Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Գիտատեխնիկական խելակորույս առաջընթացի շնորհիվ օր օրի «փոքրացող» աշխարհում, երբ թվում է, թե ռազմական գաղտնիքներ այլևս չկան, դեռևս կարևորվում է արագ, հուսալի և պաշտպանված կապի խնդիրը: Եթե մի կողմից, օգտագործելով թվային տեխնոլոգիաների ընձեռած անսահման հնարավորությունները, մարդիկ ձգտում են կատարելագործել ու հակառակորդի համար անհասանելի դարձնել տեղեկատվությունը, ապա մյուս կողմից մշակվում են միջոցներ «փակ դռները» բացելու, անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու ուղղությամբ: Այսօր կապի արագության մասին խոսելը, թվում է, ավելորդ է, որովհետև ռազմական բոլոր ստորաբաժանումներն էլ զինված են հաղորդակցության տարբեր միջոցներով, իսկ գլխավորն այն է, որ մարտական խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կապն ապահովողներն ունենան մասնագիտական, մարտավարամասնագիտական պատրաստականության այնպիսի բարձր աստիճան, որ իմանան՝ տվյալ ինֆորմացիան ինչպե՞ս և կապի ո՞ր միջոցով տեղ հասցնել: Այսինքն՝ հրամայական պահանջ են դառնում հարուստ գիտելիքներն ու ծառայողական կարգապահությունը:

Ազգային բանակում մարտական խնդիրների ծավալով և փորձառությամբ զորատեսակի առաջատարը գնդապետ Գ. Մովսիսյանի հրամանատարությամբ գործող զորամասն է, որտեղ էլ եղանք մասնագիտական տոնի նախօրեին, զրուցեցինք հրամանատարի հետ և ստորաբաժանումների գործնական պարապմունքների ականատեսը եղանք:

-Զորամասի հրամանատարությունն ընդունել եմ այս տարվա մայիս ամսին,-ասաց գնդապետ Գ. Մովսիսյանը,-ծանոթացել եմ ուսումնական ծրագրին, կատարված աշխատանքներին: Նշեմ, որ ստորաբաժանումների ուժերով իրականացվում է մարտական հերթապահություն, որը գտնվում է հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ուսումնական տարին սկսելով մարտավարաշարային պարապմունքներով՝ զորամասի անձնակազմը հերթականությամբ կյանքի է կոչել ծրագրով նախատեսված միջոցառումները: Յուրաքանչյուր ստորաբաժանում միայն առաջին ուսումնական փուլի ընթացքում վեց անգամ դաշտային ելք է կատարել, որոնցից մեկը՝ մշտական տեղակայման վայրում, մյուսները՝ տարբեր ուղղություններով: Եվ ամեն անգամ իրականացվել են բազմաթիվ ուսումնական խնդիրներ: Ձմեռային փուլի ընթացքում մասնակցել ենք ԶՈՒ ԳՇ անցկացրած հրամանատարաշտաբային, ինչպես նաև զորամիավորումներում տեղի ունեցած մարտավարական զորավարժություններին: Կատարվել են հանկարծակի ստուգումներ տարբեր վարչությունների մասնագետների կողմից: Ասեմ նաեւ, որ վերջին շրջանում ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը, որոնց մեջ քիչ չեն կանայք: Փորձը ցույց է տալիս, որ կանայք իրենց ամենևին էլ վատ չեն դրսևորում: Նրանք, լինելով բարձրակարգ կապավորներ, իրենց հմտությունները համբերատարությամբ ու բարեխղճորեն փոխանցում են երիտասարդ զինվորներին, այսինքն՝ հմուտ ուսուցիչներ են, եթե կարելի է այսպես ասել: Քանի որ ես ինքս երկար ժամանակ ուսումնական զորամասի հրամանատար եմ եղել, լավ գիտեմ, թե կապավորներն առաջին հերթին ինչ պետք է յուրացնեն, ուստի պահանջում եմ, որ անկախ փորձից, ունեցած վաստակից ու որակավորումից բոլորը ամբողջովին տիրապետեն տեսական գիտելիքներին:

