Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆ Է»
«ԶԻՆՎՈՐԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆ Է»

Ինչպես սպաներն ու զինվորները, այնպես էլ զորամասի հոգեւոր սպասավորներն իրենց ծառայության վայրն ընտրում են վիճակահանությամբ: Մեկ տարի յոթ ամիս առաջ էր: Վոլոդյա սարկավագ Նաջարյանը վիճակ հանեց եւ հոգեւոր ծառայության կոչվեց ՊԲ «Եղնիկներ» անվամբ զորամասում:

-Ճեմարանում վեց տարի ուսանելուց հետո եկա զորամաս: Զինվորական համակարգն ինձ խորթ էր, անգամ կոչումները չէի տարբերում: Սովոր էի այլ մթնոլորտի, չէի պատկերացնում, որ հոգևորականի ներկայությամբ մեկը կարող է հայհոյել, բարձր տոնով խոսել: Մտածում էի՝ ես մեկն եմ, զինվորները՝ հազար ու մեկ, ինչպե՞ս եմ ազդելու նրանց վրա, ինչպե՞ս եմ հասցնելու, բոլորին ժամանակ տրամադրելու: Հիշեցի` երբ սարկավագ էի ձեռնադրվում, ձեռնադրող հայրը, հասկանալով, որ հետագայում նման հարցեր են առաջանալու, ասաց՝ «12 առաքյալները հեղաշրջեցին ամբողջ աշխարհը, մի՞թե չեք կարողանալու մեկ զորամասում հոգևոր միջավայր ստեղծել»: Այդ միտքն ինձ գոտեպնդեց: Ես հավատացի, որ կկարողանամ սիրո, բարության, խաղաղության, համբերության, հեզության, արժանապատվության, ազնվության մթնոլորտ ձևավորել:

Ամենաշատը զինվորի վստահության կարիքն էի զգում և, փառք Աստծո, շահեցի այդ վստահությունը:

Զինվորին հասկանալու, նրա վստահությանն արժանանալու համար սարկավագ Նաջարյանն սկսեց ապրել զինվորական առօրյայով: Ճաշում է զինվորական ճաշարանում, հրաձգարան է գնում, մարտական դիրքեր է բարձրանում:

-Մարտական դիրքեր բարձրանալիս, հրաձգարան գնալիս ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով հաճախ հոգևորականի սքեմը փոխարինում եմ զինվորական համազգեստով: Սկզբնական շրջանում համազգեստով հոգևորականը զարմանք էր հարուցում, և հաճախ կարելի էր լսել՝ «Վա՜յ, տեր հայրն էլ է զինվորական համազգեստ հագել»: «Ինչո՞ւ եք զարմանում, եթե անհրաժեշտ լինի, ես էլ ձեզ նման պիտի զենք վերցնեմ և գնամ պատերազմ»,- պատասխանում էի: Հրաձգարանում կրակում էի զինվորների հարցական հայացքների ներքո. շատերի համար տարօրինակ էր զենքով հոգևորականը: Բացատրում էի, որ հայրենիքի պաշտպանության գործում բոլորս հավասար ենք, և որ թշնամու դեմ զենքով պայքարելը մեղք չէ: Ավետարանական մի ճշմարտություն կա՝ եթե տանտերը իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն, այսինքն` եթե մենք վստահ լինենք, որ թշնամին մեզ չի հարվածելու, զենքը կթողնենք, կգնանք մեր տները, բայց քանի որ թշնամին նենգ է և ոչ մեկիս չի խնայելու, ուրեմն՝ պետք է զինվենք, կռվել սովորենք և ազգովի պաշտպանվենք: Ճշմարիտ է Անդրանիկ Զորավարի խոսքը՝ հայը իր կյանքը պահպանելու մեկ միջոց ունի միայն՝ զենքը և զինավարժությունը:

Ընկերական հարաբերություններ ստեղծելու համար, ըստ սարկավագի, կարևոր է ոչ միայն զինվորների հետ նույն պայմաններում ապրելը, միևնույն օրապահիկով սնվելը, այլև դիմացինին համբերությամբ լսելու պատրաստակամությունը:

-Ես զինվորներին ասացի` տղանե՛ր, հոգևորականը ամբողջ օրվա համար է, իմացե՛ք՝ 24 ժամ պատրաստ եմ լսելու ձեզ: Եթե զինվորը ընտանիքում, ընկերուհու կամ զինակցի հետ խնդիր է ունենում, եթե նեղված է, հոգևորականից օգնություն, խորհուրդ է ակնկալում: Միջանձնային հարաբերություններում առաջացած կոնֆլիկտները հարթելու նպատակով զրուցում եմ, հասկացնում, որ չի՛ կարելի թշնամացած հացի նստել, չի՛ կարելի թշնամացած նույն կացարանում քնել, չի՛ կարելի թշնամացած դիրք բարձրանալ: Այս ընթացքում հասցրել եմ ուսումնասիրել նաև զինվորական կանոնագրքերը, տղաների հետ շատ եմ զրուցում զինվորական կարգուկանոնի պահպանման կարևորության շուրջ և միշտ ընդգծում եմ հայտնի խոսքը՝ ամենավնասակար կենդանին օրենքներին չհետևող մարդն է: Օրվա ընթացքում տասնյակ զինվորների հետ եմ զրուցում: Պիտի ասեմ, որ զինվորը միշտ հոգին բացելու, մեկի հետ անկեղծ զրուցելու կարիք ունի, և ցանկալի է, որ այդ մեկին անպայման գտնի զորամասում:

Հոգևոր սպասավորը ոչ միայն շարքային զինվորի ընկերն ու վստահելի բարեկամն է, այլև՝ սպայի: Նրանք էլ հոգևորականի հետ շփվելու, անկեղծանալու կարիք են զգում:

