Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2013 թվականի ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասում ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպ չի արձանագրվել: Այս մասին հայտնեց զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արսեն Մանուկյանը: Խոսելով փողոցային բարքերի՝ զորամաս ներթափանցման մասին, նա նշեց, որ կատարվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ իրենց հաջողվում է զորամասը զերծ պահել նման հոռի երևույթներից ու վտանգավոր վարակներից:

– ՀՀ պաշտպանության նախարարը 2014 թվականը հայտարարել է բանակում փողոցային բարքերի ներթափանցման դեմ պայքարի տարի: Պարոն մայոր, եկեք միանգամից խոսենք այն կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք Ձեզ օգնել են փողոցային բարքերի դեմ պայքարում:

– Փողոցային բարքերը զորամաս են ներթափանցում ոչ միայն նորակոչիկների, այլ նաև պայմանագրային զինծառայողների հետ միասին: Վիճակն ավելի խորացնում է վերջին տարիների ընթացքում նկատվող նորակոչիկների կրթական ցածր մակարդակը: Իսկ կանխարգելիչ միջոցառումները քաջ հայտնի են բոլոր հրամանատարներին` անհատական զրույցներ, գաղափարադաստիարակչական աշխատանք, մշակութային-ժամանցային համապատասխան միջոցառումների կազմակերպում, միայն թե դրանք պետք է ամենօրյա, ամենժամյա բնույթ կրեն, և հրամանատարությունը պետք է հետևողական լինի իր աշխատանքում: …Ինչ խոսք, դաստիարակչական աշխատանքների հիմքում պետք է ընկած լինի ռազմահայրենասիրական գաղափարախոսությունը: Միաժամանակ, իմ կարծիքով, կիրթ վարվելակերպը, օրինապահությունը, սերը կարգուկանոնի նկատմամբ մարդու մեջ պետք է դաստիարակվի ոչ թե դպրոցական, այլ նույնիսկ նախադպրոցական, անգամ` ավելի վաղ տարիքից:

Արատավոր, փողոցային բարքերի դեմ պայքարի գործուն միջոցներից մեկն էլ զինվոր-սպա մարդկային անկեղծ, վստահելի փոխհարաբերություններն են: Սպաներն իրենց մասնագիտական ունակությունները դրսևորելուց զատ, անհրաժեշտ է, որ հանդես գան որպես հոգեբան-մանկավարժներ: Երիտասարդ սպաները երբեմն փորձի, երբեմն էլ համապատասխան գիտելիքի պակասի պատճառով չեն կարողանում զինվորների հետ աշխատել, դժվարանում են միմյանց հետ «լեզու գտնել»: Մեր կարևոր գործերից մեկն էլ երիտասարդ սպային ամեն կերպ օգնելն է, որպեսզի նրա գիտելիքների, իմացության շրջանակն ընդլայնվի անհրաժեշտ փորձի կուտակման հետ մեկտեղ:

Շատ եմ կարևորում նաև կրտսեր հրամանատարական անձնակազմի հետ անմիջական շփումները: Ավելի հասկանալի լինելու համար բերեմ մեկ օրինակ: Այսպես՝ Բանակի օրվա առիթով հանձնարարել էի բոլոր սերժանտներին զեկույց ներկայացնել տոնի վերաբերյալ, և չսխալվեցի իմ հաշվարկներում: Պատկերացրեք` բացահայտվեցին շատ խելացի, լայն մտահորիզոնով, մեծ ունակությունների տեր սերժանտներ, որոնք առօրյա ծառայության մեջ չեն կարողանում դրսևորվել, հաճախ նույնիսկ դժվարանում են արտահայտվել ու ներկայացնել իրենց մտքերն ու գաղափարները: Տաղանդավոր զինվորներ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք էլ, չենք ճանաչում: Մեր` սպաներիս պարտքն է գտնել նրանց և ճիշտ օգտագործել նրանց կարողությունները, ներուժը:

Ապագա զինվորի կամ հենց արդեն ծառայող զինվորի դաստիարակության գործում մեծ դեր ունի նաև ծնողների վերաբերմունքը բանակի նկատմամբ: Մենք պետք է համագործակցենք և, ինչ խոսք, համագործակցում ենք զինվորների ծնողների հետ: Զորամասում պարբերաբար անցկացվում են հանդիպումներ ծնողների հետ, ունենք ծնողկոմիտե, շատ ակտիվ աշխատում ենք մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Եվ ոչ մի աշխատանք անհետևանք չի մնում. ուրախալի է, երբ ծնողը զորամաս է մտնում ժպիտը դեմքին, ոչ թե մտահոգ հայացքով: Դա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է:

