Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԱՅԸ



Մի քանի ամիս էր, ինչ գյուղում օմօնականների հենակետ էր ստեղծվել։

Տներից շատերում արդեն թուրքեր էին բնակվում։ Նույնիսկ գյուղապետ կար։ Տաք աշուն էր. այգիների ծառերը բերքի տակ կռացած, մառանները լիքը։ Վայելքի մեջ էին։ Սակայն մեկ շաբաթ առաջ թուրք գյուղապետի անդորրը խանգարվեց։ Բեղ-մորուքի մեջ կորած մի հայ գիշերը տիրավարի ներս մտավ։ Ինքը խռմփալով, փնչացնելով քնած էր։ Ավտոմատի փողը ճակատին դեմ արեց, բզեց։

-Շուքյուր,- ասաց, անունն էլ գիտեր,- քեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս։ Ասլաններիդ կառնես, ռադ կլինես։ Էս գյուղը հայերինն է։ Էս տունն էլ, որ ապրում ես, զոհված եղբորս տունն է։

Հայի տեսքը սարսափելի էր` ավտոմատն ուսից կախ, աչքերը, մթության մեջ, գայլի աչքերի նման փայլում էին։ Գյուղապետի սիրտը դող ընկավ։ Հայը տեսավ, որ լեզուն կապ է ընկել, սիրտ տվեց։

-Շալվարդ մի լցրու, հիմա քեզ ձեռք չեն տալու։ Բայց եթե մի շաբաթ հետո այստեղ տեսա, չնեղանաս։ Գիտես` հայերն իրենց խոսքի տեր մարդիկ են□

Մինչ Շուքյուրը չարչարվում էր բացել կապ ընկած լեզուն, սարսափելի հայն աննկատ չքացավ գիշերվա խավարում։ Նրա գնալուց հետո գյուղապետը չկարողացավ աչք կպցնել, չէր կարողանում կողմնորոշվել` երա՞զ էր տեսել, թե՞ տեսածն իրականություն էր։ Աչքի առջեւ հայի բեղ-մորուքի մեջ կորած դեմքն էր, մութ տան խավարի մեջ` գայլի աչքերի նման փայլող աչքերը։

Մեկ շաբաթ տառապում էր, գիշերները չէր կարողանում քնել։ Հենց աչքը կպցնում էր, թվում էր, թե մեկը շրջում է բակում` սարսափահար վեր էր թռչում։ Յոթերորդ օրը լրանում էր հայի դրած պայմանաժամը։ Շուքյուրը գնաց օմօնականների հրամանատարի մոտ, խնդրեց, աղաչեց, որ մի քանի զինվոր տա։ Ծիծաղեցին նրա սարսափի վրա, բայց գյուղապետը հրամանատարի ոտքերն ընկած խնդրում էր։ Ճարը կտրած՝ խոստացավ հայերից մնացած հավերից մի քանի հատ մորթել։

Եվ ահա յոթերորդ գիշերը օմօնականները նստած գյուղապետի տանը, քեֆ էին անում։ Հայի մառանից հանած թթի օղին եւ եփած հավերը մինչեւ լույս կհերիքեին։ Ինչքան խմում, այնքան լկտիանում էին` ձեռք առնում ոչ միայն հայերին, այլեւ գյուղապետին եւ նրա սարսափը։ Գիշերվա հետ ներսի անհանգստությունն ու վախը մեծանում էր, վերածվում խուճապի։ Իսկ օմօնականներն անհոգ ուտում էին, օղին խմում եւ զազրախոսում հայերի խեղճության մասին։

Արդեն գիշերվա կեսն էր, բայց հայը չկար։ Երկու ժամը մեկ բակում հերթապահող զինվորները տրտնջալով, չցանկանալով էին փոխում միմյանց։ Շուքյուրը, վախը փարատելու համար, սկսել էր ինքն էլ խմել։ Ուզում էր հարբել, գիտակցությունը կորցնել, չզգալ, թե երբ է լույսը բացվում։ Բայց ժամանակը դանդաղել էր, գիշերը երկարում էր։

-Հայերն եկա՜ն□- կանչում էր հարբած զինվորներից մեկը, եւ բոլորը միասին հռհռում էին։

-Հայերին քշելու ենք մինչեւ Երեւան□ Երեւանն էլ ենք գրավելու□ Երեւանի գեղեցիկ կանանց էլ ենք գրավելու□ Եթե կուզես, քեզ համար մի ջահել կնիկ կբերենք□- եւ ծիծաղում էին։

Իսկ Շուքյուրը չէր կարողանում հարբել։ Նա տեսել էր հային։ Այդ սարսափելի, անվախ, հանդուգն դեմքն աչքերի առջեւից չէր հեռանում։ Գիշերային խավարի մեջ գայլի աչքերի նման փայլող աչքերը հետապնդում էին։ Չնայած օմօնականներից մեկն անընդհատ հերթապահում էր, բակում եւ դրսի ականակիտ խավարում ոչինչ չէր երեւում, բայց նա պատուհանից հաճախակի դուրս էր նայում։

