Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ



Հունվարի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ավիացիայի զորամասի հրամանատար Իգոր Մարտիրոսյանին շնորհվեց գնդապետի կոչում, իսկ ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ նա պարգեւատրվեց «Արիության» մեդալով։

-Հրամանատարին պարգեւատրում են այն դեպքում, երբ անձնակազմը հաջողությամբ է կատարում իր առջեւ դրված խնդիրները,- ասաց Ի. Մարտիրոսյանը՝ շարունակելով աշխատանքը։ Նա այդ ժամանակ զբաղված էր իր նոր ստացած L-39-երից մեկի էլեկտրասնուցման համակարգի աշխատանքը ստուգելով։ -Մեր ունեցածներից մի քիչ տարբեր է, եւ ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ կարգին է։
Տարբեր կայանատեղիներում ինքնաթիռների ստուգման, սպասարկման աշխատանքներ էին ընթանում։ Այս ժամանակաշրջանում, մանավանդ եղանակային վատ պայմաններում թռիչքների քանակը խիստ նվազեցված է, սակայն թռիչքուղին մշտապես մաքրվում է ձյունից, եւ անձնակազմը մշտապես պատրաստ է կատարելու վերադաս հրամանատարության առաջադրանքները։
-Աշխատանքը շատ է,- անելիքը մի պահ ընդհատելով՝ շարունակեց հրամանատարը։ -Օդաչուներն իրենց տեղերում են եւ մարտական հերթապահություն են կատարում, իսկ ովքեր հերթապահության մեջ ընդգրկված չեն, զբաղված են ուսումնական գործընթացով։ Անկախ նրանից՝ թռիչքներ լինում են, թե ոչ, սահմանված կարգով պետք է կատարվեն ինքնաթիռների տեխնիկական սպասարկման աշխատանքները, ու միաժամանակ պետք է ստուգվի սպառազինությունը։ Սրանք հաջող թռիչքների նախադրյալներն են։

***

Մոտենում ենք ինքնաթիռներից մեկին։ Մայոր Յուրա Ապինյանի ղեկավարությամբ ինքնաթիռի սպառազինության եւ էլեկտրոնիկայի աշխատանքն են ստուգում կապիտան Արամայիս Գալստյանը, ավագ մեխանիկ ենթասպա Արման Սահակյանը, պայմանագրային զինծառայող շարքային Կարեն Ավետիսյանը։ Կապիտանը բացատրում է, թե ինչպես է ինքնաթիռին հոսանք մատակարարվում ԱՊԱ-5Դ մեքենայից, եւ ինչպես է ստուգվում համակարգի աշխատանքը։ Հետաքրքրվեցինք, թե որտեղ է ձեռք բերել իր այս հետաքրքիր, կարեւոր մասնագիտությունը։
-Ես ռադիոէլեկտրոնիկայի գծով ուսումնարան եմ ավարտել, իսկ բանակում՝ 1981-83թթ. ծառայել եմ ավիացիոն զորամասում եւ հենց այս աշխատանքն եմ կատարել։ 1993թ. երբ բանակը կազմավորման ընթացքի մեջ էր, եւ, բնականաբար, ավիացիա էր պետք ունենալ, մտածեցի, որ իմ մասնագիտությամբ կարող եմ օգտակար լինել ու չսխալվեցի,- ասաց կապիտանը։ Խումբն անցավ հաջորդ ինքնաթիռի ստուգմանը։
Էլեկտրականությունից բացի, մի շարք սարքավորումների աշխատանքն էր ստուգում կապիտան Մելքոն Պողոսյանը։ Նա մեր առաջին ռազմական ուսումնական հաստատության՝ Երեւանի թռիչքատեխնիկական ուսումնարանի առաջին շրջանավարտներից է, արդեն տասնհինգ տարի է, ինչ զբաղված է ուղղաթիռների եւ ինքնաթիռների էլեկտրասարքավորումների անխափան աշխատանքի ապահովմամբ։
-Սա երեւացող աշխատանք չէ, բայց շատ կարեւոր է, ես ներքին բավարարվածություն եմ ունենում, երբ թռիչքների ընթացքում սարքավորումների աշխատանքի հետ խնդիրներ չեն լինում։
Կապիտան Մ. Պողոսյանը խրախուսվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, պարգեւատրվել «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալով։

***

Աշխատանքի պահին հանդիպեցինք նաեւ ավագ լեյտենանտ Ավետիս Ավետիսյանին։ Նա բարեխիղճ զինծառայողի, հմուտ մասնագետի համարում ունի։ Երեւանի N 102 անգլերեն թեքումով դպրոցի ութերորդ դասարանից հետո Ավետիսն ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որն ավարտելուց հետո՝ 2004-08թթ. սովորել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում։ Ցուրտ եղանակին երիտասարդն աշխատում էր առանց գլխարկի։ «Կարգն այդպես է»,- պարզաբանեց ավագ լեյտենանտը։ Ավետիսը կարգի է բերում ինքնաթիռի շարժիչները եւ մյուս բոլոր սարքավորումները՝ բացառությամբ սպառազինության եւ էլեկտրականության։
-Թռիչքից առաջ օդաչուն ստուգում եւ մեր խմբից է ընդունում ինքնաթիռը, այնպես որ, պատասխանատվությունը շատ մեծ է, եւ անկախ այն բանից՝ թռիչքներ լինում են, թե ոչ, մենք պարտավոր ենք ստուգել ինքնաթիռների տեխնիկական վիճակն ու սարքինությունը,- ասաց երիտասարդ սպան։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Ազգային բանակ, Թերթ


17/03/2011