Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾ ՊԱՏԺՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ԽՐԱՏՈՒՄ



Ընթերցողների հարցերին պատասխանում է ՄԻՔԱՅԵԼ աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

– Հա՛յր սուրբ, պատժի, դատաստանի երեւույթը նկատում ենք Աստվածաշնչի առաջին իսկ էջերում. Աստված պատժեց մեր նախահորը` անհնազանդության, պատվիրանազանցության պատճառով` վտարելով նրան դրախտի պարտեզից։ Ընդհանրապես, Աստված պատժո՞ւմ է, թե՞ խրատում։

– Քանի որ Աստված գթառատ Հայր է, ուստի պատժելով խրատում է: Ինչպես մեր երկրավոր, մարմնավոր հայրերն են իրենց զավակներին պատժում` խրատելու համար, այնպես էլ մեր երկնավոր Հայրը: Քրիստոսն ասում է. «Դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքան եւս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Նրանից ուզում են» (Մատթ. Է 9-11): Նա սուրբ է ու բարի, ուստի պատժելով, տանջելով ու չարչարելով` խրատում է ու միշտ բարին կամենում Իր զավակներին: Աստված պատժում է նյութական իրողությունների միջոցով. զրկում է ինչ-որ բանից, պատճառում մարմնական, նյութական վնասներ։ Եվ եթե մարդն այդ նյութական իրողություններից կարողանա վեր կանգնել, հավատքով տեսնել աստվածային գութն ու ողորմությունը, նրա համար պատիժն իբրեւ խրատ կդիտվի:

– «Աստծո դատաստան», «պատիժ» արտահայտություններն այսօր հաճախ են հնչում մարդկանց շուրթերից, մինչդեռ Աստված նաեւ մարդասեր, գթառատ Հայր է: Ինչպե՞ս համադրել։

– Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Աստված ունի երկու կամք` թույլատու եւ բուն կամք: Թույլատու կամքն արտահայտվում է չարը թույլ տալով: Աստված միայն բարին է կամենում, սակայն թույլ է տալիս, որ չարը լինի, չի արգելում: Եվ պատժի առկայությունը հենց Աստծո թույլատու կամքի արտահայտությունն է:

– Հա՛յր սուրբ, հիվանդությունը, ցավը կարո՞ղ են պատիժ համարվել։

– Այո՛, Աստված կարող է թե՛ հիվանդությամբ, թե՛ հաշմանդամությամբ խրատել մարդկանց: Հիվանդությունն ամենամեծ ողորմությունն է մարդու համար, ապաշխարություն, եթե մարդն առանց տրտնջալու, բողոքելու տանում է այն: Այդ դեպքում իր մեղքը քավվում է: Իսկ եթե տրտնջա, բողոքի, վարձք չի ստանա, որովհետեւ յուրաքանչյուր փորձության մեջ մեծ վարձք կա:

– Աստված մարդու ուժերից վեր փորձություն տալի՞ս է։

– Ո՛չ, ուժերից վեր չի տալիս: Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ «Աստված փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս» (տե՛ս Ա Կորնթ. Ժ 13): Երբ մարդը հավատի մեջ տկարանում է, թուլացնում է իր հույսն առ Աստված` խճճվելով այդ փորձությունների ու հիվանդության մեջ, իրեն թվում է, որ այդ ամենն իր ուժերից վեր է: Բայց եթե հավատքով, հույսով դիմի Աստծուն, ապավինի Նրան, իր վրա դրված բեռը` փորձությունը, կթեթեւանա, ու նա կկարողանա սիրով հաղթահարել:

– Պատիժ հասկացությունը միայն Աստծուն չի վերաբերում: Մարդն էլ պատժում է մարդուն` ուղիղ ընթացքի բերելու համար (նկատի ունեմ արդարադատության մարդաստեղծ համակարգը): Մարդը կարո՞ղ է դատել ու պատժել իր նմանին` ըստ Աստծու: Ո՞րն է տարբերությունը։

– Այո՛, մարդը կարող է դատել, քանի որ Աստծու հրամանով Հին Ուխտում մարգարեներ ու դատավորներ կարգվեցին` Իսրայելի ցեղին դատելու համար: Այսօր նույնպես, եթե դատաստանը լինի արդարամտությամբ, անաչառորեն եւ շնորհով, այսինքն` երբ դատավորն ինքնակոչ չէ ու պահում է օրենքը, ապա տեղի է ունենում աստվածային վճռի կայացում, որովհետեւ Աստված կամենում է, որ չարը պատժվի, որպեսզի կանխվի հետագա ավելի մեծ չարիքը:

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Հոգևոր-մշակութային


21/11/2013