Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍԿՅԱՐԸ` ԲԱՆՎՈՐ, ԱՍԿՅԱՐԸ` ԽՈԶԱՐԱԾ



♦ Ավագ լեյտենանտը բռնաբարել է 7 ասկյարի:
♦ «Բանակում խայտառակ իրավիճակ է». Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի զեկույցը:
♦ Ադրբեջանը թաքցնում է Արցախյան պատերազմում իր զոհերի իրական թիվը:

ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՓԱՍՏԵՐ

Անցած շաբաթ ադրբեջանական բանակում եւս մի զարհուրելի հանցագործություն է բացահայտվել. Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ձերբակալվել է ավագ լեյտենանտ Անար Ազիզովը, որը մեղադրվում է 7 զինվորի պարբերաբար բռնաբարելու համար: Զինվորների ծնողները փորձել են ինքնադատաստանի ենթարկել նրան, միջամտել է զորամասի հրամանատարությունը եւ անձնակազմի առաջ առերեսել է զինվորներին ու Ազիզովին, զինվորները հաստատել են եղելությունը: Բռնաբարված զինվորները տեղափոխվել են տարբեր զորամասեր («Բիզիմ յոլ», 09.03.2011):
«Ենի մուսավաթը» գրում է, որ Նախիջեւանի իշխանավորները զինվորներին ստրուկների նման աշխատեցնում են իրենց սեփական օբյեկտներում: Մասնավորապես, Նախիջեւանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովին պատկանող «Գյամիգայա» ընկերությունը գնել է քաղաքի կենտրոնում գտնվող նախկին արխիվի շենքը եւ դրա վերանորոգման աշխատանքներում օգտագործում է զինվորների աշխատուժը: Զինվորները թերթի աղբյուրին հայտնել են, որ ուղարկվել են Նախիջեւանի տարբեր զորամասերից, եւ իրենց հանձնարարված է կատարել քաղաքացիական անձանց բոլոր հրամանները:
«Ադրբեջանական բանակում եւ հատկապես Նախիջեւանում այդ երեւույթը լայնորեն տարածված է: Բարձրաստիճան սպաները զինվորներին աշխատեցնում են իրենց ամառանոցներում, խոզաբուծական, ոչխարաբուծական ֆերմաներում եւ ցանքատարածություններում: Ադրբեջանցի զինվորները շահագործվելու նպատակով ուղարկվել են նույնիսկ Իրան»,- գրում է «Ենի մուսավաթը» («panorama.am», 11.03.2011):

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԼԻ ԵՆ ԵՂԵԼ

Թերթն անդրադառնում է նաեւ փետրվարի 20-ին Շամխորի զորամասերից մեկում 7 զինվորի սպանության դեպքին եւ հաղորդում որոշ մանրամասներ: Մասնավորապես, այն, որ միջադեպի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հանրապետությունում չէր, մեկնել էր Արաբական Միացյալ Ամիրայություններ` Դուբայում մասնակցելու սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի: Ուստի սպանդի մասին Իլհամ Ալիեւին զեկուցել է Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըգովը: Վերջինս, ի տարբերություն Աբիեւի, չի մեղմել իրականությունը եւ ամեն ինչ ներկայացրել է այնպես, ինչպես որ կա: Զեկույցում նա ակնարկել է, որ բանակում խայտառակ իրավիճակ է: Սա է, որ զայրացրել է Իլհամ Ալիեւին, եւ նա աշխատանքից հեռացրել է կորպուսի հրամանատար Չ.Շաֆիեւին, որը համարվում է Աբիեւի կադրը: Թերթը գրում է նաեւ, որ այդ կորպուսում զինվորների զանգվածային սպանության դեպքեր էլի են եղել, բայց պաշտպանության նախարարը մշտապես թաքցրել է դրանք (10.03.2011):
Այս միջադեպերը հանգեցրել են այն բանին, որ ադրբեջանական բանակը սկսել են քննադատել նույնիսկ իշխանամետ գործիչները: Մարտի սկզբին Բաքվում կազմակերպվել է քննարկում` նվիրված բանակաշինության խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, ռազմական փորձագետներ եւ իրավապաշտպաններ: Մամուլի ներկայացուցիչները քննարկմանը չեն հրավիրվել:
Քննարկման ընթացքում նշվել է, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ տեղական իշխանությունները չեն կատարում զինծառայողների սոցիալական վիճակը բարելավելու մասին Ալիեւի հրամանագիրը եւ զորացրվող զինծառայողներին բնակարանով չեն ապահովում: Փաստորեն, փորձագետներն ադրբեջանական բանակում տիրող բարձիթողի վիճակի պատճառ են համարում սպաների սոցիալական վատ պայմանները: Փորձագետների կարծիքով, Ադրբեջանի ԶՈՒ բարեփոխումները տարեցտարի ավելի խնդրահարույց են դառնում: Իսկ մարդու իրավունքների պաշտպան Է.Սուլեյմանովայի զեկույցում նշվում է, որ բնակչությունը ամենաշատը բողոքում է պաշտպանության նախարարությունից, ճանապարհային ոստիկանությունից եւ տրանսպորտի նախարարությունից («zerkalo.az», 08.03.2011):
Վերջերս կաշառակերության համար աշխատանքից հեռացվել են Շիրվանի, Հաջիկաբուլի, Իմիշլիի, Քյուրդամիրի, Աղստաֆայի զինկոմները («Էքսպրես», 19.02.2011): Փաստը վկայում է կաշառակերության զանգվածային մասշտաբը: Պատահական չէ, որ ադրբեջանական հասարակությունը չի վստահում իշխանությանը: Օրինակ՝ Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեն բողոքել է պաշտպանության հիմնադրամին պարտադիր նվիրատվություններ կատարելու դեմ, քանի որ կասկածում է, թե հանգանակված գումարը նպատակին է ծառայում: Նավթագործները իշխանությունից պահանջում են հաշվետվություն ներկայացնել հավաքված գումարի ծախսման վերաբերյալ («panorama.am», 24.02.2011):
Նշված փաստերը վկայում են, որ ադրբեջանական բանակը գործնականում բարոյալքված վիճակում է: Ուշագրավ մի փաստ` միայն 2010 թվականին Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով մեղադրանք է առաջադրվել 10 զինծառայողի, որոնք «արտասահմանյան հատուկ ծառայությունների ցուցումով հետախուզական-գործակալական գործունեություն են ծավալել Ադրբեջանի տարածքում» («apa.az», 07.03.2011):

