Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ



Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ,

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ։

Հասա մինչեւ Չինումաչին,

Հասա մինչեւ ծովը Ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը կրակ։

Հազար անգամ ծագեց Արեւ

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հըրատերեւ,

Տեսա ակունքն արեգական

Եվ փերիներ քնքուշ ու սեւ,

Աչքերը բոց, իրենք խավար,

Եվ փերիներ տեսա թեթեւ

Փրփուրի պես ճերմակ ու վառ…

Բոլորը ծուխ, բոլորն ավազ,

Բոլորն ավար ջուր ու քամուն.

Չըկա քեզնից գերիչ երազ,

Քո անունից անուշ անուն…

♦♦♦

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,

Պարզված վերըստին սրերին սուրսայր.

Ինչպե՞ս չըսիրեմ□հեզությամբ լցված

Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր…

Որքան որ ելան արյունիդ ագահ,

Դու կամավոր զոհ-բոլորը տվիր.

Դու հավետ եղար անարատ վըկա-

Չարերի կոխան, խաչվա՛ծ իմ երկիր։

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,

Աշխարհի համար պարզեցիր անպարտ,

Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,

Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,

Զրահավորվիր խանդով խնդագին,

Վառիր երկունքի գիշերում խավար,

Հրով մկրտված նաիրյան հոգին…

♦♦♦

Դրեք սիրտըս դարավոր

Հարազատ օրրան,

Օրորեցեք վիրավոր

Սիրտըս նաիրյան…

Նվագներով պարզ ու նուրբ

Գգվեցեք նրան,

Հայրենական երգով սուրբ

Սըգացեք վրան…

Ոսկե թեւեր ուներ նա,

Ուներ բոցեր բորբ,

Արյունաներկ է հիմա

Ու երկրիս պես որբ։

Դրեք սիրտըս դարավոր

Հարազատ օրրան,

Օրորեցեք վիրավոր

Սիրտըս նաիրյան…

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Հոգևոր-մշակութային


13/02/2014