Կապիտան Արթուր Դավթյանի գլխավորությամբ եւ զինվորներ՝ Մանուկ Բաղդասարյանի, Նարեկ Մխիթարյանի, Արսեն Սադիկյանի, Արարատ Հայրապետյանի մասնակցությամբ մարտական դիրքում կառուցված մատուռը։

-Սպաների հետ նույն կացարանում եմ մնում: Անմիջական շփումների ժամանակ շատ տարբեր հարցեր ենք քննարկում` Աստվածաշնչից մինչև զինվորական կանոնագրքերը… Ես եկել եմ այն եզրակացության, որ սպա-զինվոր հարաբերություններն ընկերական կլինեն, եթե վերադասը զինվորի մեջ տեսնի անհատականություն, հարգի նրա արժանապատվությունը, չստորադասի նրան, երբեք չմտածի, թե զինվորն այնքան խելք չունի, որքան ինքը: Սպան պետք է հասկանա, որ վաղը զինվորի հետ է մարտի գնալու, որ ինքը առանց զինվորի ոչինչ է… Իսկական սպայի օրինակելի կերպար է զորամասի հրամանատարը` գնդապետ Աշոտ Աղաջանյանը: Նա բարի է ոչ միայն խոսքով, այլև իր արարքներով: Խստապահանջ է, բայց և համբերատար, մեծահոգի, ներողամիտ: Հրամանատարի ուշադրությունը զինվորի հանդեպ ծնողական է, նա գրեթե ամեն օր մարտական դիրքեր է բարձրանում և երբեք դատարկաձեռն չի գնում, զինվորների համար միրգ, քաղցրավենիք, ըմպելիք է տանում: Կարծում եմ` միայն հոգատար վարվելաձևով կարելի է երիտասարդի մեջ դաստիարակել բարություն, ընկերասիրություն: Դաստիարակության լավագույն միջոցը անձնական օրինակն է: Հրամանատարի օրինակը` առավել ևս: Մեր զորամասում զինվորները հոգատար են և՛ միմյանց նկատմամբ, և՛ սպաների: Հիշեմ մի դեպք. զորամասի մարտական հենակետում հրամանատարներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Հենակետ մեքենայով չես հասնի, ճանապարհն անանցանելի է: Երկու զինվոր սպային գրկած մի քանի կիլոմետր տանում- հասցնում են մեքենան ու տեղափոխում բուժկետ:

Ես ամեն օր ականատես եմ լինում ընկերասիրության, անձնվիրության, արիության, հայրենասիրության դրսևորումների: Մի՞թե հայրենասիրություն չէ, երբ զինվորը մարտական դիրք հասնելու և սահմանը հսկելու համար ծանր ուսապարկը շալակին՝ ոտքով կտրում-անցնում է տասնյակ կիլոմետր, երբեմն էլ ավելի ձգվող ճանապարհը: Զինվորն է մեր երկրի արժեքը, զինվորը ոչ թե տարածք է հսկում, այլ մեր հոգևոր ժառանգությունն ու սրբություններն է պահպանում: Գնահատե՛նք զինվորին:

Սարկավագ Նաջարյանն այն կարծիքին է, որ ծառայության ամեն օրը գալիս է ապացուցելու հայտնի ճշմարտությունը՝ առողջ մարմնի մեջ պետք է նաև առողջ հոգի լինի, որ զինվորի գերազանց ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական իմացությունը դեռևս բավարար չեն, և նա պետք է նաև հոգեպես առողջ լինի, տիրապետի հոգևոր զենքին:

-Տղաները հաճախ խնդրում են, որ իրենց եկեղեցի տանեմ, ուզում են մասնակցել սուրբ պատարագին: Տասնյակ զինվորներ մկրտվել են զորամասի տարածքում տեղակայված պատմական Գյուլիստանի հոգևոր կենտրոնում՝ Նապատ վանքում (այժմ կոչվում է Սուրբ Ամենափրկիչ): Ոտքով ուխտագնացության ենք գնում, ժամերգություն ենք կատարում, խունկ ենք ծխեցնում և ազգային-հոգևոր երգեր երգելով` զորամաս ենք վերադառնում: Զորամասի մարտական գրեթե ամեն հենակետ ունի իր մատուռը, որտեղ տղաները մոմ են վառում, աղոթում: Միասնաբար աղոթք բարձրաձայնելն առ Աստված օգնում է հավատով և լավատեսությամբ շարունակելու ծառայությունը: Ես տղաներին միշտ ասում եմ՝ աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է, և նրանք բազմիցս համոզվել են: Պատահական չէ, որ բարձր ջերմությամբ հոսպիտալացված զինվորն ընկերոջը խնդրել էր ինձ փոխանցել, որ մոտենամ իրեն, և միասին աղոթենք: Զորամասում ծառայում են զինվորներ, որ այս կամ այն աղանդի հետևորդ են, և ես երբեք նրանց թշնամաբար չեմ վերաբերվում, քանի որ նրանք, իբրև մոլորյալներ, ամենից շատ գթասրտության, դարձի կարիք ունեն: Իմ ծառայության ընթացքում ոմանք մկրտվելու ցանկություն են հայտնել և դարձել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ: Սա ինձ համար մեծ ձեռքբերում է: Սահմանամերձ զորամասերում հոգևոր սպասավորություն իրականացնելն անհրաժեշտություն է նաև հոգևորականներիս համար: Այստեղ բնության, ծառ ու թփի մեջ Աստծուն ավելի հեշտ ես գտնում, հաղորդակցվում, իսկ բարձրանալով մարտական դիրքեր՝ հասկանում ես՝ ինչ է հայրենիքը և որտեղից է այն սկսվում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