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ 13000-Ը

Թվում է, թե տարեկան 10 դավաճան զինծառայողը մի երկրի համար շատ է: Բայց Ադրբեջանի դեպքում այդ ցուցանիշն ավելի շուտ նորմա է, քան շեղում նորմայից: Ասվածի վկայությունը Արցախյան պատերազմի փորձն է:
«1992 թվականի հուլիսի 26-ին իմ ընկեր Կարո Կարապետյանը, որն այսօր իրավապահ մարմինների փոխգնդապետ է, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի մոտ մեն-մենակ գերի վերցրեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի` մինչեւ ատամները զինված մի ամբողջ ջոկատ` 8 հոգու, որոնցից մեկը կապիտան էր, մյուսները` շարքային,- հիշում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:- Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանցիները գերի էին հանձնվում թե՛ առանձին-առանձին, թե՛ մի քանի հոգով եւ թե՛ ամբողջ ստորաբաժանումներով, ընդ որում՝ շուտասելուկի նման հայհոյելով Հեյդար Ալիեւին: Գերի ընկած ադրբեջանցիներից ոմանք նույնիսկ սովորում էին հայկական հայրենասիրական երգեր եւ առավոտից իրիկուն երգում: Գերի հանձնված անդրկովկասյան թուրքերի թիվը 1992թ. վերջին գերազանցում էր հազարը, եւ հայկական կողմը նրանց առատաձեռնորեն փոխանակում էր դժբախտության մեջ ընկած հայ մարտիկների հետ (20-30 թուրքը փոխանակվում էր մեկ հայի հետ)»:
Վերջերս Լ.Մելիք-Շահնազարյանը հրապարակեց նաեւ այլ փաստեր. պարզվում է, որ պատերազմի տարիներին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հանցավոր հրամանով Արցախի տարածքում ադրբեջանական ժողովրդից գաղտնի ստեղծվել են «եղբայրական գերեզմաններ», որտեղ թաղված է առնվազն 3000 ադրբեջանցի զինվոր: Բացի դրանից, մինչ օրս Քարվաճառի լեռներում է մնում ժամանակին հրամանատարությունից լքված ադրբեջանցի մոտ 6000 զինծառայողի դիակ:
«ԼՂՀ դեմ ագրեսիայի տարիներին Ադրբեջանը տվել է մոտ 37000 զոհ, որոնցից ընդամենը 20 հազարն է պաշտոնապես ընդունում: Նույնիսկ եթե դրան ավելացնենք 4 հազար «անհայտ կորածներին», միեւնույն է, Ադրբեջանը սեփական ժողովրդից թաքցնում է Արցախում զոհված եւս 13000 զինվորի»,- գրում է Լ.Մելիք-Շահնազարյանը (http://voskanapat.info/ news/plenosposobnost/2011-03-01-1161):
Եվ զարմանալի չէ, որ այդ պետության մեջ իշխանության անտարբեր վերաբերմունքից բողոքում են նույնիսկ «ազգային հերոսների» ընտանիքները: «Վերջին տարիներին շրջանների իշխանությունները մոռացել են, որ հերոսների ընտանիքների մասին հոգալու պարտավորություն ունեն», – վերջերս հայտարարեց հետմահու Ադրբեջանի «ազգային հերոս» հռչակված 210 ասկյարներից մեկի` Թախիր Հասանովի մայրը` Գալիբա Բուդաղովան:
Իսկ պաշտոնաթող սպաներ Բախտիյար Վեքիլովի եւ Ադալյաթ Գամբարովի ընտանիքները պատրաստ են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից, քանի որ նրանցից խլել են բնակարանները, որտեղ ապրում էին 30 տարուց ավելի: Սպաների ընտանիքների բազմաթիվ բողոքները մնացել են անպատասխան:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


24/03/2011