Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԻՆՁ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ



Ինձ համար կանանց տոնը ամենագեղեցիկ, ամենանուրբ, ամենահզոր ու ամենասիրելի տոներից մեկն է, որովհետեւ շատ գեղեցիկ, նուրբ, հզոր ու սիրելի են հայ կանայք՝ մեր մայրերն ու քույրերը, կանայք ու աղջիկները, ընկերուհիներն ու բարեկամուհիները։ Ես ազատամարտիկ եմ ու իմ սիրելի, ինձ շրջապատող կանանց շարքում պիտի նշեմ նաեւ ճակատային ընկերուհիներիս՝ այն հրաշալի խիզախ կանանց, որոնք հայրենիքի համար կռվող ռազմիկի կողքին էին, դարմանում էին մեր ցավերը, կապում էին մեր վերքերը, իրենց սիրով ու ջերմությամբ հուսադրում էին մեզ։ Ես պատերազմի դաշտում կորցրի տեսողությունս ու դրանից հետո ավելի խորն զգացի կին արարածի սիրո, աջակցության, նվիրվածության ուժը։ Իմ ընտանիքում ես միակ տղամարդն եմ, ապրում եմ կնոջս ու աղջկաս հետ։ Ամեն քայլափոխի զգում եմ նրանց սիրո եւ քաջալերանքի կարիքը։ Իսկ երբ հերթական բուժումն եմ ստանում պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում, դարձյալ մեր հրաշալի բժշկուհիներն են իրենց հոգատարությամբ, բարի վերաբերմունքով բարձրացնում տրամադրությունս, մոռացության տալիս ցավերս, հոգսերս։ Նրանք լույս են վառում իմ խավար աշխարհում, այնպես են անում, որ ինձ զգամ ուժեղ, գնահատված, սիրեմ կյանքը, ցանկանամ ապրել։
Ու այսօր ուզում եմ խնդրել «Հայ զինվորին», որ սրտիս ջերմ խոսքերը փոխանցի մեր հոսպիտալի բժշկուհիներին, մայրապետներին ու քույրերին։
Հարգելի Արմինե Վազգենի, Հասմիկ Յուրիի, Թամարա Ռաֆիկի, Արմինե Գառնիկի, ինձ հարազատ դարձած Սուսաննա, Հրանուշ, Անգին, Նարինե, Վիկտորյա, Արեւիկ, Գայանե, Մարինե, սիրելի քույրեր Անուշ, Սոնա, Աիդա, մայրապետներ Եվգենյա, Վալյա, Ռուզան ի սրտե շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Թող Աստված տասնապատիկ հատուցի Ձեր բարությունն ու հոգատարությունը։ Ձեր ջերմ վերաբերմունքը, բարի խոսքը, սրտացավությունը ինձ ուժ են տալիս։ Միշտ առողջ ու երջանիկ եղեք, որ կարողանաք օգնել Ձեր կարիքն զգացող հիվանդներին։ Ձեր ընտանիքներին հաջողություն ու երջանկություն եմ մաղթում։

Ազատամարտիկ
ՊԱՐԳԵՎ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Բանակ և հասարակություն, Թերթ


17/03/2011