Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:

Սեյրան Օհանյանը առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Նա գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Նախարարը ծանոթացել է նաև սպաների համար կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:

Հաջորդ օրը` օգոստոստի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Մովսես գյուղի բնակիչներ:

Միջոցառման սկզբում հյուրերը ներկա գտնվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրու բացման արարողությունը: Այնուհետև Սեյրան Օհանյանը ծաղիկներ դրեց Մովսես գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր և պաշտպանության նախարարության կողմից ողջունելով և շնորհավորելով ներկաներին Մովսես գյուղի օրվա կապակցությամբ՝ Ս.Օհանյանը նշել է. «Խոսելով Մովսես գյուղի մասին՝ կարելի է մի քանի խորհրդանշական եզրակացություններ կատարել: Հազարամյա պատմություն ունեցող այս գյուղը շարունակել է պահպանել իր պատմական այն բոլոր ավանդույթները, որոնք բնորոշ են հայ ժողովրդին, բնորոշ են նրա պատմության շարունակականությանը, բնորոշ են պայքարին: Հենց դա է հնարավորություն տվել, որպեսզի Մովսես գյուղը միշտ լինի համախմբված դժվարագույն պայմաններում: Մովսես գյուղը այսօր մի յուրահատուկ ամրոց է, որը պահպանում է Տավուշի մարզի նշված տարածքը»:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում Մովսես գյուղի բնակիչների ներդրած ավանդի մասին՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ Մեծ հայրենականի տարիներին մովսեսցիներից 402 կամավորականներ մեկնեցին մարտադաշտ և իրենց ավանդը ներդրեցին մեր ընդհանուր հաղթանակի մեջ: «Ցավոք սրտի, նրանցից 207-ը չվերադարձան մարտի դաշտից: Նրանց օրինակի ու հերոսական կերպարի շնորհիվ է, որ մեր սերնդակից մովսեսցիներից 484-ը կռվեցին և իրենց մեծ ներդրումն ունեցան Արցախյան ազատամարտում: Նրանց անձնվիրության շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ պայմաններում ապահովել մեր սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խաղաղ արարումը»:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ Մովսես գյուղի բնակիչները կարող են համոզված լինել, որ իրենք այսօր միայնակ չեն: «Նրանց թիկունքում են իրենց բոլոր համագյուղացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր գտնվում են արտասահմանում, այնտեղ հաջողությունների են հասել և դրա հետ մեկտեղ աշխատում են օգտակար լինել իրենց հարազատ գյուղին»:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը Մովսես գյուղի մի շարք ազատամարտիկների պարգևատրեց գերատեսչական մեդալներով:

Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում նշեց, որ պաշտպանության նախարարությունն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների թիվը, քանի որ դրանով, բացի պաշտպանությունից, նաև սոցիալական խնդիրներ են լուծվում: «Իսկ սահմանների ինժեներական սարքավորման աշխատանքները լինելու են շարունակական, բանակը լինելու է զգոն, որպեսզի մարդիկ միշտ վստահ լինեն, որ մենք իրենց կողքին ենք»:

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/08/2013