Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՌՈԲՈՏԱՑՈՒՄ



ՌԴ ՊՆ 2013թ. օգոստոսին կայացած կոլեգիայի հերթական նիստը նվիրված էր մի քանի խոշոր խնդիրների, այդ թվում` ռոբոտ-տեխնոլոգիաների մշակմանը և տեղակայմանը մարտական զորքերում: Այն տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող զինված ուժերի 19-րդ փորձարկիչ հրաձգարանում (մարդկանց ավելի հայտնի է որպես պոլիգոն «Ռժևկա»): Հենց այստեղ գործողության մեջ կարելի էր և պետք էր տեսնել և վերլուծել այն ամենի արդյունավետությունը, որ այսօր պաշտպանական գերատեսչությանն առաջարկում են ռազմական արդյունաբերությունը և առաջատար կոնստրուկտորական ինստիտուտները:

Ռոբոտացված համակարգեր, որոնք հետազոտում և հայտնաբերում են թաքնված թշնամու թիրախները և կարող են հրահարված հասցնել: Մեքենաներ, որոնք կարող են հետազոտել նկուղները, քարանձավները, ավտոմեքենաների հատակը` պայթյունավտանգ նյութերը բացահայտելու համար: Մի մեծ ցանկ ինժեներական մեքենաներ՝ ականազերծման, մարտադաշտից վիրավորների կամ շարքից դուրս եկած սարքավորումների դուրս բերման համար: Վերջրյա ու ստորջրյա ռոբոտներ, որոնք կարող են հայտնաբերել և ոչնչացնել ծովախորշերում ու նեղուցներում թաքնված ականները և տորպեդները (ինքնաշարժ ջրաական), հարվածել թիրախները թշնամու ափին, տեղեկատվություն փոխանցել հրամանատարական կետ տեսածի ու հայտնաբերածի մասին: Եվ, իհարկե, անօդաչու թռչող սարքեր:

Գիտահետազոտական ինստիտուտների և պաշտպանական ձեռնարկությունների տնօրենները նշեցին, որ Կամբոջայում, Անգոլայում, Վիետնամում, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրներում հաջողությամբ փորձարկված ինքնավար ականաորսիչները և ռոբոտացված ականազերծիչները կատարելագործվել են, վերացվել են շահագործման ընթացքում հայտնաբերված կառուցվածքային թերությունները:

Բանակի և նավատորմի ղեկավարությանը ներկայացվեց ռոբոտատեխնիկական ԾՀ -002-ըթ057 համալիրը- որն իրականում փոքր տանկ է, եւ որի հարթակի վրա ֆիքսված է 12.7 մմ «Կորդ» գնդացիր, լազերային հեռաչափ, ջերմային և բալիստիկ հաշվարկիչ: Բացի այդ, համալիրն ունի հիդրավլիկ կայունացուցիչ:

Անմարդ հեռակառավարվող նավակ «Թայֆուն»-ը որոնում էր ջրավազանի հատակին խարսխային ականի նմանակիչը: Մոնիտորի վրա, որը դրված էր ղեկավարության վրանում, երևում է ինչպես «Գնոմ» հեռակառավարվող ստորջրյա սարքը օպտիկաէլեկտրոնային միջոցներով հայտնաբերում է ականը և ափից տրվող հրամանի համաձայն (որը կարող է փոխանցվել 7 մղոն հեռավորությունից) ականի վրա իջեցնում է պայթեցման սարքը, ապա հետ է քաշվում անվտանգ հեռավորության վրա և պայթեցնում «թշնամու» արկը:

Ռոբոտատեխնիկայի զարգացման հարցերին նվիրված զեկուցումով հանդես եկած պաշտպանության փոխնախարար, գեներալ – գնդապետ Օլեգ Օստապենկոն նշեց՝ «առաջատար երկրների բանակներում ինտենսիվ աշխատանքներ են կատարվում մարտական ռոբոտ համակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ»: Այժմ աշխարհում կիրառվում են ավելի քան 27000 ռոբոտատեխնիկական համակարգեր:

Գեներալ – գնդապետը ներկաներին հիշեցրեց, որ արևմտյան բանակներում «մշակված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք համալրված են տեխնիկական սպասարկման ռոբոտացված միջոցներով ու համակարգերով»: Ըստ փոխնախարարի, մինչև 2020 թ. նախատեսվում է ԱՄՆ զինված ուժերում մարտական մեքենաների ընդհանուր կազմում անանձնակազմ միջոցների մասնաբաժինը հասցնել 30%-ի»:

Դիմելով պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ Օստապենկոն նշեց, որ բանակում ու նավատորմում աշխատանք է կազմակերպվել հատուկ նշանակության ռոբոտացված տեխնիկայի ստեղծման նպատակային համալիր ծրագրի մշակման ու զարգացման ուղղությամբ: «Ծրագիրն այժմ ուղարկվել է զորքեր՝ համաձայնեցման»: Պաշտպանության նախարարն առաջարկեց, մասնավորապես, հաստատել տվյալ փաստաթուղթը և հաշվի առնել այն պետական պաշտպանական պատվերի իրականացման ժամանակ, կազմակերպել ռազմական նշանակության ռոբոտատեխնիկայի կիրառման հայեցակարգի մշակում, կազմակերպել ռոբոտատեխնիկական համակարգերի շահագործման մասնագետների պատրաստում: Սերգեյ Շոյգուն Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտությունների համալսարանի ռեկտոր Վլադիմիր Վասիլևի հետ ստորագրեց գիտական, տեխնիկական և կրթական համագործակցության համաձայնագիր: Համալսարանի ուսանողները հինգերորդ տարին անընդմեջ դառնում են ծրագրավորման աշխարհի չեմպիոններ: Պաշտպանության նախարարը շատ է ցանկանում, որ տղաներն սկսեն աշխատել երկրի պաշտպանության և ռազմական գերատեսչությանը ի շահ:

«Հուսով եմ, – ասաց Շոյգուն,- որ մեր շրջանավարտները բուհն ավարտելուց հետո կգան զինված ուժեր ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային ծառայության»:

ԲԱԳՐԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վ. Սարգսյանի անվ. ռազմ. ինստ. դասախոս
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ըստ «Նեզավիսիմոե վոեննոյե օբոզրենիե» թերթի

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ռազմական


12/09/2013