Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԵՏՄԱՀՈՒ



Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու Մարտական ծառայության մեդալի արժանացած ժամկետային զինծառայող, շարքային Ազնաուր Վեհարի Առաքելյանի պարգևը Ստեփանավանի քաղաքապետարանում հանդիսավոր պայմաններում նրա ծնողներին հանձնեց տարածաշրջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյանը։

Մարտական հերթապահության ժամանակ դարանակալ թշնամու գնդակից զոհված հայորդու ծնողներին կառավարական պարգևի հանձնման արարողությանը ներկա էին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վռամ աբեղա Ղազարյանը, զինվորի հարազատները, հասարակայնության ներկայացուցիչներ։

Միջոցառումը տերունական աղոթքով բացեց Տեր Վռամ աբեղա Ղազարյանը, որից հետո խոսք ասաց զինվորական կոմիսար, փոխգնդապետ Ս.Ղուբաթյանը.

-Ձեր որդին` Ազնաուր Առաքելյանը, զոհվեց Հայրենիքի առաջ իր որդիական պարտքը կատարելիս, և այս բարձր պարգևը, որ այսօր պատիվ ունեմ հանձնելու ձեզ, վկայում է, որ հանուն հայրենիքի զոհված ոչ մի հայորդու սխրանք աննկատ չի մնում։

Այնուհետև Ազնաուրի մասին հիշողություններ պատմեցին երկրորդ միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիա Հարությունյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Ամիրխանյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ Հովիկ Մելիքյանը։ Բոլորի հիշողության մեջ Ազնաուր Առաքելյանը մնացել է որպես դաստիարակված, ազնիվ, ընկերասեր և հայրենասեր, մարդկային վեհ նկարագրի տեր հայորդի, որը միշտ աչքի է ընկել ոչ միայն իր բնատուր ֆիզիկական տվյալներով, այլև դժվարության պահերին մշտապես ընկերների և առհասարակ թույլերի կողքին լինելու ձգտումով։

Միջոցառման ավարտին զինվորի հարազատները, զինվորական կոմիսարի և զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, կապիտան Արմեն Էլոյանի ուղեկցությամբ այցելեցին և ծաղիկներ դրեցին նրա շիրմին։

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն


15/08/2013