Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆՔ



Զրույց նկարիչ Լևոն Ասլանյանի հետ

-Պարոն Ասլանյան, Դուք նկատե՞լ եք, որ բոլոր երեխաները (առանց բացառության) նկարում են։ Ոչ բոլորն են երգում կամ պարում… Բայց բոլորը նկարում են։

-Երբ մենք աշխարհ ենք գալիս, առաջին բանը, որ տեսնում ենք, պատկերն է, ձևը, գույնը… Մենք անընդհատ տեսնում ենք։ Ոչ միշտ ենք երաժշտություն լսում կամ դիտում որևէ պարողի, բայց ամեն վայրկյան տեսնում ենք։ Խոհանոցի սեղանին «նատյուրմորտ» է, պատուհանից դուրս «պեյզաժ» է… Գույն է, ձև է, պատկեր է… Դա է պատճառը, որ մենք այդքան մոտ ենք նկարչությանը։

-Ես մտածում էի՝ գուցե պատճառն այն է, որ գույնը չափազանց մեծ հուզական լիցք ունի… Գույնը ինքնին ասելիք է, տրամադրություն է, ապրում է, իսկ երկու գույներն արդեն մի ամբողջ վեպ են։ Պարոն Ասլանյան, մի հարց էլ ունեմ, որը գուցե փոքր-ինչ անհեթեթ հնչի… Ինչո՞ւ է մարդը նկարում… բնության մեջ և՛ նատյուրմորտ կա, և՛ պեյզաժ, և՛ պորտրետ։

-Կարծում եմ՝ ամեն նկարիչ այս հարցին յուրովի կպատասխանի։ Ես կտավի վրա եմ տեղափոխում կյանքի լույսը, գեղեցիկը, վեհը, ազնիվը… Ես առանձնացնում են լույսը խավարից, ներդաշնակությունը քաոսից, քնքշանքը կոպտությունից… Ես կանչում եմ մարդկանց դեպի բարձր ոլորտներ, ես ուրիշ մի կյանքի կարոտ եմ հուշում… Ի վերջո, սա մարդկանց հետ խոսելու իմ հնարավորությունն է, ապրելու իմ ձևը։

-Ռոբերտ Ամիրխանյանն ասում է՝ կյանքը տարածություն է դեպի կողքի մարդը…

-Ամեն ոք կողքի մարդու հետ հարաբերվելու իր ձևն ունի… Աստված Ձեզ գրիչ է տվել, ինձ վրձին…

-Իմ գրելուց, ձեր վրձնելուց մի բան կփոխվի՞ այս աշխարհում…

-Միշտ էլ գրողներն ու վրձնողներն են փոխել այս աշխարհը։ Եթե մոլորակը դեռ կանգուն է, ապա դա սեր, քնքշանք, բարություն, վեհություն, գեղեցկություն սփռող մարդկանց շնորհիվ է։ Արվեստը կանչ է, որը արթնացնում է Աստծո մասնիկը քո մեջ, ստիպում է հիշել քո նախաստեղծ պատկերը, ստիպում է զգալ, զգալ, զգալ…

-Ահա թե ինչու պետք է երեխան փոքրուց մերձ լինի արվեստին։

-Մենք ի սկզբանե հոգևոր ազգ ենք, արժեքի, գաղափարի կրող, պրպտող ազգ ենք, հակված դեպի մշակույթը, արվեստը, քաղաքակրթությունը։ Դա է պատճառը, որ ոչ մի ճակատագիր, ոչ մի աշխարհագրական անբարենպաստ դիրք, ոչ մի արյունռուշտ հարևան չկարողացավ մեզ ոչնչացնել։ Մենք այնքա՜ն ներուժ ունենք մղվելու դեպի գեղեցիկը, բարոյականը, վեհը, հերոսականը… Մի փոքրիկ խթան է պետք, որ մենք բարձրանանք «նյութից» ու դառնանք հոգևոր արժեքի կրող։ Այսօր շատ է խոսվում հայրենասեր ու ազգապաշտ սերունդ դաստիարակելու մասին։ Ես իմ բանաձևն ունեմ։ Հայրենիքին նվիրված սերունդ ունենալու համար բավարար չէ ամեն օր խոսել հայոց պատմությունից, Նժդեհից, Անդրանիկից ու Մոնթեից… Մարդը պիտի հայրենիքին գա մանկուց բարության, ազնվության, կարեկցանքի, արդարամտության, խիզախության, անձնվիրության, արժանապատվության «ճանապարհով»… այս առաքինությունները պետք է սերմանել մարդու հոգում սկսած մանկապարտեզից՝ ընտանիքում, դպրոցում, բուհում, հասարակական միջավայրում…