-Պարոն գնդապետ, գաղտնիք չէ, որ զորամասն առաջին հերթին համալրվում է ուսումնականի բովով անցած կապավորներով: Առիթ ունեցե՞լ եք ստուգելու ձեր նախկին կուրսանտների տեսական ու գործնական իմացությունները:

-Շատ լավ հարց եք տալիս/ ծիծաղում է/: ՈՒսումնականում բոլորին դեմքով և անուններով գիտեի ու բարեբախտաբար այստեղ զգում եմ կուրսանտներիս հարգանքը, որն արտահայտվում է նրանց ձգտմամբ՝ լինելու պարտաճանաչ, կարգապահ, անթերի: Ծառայության ընթացքում շատերի աշխատանքին եմ հետևել, բայց առանձին քննելու առիթ չի եղել, թեև իմ մտքով էլ է նման բան անցել: Հավանաբար ամփոփիչ քննություների ժամանակ կուրսանտներիս ստուգելու հնարավորություն կունենամ: Այժմ կազմակերպել ենք բարձրագույն կրթությամբ, ուսումնականում սովորած կրտսեր հրամանատարների քառասունհինգօրյա դասընթացներ, որոնց մասնակիցները քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում կստանան ավագի կոչում ու կնշանակվեն դասակի հրամանատարի պաշտոնում: Նշեմ, որ կանոնավորապես կազմակերպվում է նաև համազորային առարկաների ուսուցումը:

Խոսելով ընթացիկ ուսումնական փուլի խնդիրների մասին՝ գնդապետ Գ. Մովսիսյանն ասաց.

-Մարտական հերթապահությունը և ուսումնական պարապմունքները շարունակվում են ըստ մարտական պատրաստության ծրագրի: Հենց այս օրերին մեր որոշ ստորաբաժանումներ մասնակցում են զորամիավորումներից մեկի հրամանատարաշտաբային զորավարժություններին: Չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին նմանատիպ միջոցառումներ էլի լինեն: Մեր ստորաբաժանումները նույնպես կանցկացնեն զորավարժություններ ու ճամբարային հավաքներ: Անկեղծ ասած, ես մեր մասնագետների ունակությունների, նրանց՝ մարտական խնդիրները անթերի կատարելու պատրաստակամությանը ոչ մի կասկած չունեմ, բայց յուրաքանչյուր նոր հրամանատար պետք է ձգտի ինչ-որ նոր բան անել, ձեռքբերում գրանցել: Ես ուզում եմ, որ այս զորամասը ամեն ինչով զորատեսակի մեջ լինի առաջինը կամ առաջիններից մեկը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մասնագիտական պարապմունքներն անցկացվում են զորամասի ուսումնական հրապարակում: Այդ ժամերին բազմաթիվ ռադիոկայաններում անձնակազմերը մարտական խնդիրներ են կատարում, կատարելագործում կապավորի վարպետությունը:

Փոխգնդապետ Մհեր Մեսրոպյանի գումարտակի ռադիոկայաններից մեկի պետը սերժանտ Սաթենիկ Կիրակոսյանն է: Նրան էլ խնդրեցինք ներկայանալ, պատմել իր մասին.

-Արդեն տասնութ տարի բանակում եմ,- ասաց Սաթենիկը: Իսկ վերջին երկու տարին այստեղ եմ: Ինքնագովություն չլինի՝ հաճույքով եմ մասնակցում դաշտային ելքերին, ճամբարային հավաքներին, զորավարժություններին: Վերջին զորավարժության ժամանակ մեր կայանով ապահովել ենք հրամանատարական կետի կապը: Ինքս բավականություն եմ ստանում իմ աշխատանքից, երբ մանավանդ զգում եմ, որ պատասխանատու առաջադրանք եմ կատարում: Ինձ հետ ծառայող զինվորները շատ լավն են: Մասնագիտությանը տիրապետում են ամբողջությամբ, պարտաճանաչ են, կարգապահ: Բացազատման ժամանակ չեն թողնում, որ ես ֆիզիկական աշխատանք կատարեմ, իրենք են գործն անում: Ունեմ երկու հրաշալի տղաներ, որոնք իրենց զինվորական պարտքը պատվով են կատարել:

