Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՆՐ ՀՈՒՇԵՐ



Հայրենական մեծ պատերազմի վետերան Համազասպ Խաչատրյանը թեեւ պատկառելի տարիքի է, չէր զլացել, եկել հասել էր խմբագրություն, որ «Հայ զինվոր» թերթի միջոցով իր շնորհակալական խոսքը հայտներ բոլոր նրանց, ում շնորհիվ իրենց գյուղ Մալիշկայում հիմնովին նորոգվել էր Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Տպագրեցինք վետերանի շնորհակալական խոսքը, բայց նաեւ որոշեցինք զրուցել Մեծ հայրենականի թոհուբոհն անցած նախկին զինվորի հետ: Վետերանը հիշելու, պատմելու շատ բան կունենա: Ուզում է խոսել, պատմել, բայց ուշքն ու միտքը իր խաղողի այգին է:

-Գյուղում հիմա հազար անելիք կա, քանի դեռ օրերը տաք են, պետք է աշխատել: Դե լավ, մի քիչ կնստեմ, հա՛մ կհանգստանամ, հա՛մ էլ կզրուցենք,- ավելի շատ ասես ինքն իր առաջ արդարանալով` ասում է Համազասպ պապն ու ընկնում հուշերի գիրկը.

-Երբ սկսվեց պատերազմը, մեր Մալիշկա գյուղից կռիվ գնացին 467-ը, նրանցից 218-ը չվերադարձան: Այսօր ողջ են միայն 4-ը: Ես էլ, որ էսպես ոտքի վրա եմ, արագաշարժ, մարզիկ լինելուս շնորհիվ է: Մեր գյուղի պատերազմի եւ աշխատանքի վետերանների կազմակերպության նախագահն եմ,- ասում է հպարտ ու շարունակում:- Հաղթանակը մեզ հեշտությամբ չտրվեց, շատ մեծ կորուստներ ունեցանք: Ամեն անցնող օրը ինձ հեռացնում է պատերազմից, բայց այդ օրերի հիշողությունները չեն ջնջվում: Ես 10-րդ դասարանն էլ չէի ավարտել, որ կամավոր գնացի ռազմաճակատ: Սովորեցի կրտսեր հրամանատարների կարճաժամկետ դասընթացներում: Կրտսեր սերժանտ էի: Պատերազմական ամեն մի օրը լիքն էր դառնությամբ, ցավով: Բայց մի դեպք հատկապես խոր, անջնջելի տպավորություն է թողել: Վիսլա գետն էինք անցնում, նոյեմբեր ամիսն էր, գետն էլ՝ սառած-սառցակալած: Ռումբն ընկավ սառույցի վրա, ու մեր թնդանոթը մի վայրկյանում 7 զինվորի հետ սուզվեց- անցավ ջրի տակ:

«Մամա ջան»` գոռացի ես սարսափահար… ու անցանք, գնացինք: Մինչ օրս էլ հիշելիս նույն վախը, սարսափը, ցավը վերապրում եմ.. «Մայդանեկ» համակենտրոնացման ճամբար մտնելն էլ եմ լավ հիշում: Մեր վաշտի հրամանատարը Արտաշես Մանասյանն էր: Մենք 3-րդ դարպասով մտանք: Ֆաշիստներից մեկը թաքնվել էր տակառի մեջ, սպանեցինք ճաղատ ու գեր գերմանացուն, հետո բացեցինք ձեռքի ճամպրուկն ու քար կտրեցինք` մեջը ատամի ոսկե պրոթեզներ, վզնոցներ, ժամացույց, մատանի… մի զինվորական շինել էլ կար, օձիքի մեջ հայատառ նամակ էր` «Սոնա՛ ջան, տղայիս լավ կպահես»,- հուզվում է վետերանը, աչքերից արցունքներն արագ-արագ մաքրում ու շարունակում,- տեսնես ով էր գրել, ինչ ճակատագիր ունեցավ, Սոնան էլ ոնց մեծացրեց-պահեց տղային, միայն Աստծուն է հայտնի…