-Ինչպե՞ս…

-Գիտեք… կեղտոտ քաղաքը, անճաշակ ճարտարապետությունը, վայրի բարքերը, թշվառությունը, ի ցույց դրված անտարբերությունը կողքինի ցավի ու ճակատագրի հանդեպ, բռնությունը մարդուն հետզհետե դարձնում են կոպիտ, անկարեկից, եսահայաց, նյութապաշտ։ Գեղեցկությունը, նրբաճաշակությունը, ներդաշնակությունը… խնամված, ծաղիկներով զարդարված քաղաքը, գեղագիտորեն կառուցված ճարտարապետությունը, ջերմությունը, սերը հղկում են մարդու հոգին, դարձնում ընկալունակ, գթասիրտ, մեղմ… Ճշմարիտ հայրենասիրությունը չի կարող զատված լինել մարդասիրությունից… Իսկ մարդուն սիրելու համար պիտի նուրբ ու զգայուն հոգի ունենաս։ Ասածս այն է, որ հայրենասեր դաստիարակելուց առաջ պիտի առաքինի մարդ դաստիարակել։

-Ի՞նչ ասել է ազգային կրթություն…

-Հիշեցի իմ առաջին նկարչության ուսուցչին… Նա ասում էր՝ սա հայկական կարմիր է, նայեք, որքան գեղեցիկ է… Ինչ հրաշք է մեր բնաշխարհը, Սարյանի ծաղիկները… Մենք պիտի կարողանանք բարձրանալ ազգային փուչ սնապարծությունից դեպի իրական, բովանդակային հայրենասիրություն… բառերից դեպի ընկալում, խոսքերից դեպի զգացողություն։ Ուստի մեզ ազգային պետական ծրագիր է պետք… որը կսահմանի մեր գերակա նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նպատակի շուրջ ազգովի համախմբվելու ձևերն ու մեթոդները։ Հայրենասիրությունը միայն արվեստագետների ու մտավորականների մենաշնորհը չէ, ազգային ծրագիրը կկարողանա կերտել այնպիսի հասարակություն, որտեղ ազգային խնդիրները կհուզեն ինչպես վարորդին, այնպես էլ բիզնեսմենին…

-Ես գիտեմ, որ Ձեր նկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, դրանք հաջող վաճառվում են։ Նույնիսկ առիթ եք ունեցել 5 ամիս ապրելու Եվրոպայում։

-Ընդամենը 5 ամիս դիմացա։ Ես չէի կարողանում նկարել։ Եվ ոչ այն պատճառով, որ օտար երկրում գեղեցիկ անկյուններ չկային, գեղեցիկ պատկերներ չկային, գեղեցիկ գույներ չկային… Ես տեսնում էի, բայց չէի ներշնչվում, նայում էի ու չէի զգում։ Երբ խոսում են արտագաղթի մասին, ես ոչ մեղադրում եմ, ոչ էլ արդարացնում եմ այն մարդկանց, ովքեր գնում են։ Պարզապես պիտի այնպես անեինք, որ այդ մարդիկ չկարողանային ապրել հայրենիքից հեռու… Գուցե ավելի շատ սեր, ջերմություն պիտի տայինք նրանց։ Գուցե պիտի ավելի շատ կապեինք հայրենիքին… Գուցե մենք ենք մեղավոր, որ նրանք կարողանում են ապրել առանց մեզ։

-Առանց հայկականության…

-Գիտեք, աշխարհում այնքան գեղեցիկ երկրներ կան՝ հոյակերտ, լուսավոր, շքեղ… Բայց մենք մեր հնամենի եկեղեցիների պատերն ենք զգում, մեր ճարտարապետության ձևերը, մեր սարերն ու ձորերը, մեր արևի, մեր ծառերի ու ծաղիկների գույները, մեր օդի բույրը, մեր ջրի համը… Սա է հայկականությունը։

-Եկեք խոսենք նաև բանակի ու զինվորի մասին…

-Այս ամենը, ինչի մասին խոսեցինք, հենց բանակի ու զինվորի մասին է։ Որտե՞ղ է բանակում առկա միջանձնային հարաբերությունների անկատարության ակունքը, որտեղի՞ց են գալիս բռնության հակումը, կոպտությունը… Եթե ոչ ընտանիքից, դպրոցից, միջավայրից…

Իմ տատը ժողովրդական նկարիչ Թամար Հարությունյանն է։ Երբեմն մտածում եմ՝ գուցե ես բոլորովին ուրիշ մարդ դառնայի, եթե չլինեին տատիս նրբակերտ, պայծառ, աննման ժանյակները, որոնք ցուցադրվում էին ամենուր ու հիացնում էին ամենքին։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քննադատում են բանակի այս կամ այն թերությունը, որոշ զինվորների վարքը… Ավելի լավ բանակ ունենալու համար մենք պիտի ունենանք ավելի լավ հասարակություն։ Սա անվիճարկելի ճշմարտություն է։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Բանակ և հասարակություն


21/11/2013