Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ



Հայոց անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Միջոցառումը կայացավ Վարդենիսի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Վոլոդյա Խլոյան), Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության (նախագահ՝ Յուրի Միքայելյան) և «Երիտասարդական կամք» հասարակական կազմակերպության (նախագահ Անահիտ Գրիգորյան) նախաձեռնությամբ և աջակցությամբ: Մասնակիցների շարքերում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, Վարդենիսի զինկոմ, փոխգնդապետ Ա. Ավթանդիլյանը, պահեստի գնդապետ Կ.Գիլոյանը, ազատամարտիկներ Գ. Եղիազարյանը, Ա. Մկրտչյանը, շրջակա համայնքների ղեկավար անձինք: Քաղաքի, ինչպես նաև շրջակա բնակավայրերի բնակչության հոծ զանգված էր հավաքվել հրապարակում: Իրոք, ինչպես խոստովանում էին բնակիչները, այսպիսի ոգևորության, հայրենասիրության պահեր վաղուց չէին ապրել: Տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ: Գնդապետ Ս. Գևորգյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողները հաղթական քայլով, հաղթական երգերով, զորամասի նվագախմբի խրոխտ հնչյունների տակ անցան հրապարակով և քայլեցին Վարդենիսի փողոցներով: Ամենուր նրանց ուղեկից էր ժողովուրդը՝ եռագույն դրոշներով և ուրախ, աշխույժ իրենց ձայնակցություններով: Ոգևորության, ցնծության օր էր` ռազմահայրենասիրական շնչով հագեցած: Մասնակիցները առաջինը այցելեցին Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին մեր անկախության համար զոհված տղաների շիրիմներին: Այնուհետև այցելեցին քաղաքի ծննդատուն, որտեղ այդ օրը աշխարհ էին եկել 6 նորածիններ «Ամեն մի նորածին գալիս է փոխարինելու մեր նահատակ տղաներին»,- ասաց քաղաքապետը: Նորածիններին երջանկություն, անամպ երկինք մաղթելով, քաղաքապետն ու Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահը նրանց նվիրեցին եռագույն թելերով հյուսված արծաթյա խաչեր` ի հիշատակ անկախության 22-րդ տարեդարձի: Այդ օրը Վարդենիսի մշակույթի տան մեծ դահլիճը անվանակոչվեց մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի անվամբ, ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր դերասանի եղբորը` Ալբերտ Մկրտչյանին, որը շնորհակալական իր խոսքի հետ կարևորեց մշակույթի դերը պետության հարատեւման գործում: Այնուհետև Մ. Մկրտչյանի անունը կրող մշակույթի տանը տեղի ունեցավ պարգևների հանձման արարողություն: Վարդենիսի քաղաքապետ Վ. Խլոյանը Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հատկացրեց դրամական օգնություն, հուշանվերներ և պատվոգրեր:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով հետմահու պարգևատրեց զոհված, ինչպես նաև վիրավոր ու պատերազմի մասնակից ազատամարտիկներին: Պարգևների արժանացան Հայոց բանակի N զորամասի զինծառայողները, նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պ. Պողոսյանը և զորամասերի հրամանատարներ, գնդապետներ Ս. Գևորգյանն ու Ա. Մախսուդյանը: Իր խոսքում Յ. Միքայելյանը շնորհակալական ջերմ խոսքեր ասաց պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վ. Ավետիսյանի հասցեին, իրենց մշտապես աջակցելու համար, ինչպես նաև Վարդենիսի քաղաքապետ Վ. Խլոյանին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

-Վարդենիսը Հայաստանի աշխարհագրական այն տարածքն է, որը կապում է Արցախը մայր Հայաստանին: Եվ այդ ճանապարհը կարելի է անվանել Հավերժության, Սիրո ճանապարհ: Արցախ մեկնողը և Արցախից վերադարձողը պետք է անցնի այդ ճանապարհով` սիրո ջերմությամբ ու անկեղծ հավատի առկայությամբ,- ասաց Յ. Միքայելյանը:

Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր օրը եզրափակվեց ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի (գեղարվեստական ղեկավար Ա. Գալստյան), Անդրանիկ սարկավագ Մանուկյանի երգի, պարի համույթի և աշուղ Ռազմարի հայրենասիրական կատարումներով:

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Բանակ և հասարակություն


10/10/2013