Սաթենիկի գործընկերներն են՝ եֆրեյտորներ, ավագ հեռախոսավար Արթուր Հակոբյանը, հեռախոսավար Տիգրան Հախվերդյանը և վարորդ շարքային Ռադիկ Հայրապետյանը: Արթուրը երկու ամիս առաջ է ուսումնականից տեղափոխվել այստեղ, նա բանակ է եկել ագրարային համալսարանն ավարտելուց հետո: Տիգրանն էլ ԵՊՀ ուսանող է, ավելի շատ է ծառայել ու, ինչպես ինքը նշեց, բազմիցս մասնակցել է դաշտային ելքերի, զորավարժությունների:

♦♦♦

Ռ-142 ռադիոկայանի վրա նորոգման աշխատանքներ էին: Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արկադի Հովհաննիսյանի ղեկավարությամբ վարորդներ, շարքայիններ Աշոտ Հովհաննիսյանը, Աշոտ Սարգսյանը և Արթուր Մանուկյանը, նոր ներկված մեքենային պակասող հանգույցներն ու մասերն էին խնամքով տեղադրում:

-Տղերքս ոսկի են, գործն էնքան հավեսով են անում, որ քեֆդ գալիս է,-ասաց մայոր Ա. Հովհաննիսյանը:

♦♦♦

Հաջորդ՝ Ռ-142 ռադիոկայանում դարձյալ փոխգնդապետ Մ. Մեսրոպյանի գումարտակի զինվորներն էին` կայանի պետ, սերժանտ Արամ Սաքեյանը և ավագ ռադիոհեռախոսավար, կրտսեր սերժանտ Արտաշես Լոքյանը:

-Ես մյուսներից տարիքով մեծ եմ, քսանչորս տարեկան,-իմ կասկածը հաստատեց Արամը:-Ապրել ենք Ղազախստանում, սովորել եմ այնտեղի պետական տնտեսագիտական համալսարանում, ավարտելուց հետո եկել եմ ծառայելու մեր բանակում: Արդեն յոթ զորավարժության եմ մասնակցել:

-Ես Ջավախքի Թորիա գյուղից եմ, այժմ ընտանիքով ապրում ենք Վանաձորում, սովորում եմ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում, ծառայությունից չեմ նեղվում: Կապավորի գործը բարդ է, պատասխանատու, բայց հենց որ սովորեցիր, ամեն ինչ հեշտ է դառնում:

♦♦♦

Ուսումնական հրապարակի մեկ այլ տեղամասում ռադիոկայանի վրա պարապում էին կայանի պետ, սերժանտ Հովհաննես Սարոյանը, հեռախոսավար, շարքային Նաիրա Սիրունյանը: Նրանց հետ էր նաև վարորդ, շարքային Ռոմիկ Սողոյանը: Հ. Սարոյանը փորձառու զինվորական է, որպես պայմանագրային ծառայել է առաջնագծի զորամասերից մեկում, իսկ վերջին երեք տարիներին արդեն այստեղ է: Նաիրան թեեւ վեց ամիս առաջ է ընդունվել ծառայության, բայց արդեն մասնակցել է դաշտային ելքի և զորավարժության:

♦♦♦

Կայանի ներսում դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռուբեն Ստեփանյանն էր ավագ մեխանիկ, շարքային Արման Թևոսյանի հետ, մեքենայի վարորդը շարքային Սերյոժա Մարտիրոսյանն էր: Կայանն իր անձնակազմով լավագույններից է զորամասում:

♦♦♦

Մասնագիտական տոնը ձեռքբերումներով են դիմավորում դասակի հրամանատար, լեյտենանտ Մխիթար Ալավերդյանը և վաշտի ավագ, ավագ Կարեն Զալյանը, կայանի պետ, ենթասպա Արա Ասատրյանը: Լեյտենանտ Ալավերդյանը սովորել է ճգնաժամային կառավարման ակադեմիայում, հետո մասնակցել է կապավորի դասընթացների, ծառայել է ՀՕՊ զորամասում, տեղափոխվելով այստեղ՝ իր դասակով հիմնականում մարտական հերթապահություն է իրականացնում:

