ապա Միսակ Տեր-Հարությունյանի հետ ղեկավարում է Մոգիլյովի գրավումը:
Նոյեմբերի 20-ին Մինսկի խորհրդի, Բելոռուսիայի ռազմահեղափոխական կոմիտեի եւ կուսակցության Հյուսիսարեւմտյան մարզային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրվում է Արեւմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար: Նա նոր բանակի առաջին ընտրված հրամանատարն էր, ինչպես այն ժամանակ ընդունված էր ասել՝ «հեղափոխության առաջին գեներալը», որը նաեւ խորհրդային բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալն էր համարվում: Այսպիսով, 31-ամյա Ալեքսանդր Մյասնիկյանի ձեռքում կենտրոնացավ Արեւմտյան մարզի՝ ներկայիս Բելառուսի, Լիտվայի ու ՌԴ Սմոլենսկի մարզի խորհրդային, կուսակցական, գործադիր ու զինվորական իշխանությունը:
Նոյեմբերի վերջին, ի թիվս մյուս պաշտոնների, նշանակվում է նաեւ Արեւմտյան մարզի կառավարության նախագահ, ապա համատեղության կարգով նաեւ՝ Հարավարեւմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար, իսկ արդեն դեկտեմբերին, երբ անգլո-ֆրանս-ամերիկյան համաձայնագրով Ռուսաստանը բաժանվեց ազդեցության գոտիների, նշանակվում է խորհրդային իշխանության բոլոր զինված ուժերի (Կարմիր բանակը դեռ չէր ստեղծվել) գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատար՝ մնալով մարտական գործողությունների հիմնական թատերաբեմի՝ Արեւմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար եւ չազատվելով Արեւմտյան մարզում զբաղեցրած պաշտոններից: Այստեղ եւս նա գրեթե անկարելին արեց՝ բանակը ժողովրդավարական հիմունքներով վերակազմավորելու, դասալքությունը վերացնելու եւ քայքայվող ռազմաճակատներում դիմադրություն կազմակերպելու համար: Արդեն հեղափոխության ու հակահեղափոխության պայքար չէր, այլ պայքար հարձակվող զավթիչների դեմ:
Այս շրջանում Ալեքսանդր Մյասնիկյանի հրամանները, Կարմիր բանակի ստեղծման տեսական հիմքը եւ խորհրդային ռազմական իրավունքի փայլուն էջեր լինելուց բացի, վկայում են նաեւ իրավաօրենսդրական ասպարեզներում նրա բացառիկ լայնախոհության ու խորաթափանցության մասին:
1918-ի սկզբին գերմանական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, Բելոռուսիա, Ռուսաստան, ապա զավթեցին Բելոռուսիայի մեծ մասը: Բայց Մյասնիկյանի հմուտ ղեկավարման շնորհիվ պահպանվեց ամբողջ ծանր հրետանին, հսկայական աշխատանք կատարվեց նահանջը կանգնեցնելու եւ պարտիզանական պայքար ծավալելու համար: Նրան հաջողվեց մի քանի օրում ոտքի հանել իր ղեկավարած բոլոր կառույցները, եւ բանակը ստացավ իշխանության բոլոր մարմինների օգնությունը: Փետրվարի 23-ին, որը հռչակվեց «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ծննդյան օր», Արեւմտյան ռազմաճակատի հրամանատարությունը, վերադասավորելով ուժերը, երեք ուղղություններով սկսեց սլավոնական հողի ազատագրումը:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