Կեսգիշերը վաղուց էր անցել։ Հարբած օմօնականները հազիվ էին կանգնում ոտքի վրա։ Նրանք այդպես էլ չիմացան, թե ինչպես բակում հսկող զինվորն ընկավ գետնին։ Միայն սթափությունը ոչ մի կերպ չկորցնող գյուղապետը ներքին զգացողությամբ զգաց մոտեցող վտանգը։ Կարծես օդն էլեկտրականացավ։ Բակի լռությունը մի տեսակ խտացավ։ Խավարը կուլ տվեց գյուղի գիշերային աղմուկը։ Մեռնող աղմուկի միջից լսվեց աքլորների կանչը։ «Փառք ալլահին,- մտածեց գյուղապետը,- արդեն լուսաբացը մոտ է»։ Հենց այդ պահին պատուհանի փշրվող ապակու ձայնը ապտակի նման շրխկաց նրա ականջների մեջ։ Նայեց եւ տեսավ սարսափելի հայի բեղ-մորուքի մեջ կորած դեմքը։ Ժպտում էր։ Գայլի աչքերի նման վառվող աչքերը լուսարձակի պես լուսավորում էին։ Շուքյուրը ցանկանում էր ինչ-որ բան ասել հարբած օմօնականներին, բայց լեզուն, առաջին գիշերվա նման, կապ էր ընկել, ձեռքերն ու ոտքերը կաթվածահար էին եղել։ Վիշապի առաջ կանգնած զոհի նման սեւեռվել, անշարժ նայում էր ժպտացող հային։

Հայը ժպտալով նայում էր։ Օղուց թմրած օմօնականները չէին զգում գյուղապետի ողբերգությունը։ Մի քանիսը, արդեն չկարողանալով տիրապետել հարբեցողությունից թմրած մարմինների թուլությանը, փռվել էին ճռճռացող սեղանին։

-Ասի չէ՞, կգամ,- ասաց հայը։

Գյուղապետը խեղճացած գլխով արեց։ Լացը գալիս էր։ Եթե գոնե կարողանար լաց լինել, օմօնականները գլխի կընկնեին։ «Անասունի պես են,- մտածեց,- մենակ լակել գիտեն□ Բա չէիք հավատում□ Տեսա՞ք□ Դե, հիմա պատասխան տվեք□ Ձեռք էիք առնում□ Երեւան էիք գրավում□ Ձեր անասուն մերը□»։

-Շուքյո՛ւր,- ասաց սարսափելի հայը,- ես իմ խոսքի տերն եմ։ Եթե գնացած լինեիր, կներեի։ Բայց դու դեռ եղբորս տանն ես։ Մնացածներն էլ ուրիշ հայերի տանն են։ Դու չկատարեցիր մեր պայմանը։ Ես պարտավոր եմ ի կատար ածել դատավճիռը□

Թուրք Շուքյուրը համրացել էր։ Նորից, առաջին գիշերվա նման, միզում էր տակը։ Զգում էր, որ սարսափելի հայը նայում է իր խայտառակությանը, բայց անկարող էր տիրապետել իրեն։ Վիշապ օձի առջեւ հայտնված նապաստակի նման, սարսափից լայն բացված աչքերը հառել էր նրա դեմքին, անշարժացել։

Հարբած օմօնականներից մեկը, սթափվելով, շրջվեց, նայեց պատուհանի սեւ շրջանակի մեջ երեւացող դեմքին, տրորեց աչքերը, նորից նայեց եւ վայնասուն բարձրացնելով, վազեց դեպի ծալքի վրա դրված ավտոմատը։ Մնացածները նույնպես փորձեցին ոտքի կանգնել։ Մի քանի մետրի վրա հայտնված մահացու վտանգը նրանց հանել էր թմբիրից։

Հայը բարձր քրքջաց, ձեռքի նռնակը շպրտեց իրար խառնված թուրքերի մեջտեղը եւ, ճարպկորեն ցատկելով, կորավ այգու մթության մեջ։ Հաջորդ պահին լսվեց պայթող նռնակի դղրդյունը։ Օմօնականների ճիչերը ճղեցին քնած գյուղի լռության վարագույրը։

Սարսափելի հայը իրեն ծանոթ փողոցներով արագորեն հասավ գյուղի ծայրը։ Շները ոռնում էին։ Արթնացած օմօնականները վազում էին դեպի կրակի բոցերի մեջ հայտնված տունը։

Արդեն լույսը բացվում էր։ Հայը, իր դատավճիռը կատարած, արագ հեռանում էր…

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Հոգևոր-մշակութային


12/09/2013