-Ուզում եմ նշել իմ դասակի զինվորներից կրտսեր սերժանտ Գարիկ Գալոյանի, շարքայիններ Հրանտ Բեգլարյանի, Սարգիս Զարինյանի բարեխիղճ ծառայությունը: Նրանք պարտաճանաչ ու բարձր որակավորում ունեցող զինվորներ են և անում են ամեն ինչ, որ առաջադրանքները ճիշտ ժամանակին եւ անթերի կատարվեն,-ասաց լեյտենանտը:

Ենթասպա Ա. Ասատրյանը նույնպես առաջնագծում մարտական հերթապահություն է կատարում:

– Պատասխանատվությունը մեծ է, աշխատում ենք բացթողումներ չունենալ:-

♦♦♦

Հանդիպեցինք նաև ռադիոկայանի կապավորներ, պետ, կրտսեր սերժանտ Նարեկ Գրիգորյանին, ավագ հեռախոսավար, եֆրեյտոր Համլետ Մխիթարյանին, վարորդ, շարքային Կամո Հարությունյանին: Պարզվեց՝ կապավորները նույնպես բանակ են եկել ուսումն ընդմիջելով: Նարեկը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է, իսկ Համլետը՝ տնտեսագիտական համալսարանի: Կամոն էլ զորամասի լավագույն վարորդներից է: Նա անցած տարի մասնակցել է ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և արժանացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թանկարժեք նվերին:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Կապի շարժական հանգույցի վաշտի հրամանատար, կապիտան Հովհաննես Զեյնալյանը ծնվել է Արմաշում: Դպրոցն ավարտելուց հետո 1989թ. ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1994թ. ավարտել է արդեն անվանափոխված ճարտարագիտական համալսարանի ռադիոֆակուլտետը եւ նույն տարում էլ զորակոչվել է բանակ, սակայն մինչև վերջ չի ծառայել, զորացրվել է ընտանեկան պայմանների պատճառով` ըստ այն ժամանակվա օրենքի: Երեք տարի ՆԳ համակարգում ծառայելուց հետո տեղափոխվել է բանակ: Ամուսնացած է, ունի երկու որդի, որոնցից մեկն արդեն ծառայել է, մյուսը ուսումնական զորամասի կուրսանտ է: Ներկայացնելով ուսումնական գործընթացը՝ կապիտան Հ. Զեյնալյանն ասաց.

-Վաշտը մասնակցում է բանակում տեղի ունեցող բոլոր մեծ զորավարժություններին: Ուսումնական ծրագրով դեռևս ունենք դաշտային ելքեր, մարզումներ: Համալրումը կատարվում է ուսումնականից, ուղիղ զորակոչերի միջոցով, ինչպես նաեւ՝ պայմանագրայիններով: Ե՛վ սպաները, ե՛ւ զինվորները պարապմունքներից հետո պարտադիր զբաղվում են ինքնակրթությամբ, հարստացնում են տեսական գիտելիքները, ինչը նաև հրամանատարի պահանջն է: Բազմաթիվ կարևոր միջոցառումների ընթացքում մեր վաշտը ցուցաբերել է բարձր մարտական պատրաստականություն, և ես վստահեցնում եմ, որ այսուհետև բոլոր մարտական խնդիրները կկատարվեն հաջողությամբ:

Մենք նույնպես վստահ ենք, որ մեր կապավորներն ունեն մասնագիտական հարուստ գիտելիքներ ու գործնական աշխատանքում դրանք կիրառելու անհրաժեշտ փորձ եւ հմտություն: Այնուամենայնիվ, կապի միջոցները պետք է ճիշտ օգտագործել՝ միշտ հիշելով, որ տեղեկատվության արտահոսքի մեծ մասը կատարվում է օր օրի ավելացող կապի միջոցների անհարկի գործածումից` համակարգիչներ, բջջային հեռախոսներ: Այս մասին պետք է հիշենք բոլորս, ոչ միայն կապավորները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
լուսանկարները հեղինակի

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/09/2013