Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ ՏՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ



Գևորգ Սահակյանը վերջերս է զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ծառայել է արժանապատվորեն, բարեխիղճ ծառայության համար արժանացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի և խրախուսվել բազմաթիվ պատվոգրերով։

-Գևո՛րգ, երբ զրուցում եմ զորացրված կամ ծառայող տղաների հետ, միշտ էլ շեշտում են, որ ծառայության առաջին օրերն ամենադժվարներն են` նոր միջավայր, պետք է հարմարվել եւ հաստատվել։

-Ամեն տղա էլ մինչ զորակոչվելը մի ներքին անհանգստություն է ապրում` որտեղ կծառայի, ինչ փոխհարաբերություններ, մթնոլորտ կտիրի զորամասում: Ես պետական տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսից զորակոչվեցի։ Բանակն ինձ համար սկսվեց հենց զորահավաքակայանից։ Հիշում եմ` մեն-մենակ նստել էի` մի քիչ տխուր, մի քիչ լարված, շուրջբոլորս անծանոթ տղաներ էին, ու ինքս ինձ նեղսրտում էի. «Հետո էլ ասում են` երկու տարին ինչ է, որ, արագ կանցնի, կգնա։ Րոպեներն էին անգամ դանդաղ անցնում, ասես ժամանակը կանգ էր առել: Ու այդ օրն ինձ համար ձգվեց դարից էլ երկար: Դե, սկզբում քաղաքացիական կյանքից կտրուկ անցումը զինվորական կարգուկանոնի դժվար էր։ Բայց կամաց-կամաց ամեն ինչ ընկնում էր հունի մեջ…

Բանակում տարբեր խառնվածքի, տարբեր մտածելակերպի մարդկանց հետ ես շփվում, ու անչափ կարեւոր է ճիշտ փոխհարաբերություններ կառուցելը: Մեր զորամասում հարգանքի, վստահության մթնոլորտ էր տիրում: Մեր հրամանատարը` գնդապետ Ալբերտ Բաղդասարյանը, իսկական զինվորականի կատարելատիպ էր` խիստ, բայց նաեւ հոգատար ու սրտացավ:

Բանակային ամեն օրը, անգամ ամենադժվարները, հիմա կարոտով եմ մտաբերում։ Զինվորական առօրյաս հագեցած է անցել։ Ես նաև ՈւՀԱ-ի ելույթներին եմ մասնակցել։ Թե մեկ շաբաթում ինչ արագությամբ կարողացանք պատրաստվել ու պարապել, հիմա մեկ-մեկ զարմանում եմ։ Մինչև այդ համալսարանում մասնակցել էի նմանատիպ մրցույթների և բանակում արդեն որոշ համարներ հարմարեցրի զինվորական կյանքին, ու բավականին հաջող ստացվեց։ Չմոռանամ ասել, որ մեր հրամանատարն էլ կատակով հրամայել-պահանջել էր, որ ամենաքիչը երկրորդ տեղը պետք է գրավենք։ Հրամանատարի ասածը օրենք է,- ժպտում է Գևորգը ու շարունակում,- մենք հենց երկրորդ տեղն էլ գրավեցինք։ Երկու անգամ էլ մասնակցել ենք եզրափակիչ փուլի, երկու անգամ էլ երկրորդ տեղը գրավել։ Ու մեր զորամասը մեկ անգամ շահեց երաժշտական կենտրոն, մյուս անգամ էլ հեռուստացույց։ Իսկ մեզ` մասնակիցներին, խրախուսեցին 5-օրյա արձակուրդով։

-Որքան էլ լավ անցնի զինվորական ծառայությունը, միևնույն է, յուրաքանչյուր զինվոր հոգու խորքում անհամբեր սպասում է զորացրվելուն։ Վերջին օրվանիցդ պատմիր։

-Վերակարգը հանձնեցի ու անհամբեր սպասում էի հաջորդ օրվան։ Վերջին օրս էր զորամասում։ Վերջին անգամ կքնեմ զինվորական անկողնում, ու վաղն արդեն` բարև, քաղաքացիական կյանք։ Այդ օրը առատ, խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս։ Լավ էլ ձյուն էր նստել։ Զորամասի պատասխանատուն տղերքին ասում է, որ պետք է գիշերը մաքրեն տարածքը, մեզ էլ ասում է` դուք արդեն ազատված եք այդ գործից։ Բայց դե, ո՞վ իր զինվոր ընկերներին մենակ կթողնի։ Ու միասին մաքրում էինք զորամասի տարածքը։ Մաքրում էինք ու կատակում, հումորներ անում, բայց մի տարօրինակ տխրություն էր պատել ինձ` երկու տարի լույսը բացվել էր, միասին էինք եղել և՛ ուրախ, և՛ տխուր, և՛ հեշտ ու դժվար պահերին։ Երբեք չէի մտածել, որ նման զգացողություն կա, որ երբ և՛ ուրախ ես, և՛ տխուր։ Չէի մտածել նաեւ, որ զորացրվելիս էլ այսչափ կտխրեմ. ինձ համար այնքան հարազատ էր զինվորական առօրյան և այնքան մտերիմ՝ բանակային ընկերներս…

-Վերջերս նշեցինք Բանակի տոնը։ Ի՞նչ զգացողություն ապրեց այդ օրը արդեն զորացրված սերժանտ Գևորգ Սահակյանը։

-Մինչև բանակ գնալը ես այդ տոնից ինձ անմասն էի համարում։ Բայց հիմա բոլորովին ուրիշ խորհուրդ ունի ինձ համար մեր բանակի տոնը` իմ բանակի տոնը: Հունվարի 28-ին առաջինը զանգահարեցի հրամանատարիս ու սրտանց շնորհավորեցի։ «Ես էլ քեզ եմ շնորհավորում»,- ասաց հրամանատարս։ Հետո զանգահարեցի բանակային բոլոր ընկերներիս ու ջերմ բարեմաղթանքների տեղատարափ էր…

Ես` արդեն զորացրված զինվորս, բոլոր մեր զինվորներին խաղաղ և անփորձանք ծառայություն եմ մաղթում և շատ եմ ուզում, որ մեր բանակը` իմ բանակը, այնքան հզորանա, որ թշնամու մտքով անգամ չանցնի զենք բարձրացնել մեզ վրա։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Բանակ և հասարակություն


13/02/2014