Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՏԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայ ժողովրդի մեծ բարեկամներից էր ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովը։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1924թ., ճանապարհորդել լեռնաշխարհում եւ հիացական տողեր թողել մեր ժողովրդի եւ նրա հինավուրց երկրի մասին։ Հայտնի է երկրորդ այցելության (1929թ.) տպավորությունների տակ գրված նրա «Հայտնության օրեր» էսսեն, ունի հայերին եւ Հայաստանին նվիրված բազմաթիվ այլ գործեր։ Դրանցից ներկայացնենք մի քանի հատված՝ փորձելով ինքներս մեզ տեսնել օտարի աչքով։

ՄԱՇՏՈՑԸ

…Այս արտասովոր երկրում հանելուկային մի բան կա։ Ասես նա ինչ-որ գաղտնիքներ ունի պահած, եւ մարդ պետք է դրանք բացահայտի։ Ի՜նչ գույներ են, ի՜նչ հեռաստաններ։ Այս երկիրը ստեղծված է աշխատանքի եւ մտորումների համար…

Հայաստանը եւ հայերին հասկանալու համար ես դիմեցի գրքերին, կարդացի հայ բանաստեղծների ստեղծագործությունները, եւ ինձ զարմանք պատճառեց մի մարդ, որին հայերը պարտական են իրենց գրերի ստեղծման համար։ Այդ իմաստունի անունը Մեսրոպ Մաշտոց է։ Ես կարող եմ նրան հեշտությամբ պատկերացնել, ինչպես ահա մենք՝ մի այսպիսի հնամենի անապատով լուռումունջ քայլելիս։ Արյունով ու քրտինքով է շաղախված այս հողը։ Բայց նա համր է։ Նա ուզում է լեզու ունենալ։ Մեսրոպը տեսնում է դարերի նշաններով ծածկված այս լեռները, այս քարերը։ Եվ նա խոսում է այս երկնքի, այս քարերի հետ։ Հսկայական, բոսորագույն արեւը մայր է մտնում։ Եվ նրա գլխում ծնվում են հայկական այբուբենի առաջին գրերը։ Հետո դրանք, արտահայտելով այն ամենը, ինչ կարող է արտահայտել մարդը, պիտի ապրեն մագաղաթի վրա, կավի վրա։ Իմաստուն մարդը մի ամբողջ աշխարհ է ամրապնդել մարդկանց հիշողության մեջ…

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԸ

1929 թվականի օգոստոսի 22։ Ես կհիշեմ այս օրը։ Հայաստանում իմ թափառումների այս եւ մյուս օրերը բազմաթիվ հայտնագործությունների օրեր են եղել ինձ համար, բայց այսօր ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել՝ այս երկիրն իմ սրտովն է։ Չգիտեմ՝ ինչն է նրա թովչանքը, բայց զգում եմ՝ նա մտնում է իմ մեջ եւ տիրապետում ինձ…

ՋՈՒՐԸ

Քաղցր է Երեւանի ջուրը։ Այն լավագույն ըմպելիքն է հեռուներից եկած ճանապարհորդի համար։ Եվրոպական մայրաքաղաքներից ոչ մեկի ջուրը չի կարող համեմատվել երեւանյան ջրի հետ։ Ասում են՝ Վիեննայինը կարող է համեմատվել։ Ես խմել եմ Վիեննայի ջուրը։ Երեւանի ջուրն ավելի լավն է։

ԱՆՋՆՋԵԼԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ տեսնելով Հայաստանի լեռնապատկերի հրաշալիքները եւ ծանոթանալով հասարակ աշխատավորների, այս լեռների եւ հարթավայրերի անխոնջ բարեփոխողների հետ՝ ես հիացմունքով բացականչեցի.

Ժամանակի լինգով դաժան

Ջարդոտված լեռների գրկում

Շողշողում է Հայաստանը՝

Հեքիաթի խնձոր ոսկեգույն։

Հայաստանն իմ հիշողության մեջ անջնջելի է։ Նա ապրում է իմ ներաշխարհում, եւ թվում է` նորից ու նորից ես գնում եմ այդ ճանապարհներով ու արահետներով, լեռներով ու դաշտերով։ Դեպի նոր Երեւանն եմ գնում, որտեղ, ավա՜ղ, ես այլեւս չեմ հանդիպելու իմ հին բարեկամներին՝ վրձնի եւ գրչի անմահ պոետներին՝ Ավետիք Իսահակյանին եւ Մարտիրոս Սարյանին։ Բայց կյանքը շարունակվում է, եւ ինձ ընդառաջ են ելնում այդ անցյալի ժառանգորդները, որոնք ապրելու եւ հրճվելու են իրենց երկրի ծաղկումով։

…Երեւան, ինչպես եւ Հայաստան, ոտքով չեն գալիս։ Բայց նա, ով ուզում է անկրկնելի ապրումներ ունենալ, նա թող հին սովորույթով անցնի առվակից առվակ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, քայլի հարթավայրերի ու լեռների միջով, եւ նա չի ափսոսա դրա համար։ Ընդհակառակը, նա ամբողջ կյանքում կհիշի սրտից սիրտ տանող այդ ճանապարհը։

ՀԱՑԸ

…Վաղուց էր դա։ Երեւանյան մի խաղաղ երեկո Ավետիք Իսահակյանի աշխատասենյակում զրույց էր ծավալվում Հայաստանի հին պատմությունից, երբ դեռեւս սեպագրում էին հարթ ժայռակողերին, երբ քարե էջերը հաղորդում էին հեռավոր նախնիների՝ ուրարտացիների մտքերն ու զգացմունքները։ Նա ցույց տվեց գրասեղանին, գրքերի եւ ձեռագրերի կողքին դրված մի մեծ բաժակ, որը լցված էր սեւացած, գուղձոտված ցորնահատիկներով։ Այդ ցորնահատիկները նրան նվիրել էր մի նշանավոր հնագետ, որը բավականին արդյունավետ պեղումներ էր կատարում կավի ու խիպարի տակ թաղված Կարմիր բլուր ամրոցում։

Մենք ակնածանքով էինք նայում անցյալի այդ մեռյալ հացին, բայց ես խորհում էի ապրող կենդանի հացի մասին, որը սնում է այս զարմանալի ժողովրդի միտքն ու հոգին, ժողովուրդ, որի աշխատանքով, եռանդով, ոգեշնչմամբ այս ժայռոտ քարաստանը վերածվել է վիթխարի մշակույթի երկրի, ստեղծել է արվեստի հիասքանչ կոթողներ եւ մեծ գրականություն։

Ուրարտական սեպագրերից, դրանց վարպետներից, որոնց անունները մենք երբեք չենք իմանա, գուսաններից, անզուգական լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Աբովյանի բոցաշունչ խոսքը, Նալբանդյանի հեղափոխական ոգորումներն ու հետագա՝ նորի երեւակայացունց որոնողներն ու հայտնագործողները, անընդհատ բխում էր մշակութային արժեքների ստեղծարար շատրվանը։ Բանաստեղծական ճշմարտության այդ կենդանի հացը սնուցել է նորանոր սերունդներ։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