Ոչ միայն ծնողներին, այլև տեղական ինքնակառավարման մարմիններին, դպրոցներին, որտեղ սովորել է զինվորը, շնորհակալական նամակներ ուղարկելը մեր զորամասում ամրագրված լավագույն ավանդույթներից է: Ընդ որում, մենք չենք առանձնացնում միայն լավագույն ծառայողներին: Եվ դա ճիշտ մոտեցում է. և՛ զինվորն է ոգևորվում, և՛ զինվորի ծնողը: Իսկ այդ ոգևորությունը ի շահ բանակի է, մեր երկրի: Մենք պետք է անպայման որեւէ դրական բան շեշտենք անգամ թերացող զինվորի մեջ և այն ճիշտ ուղու վրա դնենք: Իսկ դրական շատ բան կա ամեն զինվորի մեջ, միայն թե պետք է մարդկայնորեն վերաբերվել ամեն մեկին առանձին: Այս ամենի համադրումը կամ այս ամենի համատեղումը և հետևողական կիրառումն էլ կոչվում են փողոցային բարքերի եւ անցանկալի երեւույթների դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ: Թեև մեր աշխատանքները չեն սահմանափակվում միայն նշված միջոցառումներով… Ընդհանրապես` հրամանատարական կազմը պետք է անձնական օրինակով կրթի, սովորեցնի զինվորին…

– Մեր նախնական զրույցի ընթացքում Դուք նշեցիք ավելի բարձր մակարդակով ՀՊՊ պարապմունքների անցկացման անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է մասնավորապես դա պայմանավորված:

– Ցավոք սրտի, ինչպես արդեն նշեցի, զինվորների կրթական մակարդակը ցածր է: Պատկերացրեք, որ բանակ զորակոչված երիտասարդը երբեմն չգիտի, թե որո՞նք են մեր հարևան երկրները, նրանցից ովքեր են մեր բարեկամները, ովքեր` հակառակորդները, կամ թշնամիները: Բնական է, որ նման զինվորների հետ աշխատելը չափազանց դժվար է և լրացուցիչ ջանքեր է պահանջում…

ՀՊՊ պարապմունքների ժամանակ մենք ներկայացնում ենք հիմնական թեմաները, խոսում հայոց պատմության փառավոր էջերի, Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին, ծանոթացնում ենք տարածաշրջանում և աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, պատմում ենք Հայ Առաքելական եկեղեցու դերի եւ նշանակության մասին, քննադատում ենք բազմապիսի աղանդները, ցույց տալիս դրանց կործանիչ ու ապազգային էությունը… Աղանդավորական շարժումների ազդեցության տարածումը հիմնականում ընտանիքների սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ մի շարք հանգամանքներով է պայմանավորված: Շատ անգամ երիտասարդները պարզապես հետևում են իրենց ծնողներին: Կանխարգելիչ միջոցառումների տեսանկյունից խիստ կարևոր է խելացի եւ համոզիչ զրույցի միջոցով նորակոչիկին ցույց տալ, որ տվյալ աղանդը վնասակար է անձամբ նրա, նրա հարազատների, հասարակության և պետության համար… Իսկ աղանդները անհատին կարող են հասցնել ինքնախեղման կամ նույնիսկ ինքնասպանության: Պետք է զինվորի աչքին բարձրացնել Հայ Առաքելական եկեղեցու դերը, մանավանդ շեշտել նրա հսկայական դերակատարությունը հայապահպանության գործում: Մեր զորամաս է պարբերաբար այցելում հարևան զորամասի հոգևոր սպասավորը: Պետք է արձանագրել, որ մեր զորամասում աղանդավորական շարժումների հետեւորդներ չկան:

Զինվորների ճաշակի, ինքնաճանաչողության, առհասարակ՝ աշխարհայացքի ձևավորման վրա շատ դրական ազդեցություն են ունենում թանգարաններ, տեսարժան վայրեր այցելությունները… Ի դեպ, վերջերս այցելել ենք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Խոր Վիրապի վանական համալիր: 2009-2010 թվականներից մենք պարբերաբար համատեղ միջոցառումներ ենք իրականացնում նաև մարզի դպրոցների հետ, կազմակերպում փոխայցելություններ:

Ուրախալի է տեսնել զինվորին գրքով: Մենք հնարավորություն ենք տալիս զինվորին ինքնակրթվելու և նույնիսկ կարգադրել ենք անմիջական հրամանատարներին ուսումնական ժամանակից 5-10 րոպե ազատ ժամանակ նրանց տրամադրել: Զինվորներն ինքնուրույն անգլերեն, այլ օտար լեզուներ են սովորում, մասնագիտական գրքեր են ընթերցում…

Զրուցեց ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
լեյտենանտ
Լուսանկարը՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան