Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ



Երթուղայինը սլանում է` փոշեպատ ճանապարհի հետեւում թողնելով արձակուրդիս մեկ ամիսը: Ես մտովի վերականգնում եմ այդ օրերի անցուդարձը, բայց Իսրայելի բանակի, ԱՄՆ տնտեսության, Սիրիական պատերազմի, Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի, աղջիկների ծառայության մասին ծավալված խոսակցությունն ստիպում է ինձ ետ նայել` տեսնելու ակտիվ զրուցողներին. երիտասարդ սպաներ ու զինվորներ են: Ուշադրությունս սեւեռում եմ «գլխավոր հերոսների» վրա` վերջում նստած երկու զինվորները նման են թվում: Մտածում եմ` հավանաբար դաշտային համազգեստն է պատճառը: Վարորդն արգելակում է եւ հայտարարում կեսժամյա ընդմիջում: Մոտենում եմ տղաներին, պարզվում է` զույգ եղբայրներ են: Ներկայանում եմ, առաջարկում զրուցել: Չեն մերժում, «քանի որ հաճույքով են «Հայ զինվոր» կարդում»:

Դավիթ եւ Գրիգոր Սեդրակյանները 19 ամսվա ծառայության փորձ ունեն: Տղաները մարտական խնդիր կատարող զորամասում են ծառայում: Զորամասի հրամանատարը՝ գնդապետ Կ. Իշխանյանը, նրանց խրախուսել է հնգօրյա լրացուցիչ արձակուրդով, քանի որ Դավիթը ճանաչվել է դիրքի լավագույն ավագ, իսկ Գրիգորը երբեք չի թերացել: Եվ ահա նրանք անակնկալ այցով մեկնում են տուն.

«Քաղաքում մեր ծնողներն են (դերասաններ Սամվել եւ Հրանուշ Սեդրակյանները), հարազատները, ընկերները, հարեւաններն ու համադասարանցիները: Բայց սահմանին հայրենիքի զգացողությունն է` հստակ եւ առարկայական, խրամատն է, որ կարծես վերջ չունի, միասնականության զգացողությունն է, միմյանց թեւ ու թիկունք մեր զինվոր ընկերներն են, բարեխիղճ սպաները: Մեկ-մեկ թվում է, թե նրանք միշտ եղել են մեր կյանքում, թե միշտ առավոտյան միասին ենք արթնացել, միասին վազել, հաց կիսել, սուրճ խմել, մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կանգնած թշնամուն վերահսկել: Ի դեպ, մեր դեմ-հանդիման դիրքավորված ադրբեջանական զինյալները խոցելի են. նրանք չեն հետեւում անվտանգության կանոններին, մարտական հերթապահության ժամանակ դիրքում քնում են, ուստի հաճախ կրակում են, ցույց տալու համար, թե իբր զգոն են, իսկ մենք այդ ամենը տեսնում, բայց այնուամենայնիվ երբեք նախահարձակ չենք լինում: Խրամախորշում կանգնած` ես հաճախ մտածում եմ ինձ հետ ծառայող տղաների մասին, մտովի վերլուծում եմ նրանց բնավորության գծերը, շատ նմանություններ եմ գտնում, հետո հպարտանում եմ նրանցով, որ քաջություն են ունեցել զինվորական համազգեստ կրելու… ու ծառայությունը նրանց կշիռ է տալիս»,-ասում է Գրիգորը:

Դավիթն էլ հետադարձ մի հայացք է նետում անցած ուղուն. «Ուսումնական գումարտակում ես նռնականետորդ էի, Գրիգորը` իմ օգնականը: Իրար շատ ենք օգնել. մինչ ես սափրվում էի, Գրիգորն իմ կոշիկներն էր մաքրում, հետո ես նրա զինվորական համազգեստն էի կարգի բերում: Սկզբից ամեն ինչ խորթ էր թվում, բայց հետզհետե ընտելացանք ծառայությանը: Այնուհետեւ սկսեցինք դիրքեր բարձրանալ: Զրահաբաճկոնը, սաղավարտը, մի քանի մետր հեռավորությունը հակառակորդից, հրամանատարների զգուշացումները, ձեռքիս զենքն ստիպեցին գիտակցել ծառայության ողջ լրջությունը: Այժմ ես դիրքի ավագ եմ, սերժանտի կոչում ունեմ: Լինել զգոն, պարտականությունները կատարել լիարժեք եւ բարեխղճորեն, ամրապնդել ընկերությունը, հարգել միմյանց եւ հրամանատարներին, գիտակցել անձնական պատասխանատվությունը` այս եմ խորհուրդ տալիս ինձ հետ ծառայող տղաներին: Ես կարեւորում եմ հրամանատարների դերը զինվորական կարգապահության ապահովման եւ ամրապնդման գործում, ինձ համար իսկական հրամանատարը նա է, ով հոգու խորքում նաեւ զինվոր է: Այդպիսի հրամանատարը միշտ հարգված է եւ կարողանում է առողջ փոխհարաբերություններ կառուցել: Այդպիսին է մեր վաշտի հրամանատարը` կապիտան Կարեն Փարսիլյանը. նա մեզ հետ վազում է, ձգումներ կատարում, մարզվում, ճաշարանում մեզ հետ է ճաշում, իրեն երբեք չի առանձնացնում: Նա իր գործունեությամբ եւ վարքով օրինակելի է: Մեր հրամանատարներից ես շատ բան սովորեցի, այժմ այլ կերպ եմ գնահատում կյանքն ու նայում իրերին, ծառայությունը ինձ սովորեցրեց լինել ինքնուրույն, համառ եւ ազնիվ: Այստեղ նաեւ հասկացա, որ ուզում եմ լուսանկարչություն սովորել: Կուզեի լուսանկարել մարդկանց դեմքերը, քանի որ ինձ մարդն է հետաքրքրում` նրա էությունը, տրամադրությունը, գեղեցկությունը: Այս ընթացքում ես սկսեցի սիրել, վստահել, գնահատել մարդուն»…

Մեքենայի ազդանշանն ընդհատում է զրույցը: Տեղավորվում ենք մեր նստատեղերում եւ շարունակում ճանապարհը դեպի քաղաք, որի խաղաղ առօրյան երաշխավորում են 19-ամյա Դավիթը, Գրիգորը եւ նրանց ընկերները:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն


15/08/2013