Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ



«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական – երիտասարդական կենտրոնը շարունակական հանդես է գալիս ռազմահայրենասիրական հրաշալի միջոցառումներով՝ զորամասեր, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, մայիսյան հաղթանակի եռատոն եւ այլն:

Հայոց անկախության 22-րդ տարեդարձին նվիրված նմանատիպ ևս մի միջոցառում կազմակերպվեց, որի խորագիրը անփոփոխ էր` «Ճանաչենք նրանց»: Այս միջոցառումը նույնպես կազմակերպել էին «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը և ՀՀ ՊՆ Սպայի տան պետ, գնդապետ Գուրգեն Խաչատրյանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցներից շատերը պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմի վետերանների (նախագահ՝ Յ.Միքայելյան) և «Զինվորի պաշտպան» ՀԿ-ի (նախագահ՝ Գ.Արմենակյան) կողմից մեդալներով և պատվոգրերով: Սպայի տան «Զորական» համույթը է՛լ ավելի ոգևորություն հաղորդեց մասնակիցներին: «Փոքր Մհեր» կրթօջախի սաներից մեկի՝ «Ինչպես հաղթեցինք ղարաբաղյան պատերազմը, եթե ոչինչ չունեինք» հարցին, տիկին Գոհար Արմենակյանն այսպես պատասխանեց.

– Մեզ համար հարձակվելը հեշտ չի եղել: Մենք ունեցել ենք մարտական ուժի, տեխնիկայի պակաս: Կենտրոնացրել ենք մեր ուժն ու կորովը, մարտական ոգին և հակահարձակ եղել: Հաղթել ենք, որովհետև եղել ենք ուժեղ:

Այս անգամ ավելի ընդգրկուն էր միջոցառումը և բազմամարդ: Մասնակցում էին հյուրեր, ազատամարտիկներ, երիտասարդներ, զոհվածների ընտանիքների անդամներ, ինչպես նաև կուրսանտներ կրթահամալիրներից:

Միջոցառմանը, (որը, ի դեպ, տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ից 15-ը) հրավիրված էին նաև մարտարվեստի մասնագետ-ուսուցիչներ ավելի քան 11 երկրներից: Սա եզակի երևույթ էր, երբ արտերկրից մարտարվեստի մասնագետներ են հրավիրվում և ծանոթանում հայկական մարտարվեստի գաղտնիքներին:

Հրավիրվածների թվում էր նաև մեր հայրենակից Լևոն Մոսինյանը, որն այժմ բնակվում է Ամերիկայում և տեղի գաղթօջախում մարտարվեստ է ուսուցանում հայազգի ներկայացուցիչներին:

Լևոն Մոսինյանի խոսքը ուշադրությամբ էին լսում ազատամարտիկները, Գևորգյան մարտարվեստի դպրոցի սաները, ինչպես նաև մեր ռազմական կրթօջախի սաներն ու կուրսանտները: Լևոն Մոսինյանը սիրով և համեստորեն պատասխանում էր իրեն տրված հարցերին:

-Իմ գլխավոր նպատակը եղել է այն, որ ապացուցեմ, որ կարելի է ուժեղ լինել առանց նեղելու թույլերին, այսինքն` դաստիարակել սաներին մարդ լինելու մեծագույն արվեստը:

Մարտական արվեստի մասնագետը, որը կատարելագործվել է տարիների ընթացքում, գիտի՝ ինչ բան է լռելը, ինչ բան է լսելը, ինչ բան է մտքի մեջ լռելը և ոչ թե շուրթերն իրար հպելը: Դրանք տարբեր բաներ են:

Ես կողմնակից եմ, որ այսօրվա մարտարվեստի, սպորտի խմբակները դաստիարակեն մարդկանց հոգու ներդաշնակություն: Դրա վառ օրինակներից է «Գևորգյան մարտարվեստի դպրոցը»- ասաց Լևոն Մոսինյանը:

Ի դեպ, Լևոն Մոսինյանը Արցախյան պատերազմի տարիներին Մերգելյան ինստիտուտում մարտարվեստ է պարապել 60 հոգանոց ինժեներ-մտավորականների հետ, որոնցից շատերը այնուհետև դարձան լավ մարտիկներ ու հրամանատարներ:

Ի դեպ, Լևոն Մոսինյանը եղել է Գևորգ Գևորգյանի ուսուցիչը, որն իր հարգանքն ու երախտագիտությունը հայտնեց՝ մարտարվեստի դպրոցի ուսուցիչների սենյակը անվանակոչելով Մեծ ուսուցչի անունով, ինչպես նաև դպրոցի տնօրինության կողմից շնորհակալագիր և ոսկե մեդալ հանձնելով Լեւոն Մոսինյանին:

-Մասնագիտությունից ելնելով՝ իմ պատերազմը տարվում էր ներաշխարհում` մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելով, դաստիարակելով: Սա էլ մի ուրիշ պատերազմ էր, որը չէր արժեւորվում շատերի կողմից, և առաջինը Գևորգ Գևորգյանն էր, որ արժանացրեց ուշադրության, շնորհակալ եմ,- ասաց ուսուցիչը, ապա ավելացրեց.

-Կա հայրենասիրություն, որը տեսանելի է, և կա հայրենասիրություն, որը տեսանելի չէ: Տեսանելի հայրենասիրությունը ամպագոռգոռ է լինում: Իսկական հայրենասիրությունը այն է, երբ դու քո հայրենակցից չես բամբասում, որևէ մեկին չես ցածրացնում, որ դու բարձրանաս:

Անկախության տոնի առթիվ Լևոն Մոսինյանը ազատամարտիկներին և նրանց փոխարինած հայոց բանակի զինվորներին այսպես բարեմաղթեց.

-Արցախյան պատերազմի ազատամարտիկները սխրանքներ գործեցին, և ես դրան գոհունակությամբ եմ նայում, քանի որ նման սխրանքները հիմք հանդիսացան, որ Հայաստանը լիներ ազատ եւ անկախ: Դրա համար մտովի շնորհակալ եմ նրանց: Առողջություն եմ մաղթում, թող նրանք օրինակ ծառայեն, սերմանեն հայրենասիրություն այն երիտասարդների մեջ, ովքեր չեն հասկանում դրա կարևորությունը:

Այսօրվա զինվորներին ցանկանում եմ բարձր գիտակցություն, խաղաղություն, հայրենասիրություն, մարտունակություն, հավատ, հույս, սեր:

Եվ այս ամենով մենք կհասնենք հոգու ներդաշնակության, որը տանում է մեծ հաղթանակների:

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Բանակ և հասարակություն


10/10/2013