-Պատերազմ տեսած մարդու ամենաուրախ օրը հաղթանակի օրն է եղել,- վստահ ասում է վետերանը: Էդ լուրը ռադիոյով լսեցի, Մագդենբուրգ քաղաքում էինք: Ոնց էինք ուրախացել, ցնծում էինք: Բայց մեզ անմիջապես տուն չուղարկեցին: Մնացինք մասնակցելու անտառամաքրման աշխատանքներին: Հենց այդ ժամանակ էլ ավագ սերժանտի կոչում ստացա. մի փայլուն իր նկատեցի՝ լարերով ամրացված, ինձ շատ կասկածելի թվաց, զգուշացրի մեր ղեկավարներին, պարզվեց` բոլորս կզոհվեինք, եթե ժամանակին չմեկուսացնեինք այդ իրը:

…Որոշ ժամանակ անց արձակուրդ վերցրի ու եկա հայրենիք, 1948 թվականն էր, ոնց էի կարոտել գյուղը, մերոնց: Վաղ առավոտ էր, որ ոտք դրեցի մեր տուն: Մայրս բուրդ էր գզում, խառնվեց իրար: Մի լավ քեֆ արեցինք, ուրախացանք: Մեկ էլ քեֆի ժամանակ մեր գյուղի նախագահը բերում ու «սեւ թուղթս» է ցույց տալիս: Պարզվում է, որ երբ ստացել են, որոշել են չհանձնել մերոնց, մորս են խղճացել: Մտածել են` թող հույսով ապրի: «Սեւ թուղթը» մինչ օրս պահում եմ:

Ես զորացրվեցի 1950 թ.-ին, հետո սովորեցի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, ապա աշխատեցի որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Տարիներ անց գնացի, այցելեցի այն վայրերը, որտեղ կռվել էի: Ժամանակի ընթացքում շատ բան էր փոխվել: Հիշում եմ՝ Կաունաս քաղաքի եղբայրական գերեզմանոցում «յան» վերջավորությունով ազգանուններ էի փնտրում: Մի քանի անգամ էլ Մոսկվայում մասնակցել եմ Հաղթանակի շքերթին:

…Մեր գյուղը շատ եմ սիրում, հազար անգամ հնարավորություն եմ ունեցել ուրիշ տեղ ապրելու, բայց ինձ համար աշխարհում Մալիշկայից լավ անկյուն չկա: Մեկ-մեկ քաղաք եմ գալիս վետերանների հետ հանդիպելու, տարբեր գործերով: Մի օր Վերնիսաժ գնացի, տեսնեմ` մեդալները վաճառասեղանին դրված, ինչ մեդալ ուզես՝ կար: Քարացած կանգնել, նայում էի:

– Ուզո՞ւմ ես գնել,- հարցնում է վաճառողը, իսկ իմ սիրտը զայրույթից կտոր-կտոր է լինում.

-Ով է վաստակել, ով արյուն թափել, ով է վաճառում,-ասում եմ նեղված ու լաց եմ լինում:

-Մեդալներ շատ ունեմ, ամեն մեկը թանկ է ինձ համար, սրբություն, ու էս մեր մեծ աշխարհում ամեն ինչ չէ, որ կարելի է վաճառել- դառնությամբ ասում է պատերազմի վետերան Համազասպ Խաչատրյանը ու երկար-երկար լռում, հետո լուսավոր ու տաք ժպտում է, փորձում լավատեսական խոսքով թոթափել ամենքիս պատած մի շերտ դառնությունը.- Դժգոհ չեմ կյանքից, լավ կին ունեմ, կիրթ զավակներ, 8 թոռ, 14 ծոռ: Մեծի հարգն իմացող են, պատվով-նամուսով ապրում ենք: Մի թոռս էլ հիմա բանակում է ծառայում, որ մեր Հայաստանը խաղաղ լինի:

Ես` հին զինվորս, ուզում եմ ամբողջ աշխարհը խաղաղ լինի, մեր հողն ու ջուրն էլ մշակվի միայն արդար քրտինքով: Էհ, շատ մնացի խմբագրությունում, գնամ, այգիս ինձ է սպասում,- եւ երիտասարդի ավյունով ոտքի է կանգնում Համազասպ պապը, դռանը չհասած` շրջվում.

-Մալիշկայում եղե՞լ եք, անպայման եկեք, այգուս քաղցր խաղողը կճաշակեք: Բոլորիդ հրավիրում եմ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


10/10/2013