Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանը (1921-2003) Հայրենականի մեծ պատերազմի մասնակից է, եղել է Թամանյան 89-րդ դիվիզիայի 400-րդ գնդի կապավոր: Պարգևատրվել է «Կարմիր աստղի», «Լենինի» շքանշաններով, «Փառքի 3-րդ աստիճանի», «Արիության համար», «Մարտական գործողությունների համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակը 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում» մեդալներով: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում արվեստագետի հուշագրությունները, որոնք սիրով խմբագրությանն է տրամադրել նրա թոռը:

…Փետրվարի 12-ն էր, գերմանացիները նահանջեցին մինչև Նովոռոսիյսկ ու կանգ առան: Ամսի 26-ին մենք կանգնեցինք Կրասնոդարի Լիմանսկի շրջանում, Ազովի ծովափին` Տագանրոգի դիմաց: Այստեղ վերջացավ մեր պատերազմի ողբերգական երկամսյա տառապանքը: Սկսվեց ձնհալը, պարզվեց, որ Ռուսաստանում ճանապարհներ չկան, ցեխի մեջ մարդիկ ու ձիերը տառապում էին: Ստավրոպոլյան երկրամասում, որտեղ շատ հայեր կային, սկսեցին իրենց ունեցածից մեզ բաժին հանել, իսկ Կրասնոդարի երկրամասում կազակները, ավելի շուտ՝ կազակուհիները, հարազատ մարդու պես վարվեցին մեզ հետ:

Հոգատարությունը ուշացած էր, բայց փրկեց դիվիզիայի բեկորները: Հիշում եմ, խոսք կար դիվիզիան ցրելու մասին, որին Հայաստանի պետական այրերը պատասխանեցին. «Մենք մեր դարավոր ողբերգական պատմության մեջ ավելի ծանր օրեր ենք տեսել: Հայի արյունը շուտ է մակարդվում: Թույլ տվեք դիվիզիան վերակենդանացնել»: Թույլ տվեցին, և այս ճակատագրական պահին հայտնություն էր գնդապետ Նվեր Սաֆարյանը: Այս փոքրամարմին, տգեղ մարդու մեջ Դավթի ոգին էր նստած: Ոգով այս հսկան շուտով դարձավ բոլորի կուռքը: Եկան, եկան հայորդիները բոլոր ծայրերից: Հրամանատարը, այս դեպքում՝ դիվիզիայի հայրը, դիվիզիան դարձրեց մի կուռ կառույց և 1943 թ.-ի աշնանից տարավ հաղթանակից հաղթանակ: Շատ ափսոս, որ մեր քաջարի գնդապետի կողքին չկար մի գրող, որ այս մարդու մասին կենսագրական վեպ գրեր ու բացահայտեր նրա առեղծվածը: Նվեր Սաֆարյանի երակներում հոսում էր մեր դյուցազներգության հերոսների արյունը: Իմ ասածը կարող են հաստատել այդ օրերին նրան շրջապատող մարդիկ, ովքեր բախտ են ունեցել ծառայելու նրա հրամանատարության ներքո:

Մեզ կոտորել էին, բայց ողջ մնացողներիս ոգին չէր մեռել: Հենց այդ ողջ մնացածների ներուժի վրա Սաֆարյանն ստեղծեց իր դիվիզիան:

Պատերազմում մարդ չի կարող թաքցնել իր էությունը: Պատերազմից, մեռնելուց բոլորն են վախենում, բայց պարտքի, պատասխանատվության գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը խեղդում են վախի զգացումը, պատիվը թանկ է կյանքից:

Զոհվածները զոհվել էին, ողջ մնացածներս պիտի շարունակեինք մեր ոդիսականը, դեռ շատ արյուն պիտի հոսեր: Օրը եկավ, շարժվեցինք դեպի Նովոռոսիյսկ` Սախարնայա, Դոլգայա բարձունքներ, որոնք իշխում էին քաղաքի վրա, դա Թաման թերակղզու դուռն էր: «Առա՜ջ» և վե՛րջ: Պետք էր հաղթել թշնամուն. սա մեր ամենօրյա աղոթքն էր, երազանքն էր, ցնորքն ու պատրանքն էր, որ մի օր պետք էր դառնար իրականություն, սակայն ի՜նչ գնով… Աշխարհում պատերազմ էր…

ԱՐՏԱՇԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